Դատախազությունը հոկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել, որ նախաքննական մարմինը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընդունել է խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու միջնորդությունը:
Այս մասին Aravot.am-ը եւ 168 ժամը զրուցեցին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ: Նա նշեց, որ ըստ քրեադատավարական օրենսգրքի՝ նույնիսկ ծանր հանցագործության դեպքում խափանման միջոցը կարող է կալանքը չլինել, սակայն Հայաստանի պրակտիկան տարբերվում է. նույնիսկ ոչ հիմնավոր կասկածի դեպքում որպես խափանման միջոց կալանքն է կիրառվում. «Որպես կանոն, կալանքը չկիրառելը կամ կալանքից ազատելը նշանակում է, որ անձը չի դատապարտվելու: Սա է հիմնական խնդիրը, այսինքն՝ եթե մենք ունենայինք մի իրավիճակ, երբ խափանման միջոցը շատ հազվագյուտ դեպքերում կիրառվեր, մենք այստեղ խնդիր չէինք ունենա: Բայց ես ասացի պրակտիկան, այսինքն՝ ես համոզված եմ, որ սա նշանակում է հետագայում՝ դատավարության ընթացքում նա կա՛մ անմեղ կճանաչվի, կա՛մ ձեւական ինչ-որ մի պատիժ կկրի»:
Ավետիք Իշխանյանը համարում է, որ հասարակությունը սպասում էր դեպքերի նման զարգացմանը. «Ես համոզված էի, որ այսպես է լինելու: Սա մեր ավանդույթն է, անպատժելիության մթնոլորտը ավանդույթ է: Ես հարցեր ունեմ Քննչական կոմիտեին՝ նույնիսկ եթե ինչ-ինչ արտադատարանական գործողությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ տղաների հետ, որ նրանք մեղքը վերցնեն իրենց վրա եւ անձեռնմխելի մարզպետի անձեռնմխելի որդին ազատվի, ապա ամեն դեպքում միջադեպը, որ տեղի է ունեցել, որի արդյունքում ծանր վնասվածք են ստացել երկու եղբայրներ, դա հստակ է, ես խախտում եմ անմեղության կանխավարկածը եւ ասում՝ կազմակերպիչը եղել է մարզպետի որդին: Այսինքն՝ եթե նույնիսկ ապացույցներ են ձեռք բերվել, որ հարվածը, որից աչքը վնասվել է, չի կատարել նրա որդին, ապա կազմակերպիչը այդ հավաքի եւ այդ ծեծ ու ջարդի եղել է նա: Արդյոք կազմակերպիչի նկատմամբ որեւէ պատիժ չի հասնելո՞ւ»:
Հիշեցնենք, որ ըստ դատախազության հաղորդագրության, Յուրի Մանուչարյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ «Սդղի գյոլ» կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքն է խփել Հարություն Զաքարյանին, վերջինս էլ առերեսման ժամանակ ընդունել է այդ փաստը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ