«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր անսովոր իրարանցում էր՝ պատրաստվում էին հերթական մշակույթի գործչի հետ հանդիպմանը: Ռոյալի վրա շարված դատարկ շշերից կարելի էր կռահել՝ ով է նա: Մինչ հյուրը կգար, երիտասարդներից մեկը ձայնեց՝ «պզդիգ զինվո՜ր»…ամեն ինչ պարզ էր՝ օրվա հերոսն Արտո Թունջբոյաջյանն է՝ Armenian navy band խմբի հիմնադիր, հարվածային գործիքների հայտնի վարպետ: Հանդիպման հյուրերից էին նաեւ դաշնակահար Վարդան Հովսեփյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, որոնք Թունջբոյաջյանի հետ հանդես են գալիս տրիոյով:
Նախ` ներկայացվեցին երաժիշտների անցած ճանապարհն ու ձեռքբերումները: Միկրոֆոնի ձայնը «շշի մեջ փչելու տեխնոլոգիայով» փորձելուց հետո՝ Արտո Թունջբոյաջյանը համեստորեն չանդրադարձավ ձեռքբերումներին՝ ասելով. «Արվեստի մեջ շահել չկա, արվեստը սպորտ չի: Ստեղծագործելը սահման չունի, ինչպես ժամանակը»:
Տրիոն ստեղծվել է երեք տարի առաջ, երբ երաժիշտները ԱՄՆ-ում էին. «Լոս Անջելեսում փորձնական նվագելուց հետո հասկացանք, որ պետք է գործակցենք: Նախորդ տարվանից ձայնասկավառակ ենք ձայնագրում: Վերջերս էլ Բեռլինյան փառատոնի ժամանակ ենք նվագել»,-պատմեց Արտյոմ Մանուկյանը: Նա ելույթներ է ունեցել Լոնդոնում, իսկ վերջերս նվագել Սթիվի Ուոնդերի հետ. «Նա եկել էր սուրճ խմելու, ուզեց նվագել մեր հետ: Ավել ոչինչ չկա»,-ասաց Արտյոմը՝ նկատի ունենալով սոցցանցերում հայտնված չափազանցված մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու Արտո Թունջբոյաջյանը Մարզահամերգային համալիրում համերգ չի տալիս: «Զուգարանում էլ կարող ենք նվագել, մի հոգու համար էլ կարող ենք նվագել՝ այնպես, ինչպես կնվագեինք մեկ միլիոն մարդու համար: Բայց չէ որ դա կազմակերպել է պետք: Մենք չենք կարող նստել ու սպասել, որ Համալիրում համերգ կկազմակերպեն»,-պատասխանեց նա:
Խոսելով հայի կերպարից եւ հայրենիքի հանդեպ սիրուց՝ երաժիշտն ասաց. «Պուլտով հայրենասիրություն չի լինում: Խիղճ, սեր, ճշմարտություն, հայրենիքին ծառայություն: Դրանք են հայի հատկանիշները: Դա հիմա, իսկ թե հետո ինչ կլինի՝ հայրենիքը բոբոներուն պիտ թողենք՝ երթա…»:
Հավելենք, որ դեկտեմբերին տաղանդաշատ երաժիշտների տրիոն համերգներ կունենա Հայաստանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ