ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ սահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ, իսկ մի շարք դպրոցներ կստանան ուսումնական գույք և համակարգիչներ:
Քանի որ Aravot.am-ը մարզերից հեռախոսազանգեր էր ստանում այս թեմայով, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախարարի խոստացածը կյանքի կոչվելու:
«Իսկապես դասերն ընդհատված են սահմանային լարվածության պատճառով: Այնտեղ մասնագետներ ուղարկելու եւ լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը նախարարինն է: Այժմ սպասում ենք նրա հանձնարարականներին, որ քննարկենք խնդիրը եւ կոնկրետ քայլերի անցնենք»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ