Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանաբար, մարդ ասելով՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հասկանում է միայն պատգամավորներին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2015 15:57

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 2-ին հանրային քննարկում էր կազմակերպել «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. Իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը թեմայով»:

Հանրային քննարկման ընթացքում փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձավ Սահմանադրության 2-րդ գլխի փոփոխություններին, որոնք որակեց որպես հետընթաց: Նա նկատեց, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հռչակվել էր որպես մարդակենտրոն, սակայն ինքը մեծ հիասթափություն է ապրել, երբ կարդացել է նախագծի 2-րդ գլուխը. «Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարող են այս Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները համարվել մարդակենտրոն: Հավանաբար, մարդ ասելով՝ հանձնաժողովը հասկանում է միայն պատգամավորներին, որովհետեւ բացի պատգամավորների իրավունքների ընդլայնումից, չտեսա որեւէ մարդ, որի իրավունքներն այս Սահմանադրությամբ կարող է պատահի ընդլայնվեն: Երկրորդ գլուխն ակնհայտորեն նվազեցնում է մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները»:

Հայկ Ալումյանի կարծիքով՝ վերցրել են իրավունքներ, որոնք, օրինակ, ամրագրված են Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի մեջ, տեղադրել են Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ գլխում:

Հայկ Ալումյանը որպես օրինակ բերեց գործող Սահմանադրության 31 հոդվածը, որն ամրագրում է սեփականության իրավունքը, եւ ըստ նրա երկրորդ մասի՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ՝ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում: Նա նկատեց, որ այդ հոդվածը սահմանադրական փոփոխությունների նախագծի 2-րդ գլուխում վերախմբագրվել է՝ «ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի». «Այսինքն՝ դատական կարգովը այլեւս պարտադիր չէ, այսինքն՝ այսուհետ կարելի կլինի սեփականությունից զրկել նաեւ արտադատական կարգով: Ճիշտ է, նույն հոդվածը շարունակում է, որ երբ ինձ զրկեն իմ սեփականությունից, ես ինքս կարող եմ դիմել դատարան, որպեսզի այդ ստուգման օրինականությունը դատարանը ստուգի»:

Ըստ նրա՝ դա արվում է արագաչափերը տնօրինող կազմակերպության համար. «Չեմ հասկանում տրամաբանությունը, որ այսքանից հետո հեղինակները սահմանադրական փոփոխությունները մարդակենտրոն են բնութագրում: Եվ նաեւ ես չեմ հասկանում, թե իրենք ոնց են պատկերացնում, թե որեւէ քաղաքացի, լինելով առողջ հոգեվիճակում, կարող է գնալ եւ քվեարկել, օրինակ՝ այս փոփոխության օգտին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031