20-րդ դարի վերջին Արցախի հետ վերամիավորման պայքարը դարձավ հայության նոր զարթոնքի գլխավոր խթանը: Պայքարի բովում համախմբված հայ ժողովուրդը, առավելագույնս ներդնելով իր բոլոր կարողությունները, ժամանակի մարտահրավերները դիմավորեց ինքնիշխանության վերականգման խորը գիտակցությամբ տոգորված ամենակազմակերպված ժողովրդի կեցվածքով: Անկախ պետականության վերականգման սկիզբն ազդարարող «Հայաստանի Անկախության Հռչակագիրը» խորը վերլուծության ու լուրջ ներազգային համաձայնության արդյունքում արձանագրեց հայ ժողովրդի պատմության ու նրա հետագա զարգացման բոլոր նրբերանգներն արտացոլող խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագրով, որի ընդունմանը լիիրավ մասնակցեցին նաեւ ազատագրված Արցախի տարածքներից ընտրված պատգամավորները, վերահաստատվեց Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման իրողությունն ու ի լուր աշխարհի հռչակվեց Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:
Աշխարհն առանց լուրջ վերապահումների ճանաչեց վերամիավորված Հայաստանի անկախությունն և պատրաստակամություն հայտնեց շարունակել արդեն իսկ սկսված ու քայլ առ քայլ իրավական հիմքերի վրա դրվող համագործակցությունը հայկական պետության հետ:
Այդ մթնոլորտում առաջին նախագահը և իր վարչակազմը սկսեց վերամիավորված Արցախը քայլ առ քայլ Հայաստանից տարանջատելու գործընթացը: Կազմակերպվեց Արցախի անկախության հանրաքվեն: Վերամիավորման հաղթական ընթացքը վայելած արցախցին ակնհայտորեն կողմ կքվեարկեր և Հայաստանին վերամիավորմանը, եթե նրան այդպիսի հնարավորություն տրվեր:
Հաջորդ քայլը Հայաստանի անկախության հանրաքվեն էր՝ կրկին առանց Արցախի բնակչության, որի արդյունքում ազատագրված Արցախն իր բնակչությամբ վերջնականապես հայտնվեց չճանաչված ինքնահռչակ հանրապետությունների շարքում ու ներկայումս ավելի շատ դիտարկվում է որպես «խաղի կանոնների», քան միջազգային իրավունքի սուբյեկտ:
Կարդացեք նաև
Անցած տասնամյակների ընթացքում շեղումները վերամիավորման սկզբունքներից բացասական են անդրադարձել սոցիալական, տնտեսական ու քաղաքական համակարգերի վրա ու պատճառ են դարձել անվստահության ու բազմաթիվ քայքայիչ գործընթացների:
Հատկանշական է, որ ՀՀ բոլոր նախագահները Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու վճռական պահերին հայտարարել են, որ Արցախը Հայաստանի անբաժան մաս է:
Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը ս. թ. սեպտեմբերին 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանձնաժողովի նիստին:
Ելնելով վերոգրյալից մենք, ներքոստորագրյալներս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
– Արցախյան հարցը եղել և մնում է հայ ժողովրդի անվտանգության, ապահովության ու ինքնիշխանության հիմնական գործոններից մեկը և կարող է հերթական անգամ դառնալ հայ ժողովրդի բոլոր կարողությունների համախմբման առանցք: Նախագահի հայտարարությունը Արցախը Հայաստանի անբաժան մաս լինելու մասին պետք է լցվի իրական բովանդակությամբ, այն է՝ նախատեսվող սահմանադրական հանրաքվեն դարձվի Արցախի վերջնական վերամիավորման գործիք:
– Արտաքին ու ներքին մարտահրավերները, նոր պատերազմի իրական վտանգը պահանջում են հայ ժողովրդի բոլոր կարողությունների արագ համախմբում, տնտեսության կառավարման հատուկ դրություն, ընդհուպ մինչև ռազմական դրություն հայտարարելը:
– Անհրաժեշտ է անհապաղ նախաձեռնել ժողովրդի համախմբմանն ուղղված ու յուրաքանչյուր հայի խղճին ու մտքին հասանելի գործընթացներ՝ կատարելով կառավարման համակարգի փոփոխություններ՝ ուղղված խորը վերլուծության ու բանավեճի մթնոլորտի ձեւավորմանը:
– ԼՂՀ ներկայիս սահմանները ոչ միայն պայմանավորված են պաշտպանական գծով, այլև հանդիսանում են Հայաստանի պատմական տարածքները։
– Այս պայմաններում հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղող նախաձեռնությունները, ինչպիսին է ՀՀ ներկայիս վարչական սահմաններում անցկացվելիք հանրաքվեն կհանգեցնեն նոր քայքայիչ հետևանքների ու անխուսափելի կորուստների: Իսկ դրա ծառայեցնելը երկրի վերամիավորված կարգավիճակի վերականգմանը կհանդիսանա գործընթացի միակ արդարացումը:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
– Հիմնվելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի վրա՝ վերամիավորված Հայաստանի տարածքում (ներառյալ՝ ԼՂՀ ներկայիս սահմանները) անցկացնել սահմանադրական հանրաքվե ԼՂՀ քաղաքացիների մասնակցությամբ:
Հրանտ Խաչատրյան
Կարեն Վարդանյան
Վահագ Պողոսյան
Գագիկ Գինոսյան
Կարեն Ադոնց
Արման Ռեվազյան
Նամակը հրապարակումից հետո բաց է ստորագրման համար