Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող երկու թեւերը պետք է միանան իրար, պետք է լինի մեկ ճակատ եւ մեկ ուղերձ
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության՝ հոկտեմբերի 2-ին կազմակերպած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա իր ելույթի ընթացքում նկատեց, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց թիվը շատ չէ, ըստ նրա՝ դա հենց ճակատի մեղավորությունն է, քանի որ ընդդիմությունը միասնական չէ: Ըստ նրա՝ պետք է մեկ միասնություն, ընդդիմությունը պետք է մեկ ճակատով հանդես գա. «Քիչ ենք, որովհետեւ կարծում եմ այլ ուղերձ է պետք հասարակությանը, եւ հասարակությունը չեմ կարծում հետաքրքրված է սահմանադրական փոփոխություններով, հանրությունը մեկ խնդիր ունի լուծելու՝ փոփոխությունները: Փոփոխությունները վերից վար, որը պետք է սկսվի իշխանափոխությունից, իսկ իշխանափոխությունը առանց միասնության հնարավոր չէ»:
Նա հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող երկու թեւերը պետք է միանան իրար, պետք է լինի մեկ ճակատ եւ մեկ ուղերձ: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ հասարակությունը պատրաստ կլինի պայքարելու, երբ տեսնի միասնություն. «Հայաստանի շուրջը բարդագույն աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվում եւ Հայաստանը կարող է դուրս գալ հաղթած, երբ մենք կունենանք հասարակություն, որը կվստահի իշխանությանը, երբ մենք կունենանք արդարություն, նորմալ բարոյաքաղաքական իրավիճակ, հակառակ պարագայում մենք չենք կարողանալու այդ մարտահրավերներին պատասխանել: Այս հարցը պետության լինելիության հարթության մեջ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ