Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բացվեց քննադատության արժանացած Կուրսկի հրապարակը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2015 18:00

Այսօր ՌԴ Կուրսկի մարզի 16 հոգուց բաղկացած պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվեց այն հրապարակը, որ մեկ ամիս առաջ Գյումրու ավագանու որոշմամբ անվանել էին Կուրսկի անվան հրապարակ եւ որը հենց ռուսական անվան համար մեծ քննադատության էր արժանացել ֆեյսբուքյան օգտատերերից շատերի կողմից:

Կուրսկի պատվիրակության կազմում էին Կուրսկի փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովան, Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան, այդ մարզից ընտրված պատգամավորներ, լրագրողներ, պաշտոնաթող գեներալներ եւ Կուրսկի հայ համայնքի ղեկավար Դերենիկ Կոշտոյանը, որի հանգուցյալ հոր նախաձեռնությամբ ստեղծվել է Կուրսկի անվան հրապարակը:

PrevPhoto
NextPhoto

Դերենիկը Կուրսկի շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարն է, շարունակում է իր հոր՝ Ալեքսան Կոշտոյանի գործը: Վերջինս 2014 թվականին հուլիսին առաջարկել էր հայ ու ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հանգստյան գոտի կառուցել Գյումրիում, սակայն մահացել է՝ չհասցնելով տեսնել այն: Կուրսկի հրապարակը կառուցելու նպատակով Գյումրու ավագանին ՌԴ հայերի միության Կուրսկի ստորաբաժանմանը տրամադրել է 10 հազար քառակուսի մետր:

Պատվիրակությունը նախ հյուրընկալվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ, մարզպետը ներկայացրեց Գյումրու պատմությունը, ցույց տվեց, որ ինքը հրաշալի տիրապետում է Կուրսկի պատմությանը:

Կուրսկի փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովան իր հերթին ներկայացրեց Կուրսկի պատմությունը, ասաց, որ 13 հազար հայեր են բնակվում այնտեղ, որոնք ընդգրկված են տարբեր ոլորտներում, շինարարության մեջ, զբաղվում են բարեգործությամբ: Շիրակի մարզպետին հրավիրեցին մասնակցելու Կուրսկում նախատեսված տնտեսական ֆորումին, հանրահայտ Կուրսի տոնավաճառին: Փոխնահանգապետը հիշեցրեց Կուրսկի ճակատամարտի մասին, ասաց, որ իրենք հաղթանակ են տարել ֆաշիստական Գերմանիայի դեմ:

Շիրակի պատմաբան մարզպետն էլ իր հերթին Կուրսկի պատվիրակությանը հիշեցրեց, որ 30 հազար հայեր են մասնակցել Կուրսկի պաշտպանությանը:Նա ասաց, որ Կուրսկի ճակատամարտի ժամանակ բանակի հրամանատարը Հովհաննես Բաղրամյանն էր, հիշեցրեց մարշալներ Բաղրամյանի ու Բաբաջանյանի մասին:

Այնուհետ պատվիրակությունը եղավ Գյումրու քաղաքապետարանում, որտեղ տարբեր ոլորտներում համագործակցելու հուշագիր ստորագրվեց Գյումրու քաղաքապետի հետ: Այստեղ խոսվեց նաեւ Կուրսկում հայկական եկեղեցի կառուցելու մասին;

Այնուհետ վերջիններս շտապեցին Գյումրու Բուլվարային թաղամաս՝ Կուրսկի հրապարակը հանդիսավորությամբ բացելու:

Կուրսկի անվան հրապարակի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գյումրու ու Կուրսկի քաղաքապետերին ու նաեւ Դերենիկ Կոշտոյանին: Ելույթներ ունեցան Շիրակի մարզպետը ու Կուրսկի փոխնահանգապետը: Ելույթները Կուրսկի ճակատամարտին մասնակցած գյումրեցիների, հայ-ռուսական բարեկամության, Ալեքսան Կոշտոյանի մասին էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031