Գեղարքունիքի մարզում մինչև այս տարվա ավարտը կավարտվեն ճանապարհաշինական երկու ծրագրեր: Առաջինը Գավառ քաղաքը միջպետական ավտոճանապարհին կապող հանրապետական նշանակության 21 կմ երկարությամբ ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգումն է: Այստեղ աշխատանքները մեկնարկել էին դեռևս հունիսի 18-ին:
20 և ավելի տարիներ չհիմնանորոգված ճանապարհահատվածն ամբողջության վերականգնվել է: Ճանապարհաշինարարները հարթեցնող շերտի վրայից տեղադրում են ասֆալտի վերին շերտը: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՃՇ» ԲԲԸ-ի աշղեկ Լեոնիդ Գևորգյանի խոսքով՝ եթե հիմնանորոգվող ճանապարհի հիմքը լավը լինի, ապա ճանապարհը երկար կծառայի:
4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի 2.5 կմ-ում արդեն ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները: Ճանապարհահատվածի որոշ հատվածներում տեղադրվել են ջրահեռացման նոր խողովակներ: Շուրջ 40 բանվորների կատարած աշխատանքի արդյունքը՝ նոր արագընթաց ճանապարհը, ավարտուն տեսքով վարորդներին կհանձնվի նոյեմբերին, իսկ մինչև այդ ճանապարհի ողջ երկայնքով պետք է վերականգնեն իջատեղերն ու մուտքերը: Կտեղադրվեն ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, երթևեկելի մասը կնշագծվի:
Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՄԳ Պրոմիլ» ընկերությունը։
Կարդացեք նաև
Մեր նկարահանման պահին շինհրապարակում էր ընկերության տնօրենը: Նա եկել էր անձամբ համոզվելու, որ արդեն ավարտվող աշխատանքները կատարվել են պատշաճ և որակով. «Բոլոր աշխատանքները ներկայացվել են լաբորատոր փորձարկման, ստացվել է դրական եզրակացություն: Առաջիկա 10-ը օրվա ընթացքում ամբողջությամբ կավարտվեն ասֆալտապատման աշխատանքները»,- ասաց «ՄԳ Պրոմիլ» ընկերության տնօրեն Մինաս Գրիգորյանը:
Ավարտվող աշխատանքներին հետևում էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, թե որքան կարևոր է կառուցված ճանապարհի նշանակությունը շրջանի տնտեսությունն աշխուժացնելու գործում. «Ես գոհ եմ աշխատանքներից:
Ճանապարհը մինչ վերանորոգումը գտնվում էր շատ անմխիթար վիճակում: Կարծում եմ, որ այս ճանապարհը կնպաստի տնտեսության զարգացմանը և երկար ժամանակ կծառայի մեր ազգաբնակչությանը»,- ասաց նա:
Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները կատարվում են «ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Հաջորդ ծրագիրն իրականացվում է Սևան քաղաքում և Վարսեր համայնքում:
Արցախյան պատերազմի հերոս Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակի երբեմնի մեծ ու փոքր փոսերին փոխարեն այսօր հարթ ասֆալտ է: Քաղաքի հրապարակը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով: Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊ ընկերությունը: 3,6 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում հիմնանորոգվել է նաև միջպետական մայրուղուց Սևան մտնող ճանապարհահատվածը:
Օրերս կավարտվի նաև Սևանից Վարսեր համայնք գնացող ճանապարհի ասֆալտապատումը: Քաղաքի բնակիչները, կատարված աշխատանքների ընթացքից գոհ են, արդյունքը գնահատում են դրական:
Քաղաքացիներից հաճախ շնորհակալական խոսքեր է լսում նաև Արսեն Ղազարյանը:
Երկու տասնյակ տարիների աշխատանքային փորձով ճանապարհաշինարարը վստահեցնում է՝ ամեն ինչ կատարվել և կատարվում է ժամանակին ու բերախիղճ. «Ճանապարհի որակից բնակիչները շատ գոհ են: Ամեն ինչ կատարվում է ըստ ժամանակացույցի: Մենք էլ, որպես շինարարներ, շնորհակալ ենք, որ մեր քաղաքում աշխատանք ունենք այսօր»:
Սևան քաղաքից Վարսեր համայնք գնացող ճանապարհի ասֆալտապատմանը զուգահեռ աշխատանքներ են ընթանում նաև Վարսեր համայնքում: Գյուղամիջով անցնող
հիմնական ճանապարհի որոշ հատվածներ արդեն ասֆալտապատվել են, փոխվել են մայթեզրի քարերը, մի քանի հատվածներում դեռ ջրահեռացման համար նախատեսված վաքերն են տեղադրում:
Հիմնանորոգվում են նաև Վարսերի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը, գյուղի մի հատվածը մյուսին կապող կամուրջը: Այստեղ նախ կամրջի հիմնապատերն են ամրացնում երկաթբետոնե շապիկով, որից հետո կփոխեն բազրիքները, ապա կհեռացնեն կամրջի հին ծածկը՝ նորը տեղադրելու համար: Արդեն ասֆալտապատվել է նաև գյուղի վերջնամասը:
Գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության տեխհսկիչ Ավետիք Մարտիրոսյանը ուշադրությամբ հետևում է կատարվող աշխատանքներին, իսկ արդեն ավարտվածների որակը գնահատում բարձր. «Աշխատանքները կատարվում են ըստ նախագծային պահանջների, տեխնիկական մասնագրերի: Կատարում ենք որակի հսկողություն, ծավալների չափագրում, եղած թերությունները, մեր ցուցումներով վերացվում են, որպեսզի վերջնական ճանապարհը ստացվի որակով և երկարատև ծառայի նպատակին»,- նշեց նա:
Հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետը 3 տարի է: Ճանապարհների վերակառուցման ընթացքը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո, հիմնանորոգումը համապատասխանում է անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն