02 հոկտեմբեր, Բերդ, Տավուշ — Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու շրջակա սահմանամերձ գյուղերի ավելի քան 200 երիտասարդ մասնակցեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բերդի գրասենյակի նախաձեռնած մրցավաքզին, որի նպատակը միասնության ուժի պոտենցիալի արժեւորումն ու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում կիրառումն է:
Հայաստանի հյուսիս-արեւելյան դարպասը անցած 20 տարիներին հերոսաբար դիմակայում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դրությանը, ու հատկապես սահմանային վերջին լարված իրադարձություններից հետո միջոցառումը հրաշալի հնարավորություն էր՝ հետաքրքիր դարձնել երիտասարդների առօրյան, բարձրացնել տրամադրությունը:
Մրցավազքի հաղթողը սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ Գեւորգ Ադամյանն էր, ով 4 կիլոմետր հեռավորությունը կարողացավ հաղթահարել 19 րոպեում:
«ՀՕՖ-ն այս տարածաշրջանում իրականացնում է բազմաբաղադրիչ ծրագիր, հանդիսանում է վաղվա լուսավոր տեսլականի ամուր հիմք, որի նպատակն է կայունացնել բազմազավակ ընտանիքների կյանքը եւ ուղղորդել դեպի խոստումնալից ապագա: Այս նախաձեռնությունը եւս շատ կարեւոր դեր ունեցավ երիտասարդների եւ բոլոր համայնքների համախմբման գործընթացում, ուստի կարեւոր է երիտասարդների առօրյան հերթական անգամ լցնել հետաքրքիր միջոցառումներով», – մրցավազքի մասնակիցներին ուղղված շնորհակալական իր խոսքում ասաց ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Մրցավազքը կազմակերպվել էր ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի շրջանակներում:
Մամուլի հաղորդագրություն