Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում այսօր`հոկտեմբերի 2-ին մեկնարկեց Երիտասարդ ակումբների արդեն ավանդույթ դարձած 5-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Արցախից ընտրված ավելի քան 100 կազմակերպություն և երիտասարդական ակումբների ներկայացուցիչներ:
Երիտասարդությանն համախմբող համագումարը կազմակերպվել է Երիտասարդական ակումբների դաշնության և այս տարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկաներին շնորհավորեց համագումարի մեկնարկի առթիվ: Շնորհակալություն հայտնեց երիտասարդներին ներգրավվածության և լավագույն փորձի փոխանակման համար: Ներկայացրեց մինչև հոկտեմբերի 4-ը իրականացվելիք միջոցառումները, հանդիպումները և ծանոթացրեց երիտասարդական կազմակերպությունների անելիքները արդեն այսօրվա ընթացքում:
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորելով համագումարի կազմակերպումն ասաց. «Արդեն հինգերորդ տարին է ինչ անցկացվում է համագումարը: Նպատակն է ներկայացնել նախորդ համագումարի ընթացքում կատարվող աշխատանքները, ինչպես Երևանում,այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում: Լինելով Հայաստանում ամենամեծ կազմակերպությունը՝ իր առջև խնդիր է դնում ստեղծել փոխադարձ կապ և վստահություն երիտասարդների միջև: Անդրադառնում ենք երիտասարդների խնդիրներին և տարբեր մակարդակներում,որոշումների կայացման տարբեր հարթակներում նրանց ներգրավվածությանը»:
Կազմակերպիչները, երիտասարդ առաջնորդները համաժողովի երկրորդ օրը կհանդիպեն երիտասարդությանն աջակցող տարբեր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Երևանի հիմնադրմանն ընդառաջ` երիտասարդների մասնակցությամբ կստեղծվի քաղաքամայր Երևանի դիմանկարը `«Երևան `արևի քաղաք » խորագրով: Իսկ վերջին օրը մասնակիցները կայցելեն Երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան`հանդիպելու տեղի երիտասարդական կազմակերպություններին:
Ողջույնի խոսքով հանդես եկան երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ նաև մարզերից: Երիտասարդները կարևորում էին համագումարը,որը երիտասարդական ամենամեծ կառույցն է, և ամենամեծ խթանն է երիտասարդական կապերի և խնդիրների լուծման ուղղությամբ: Գնահատելով տրված ժամանակն ու հրաշալի հնարավորությունը երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին եռօրյա համագումարի ընթացքում ձեռք բերած հմտություններն ու մարդկային ռեսուրսները օգտագործել երիտասարդների խնդիրների վերացման ուղղությամբ:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ