Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը՝ հանուն հավասար հնարավորությունների (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2015 15:26

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակներում ավանդական շախմատային սեանս անցկացրեց Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտների հետ:

Aronyan_2Միջոցառումն արդեն յոթ տարի կազմակերպում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները՝ Դանիայի ԱԳ նախարարության ֆինանսական աջակցությամբ, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Aronyan_3Գրոսմայստերը լրագրողներին հայտարարեց. «Կարեւոր միտք է, որ սպորտը պետք է մարդկանց մեջ տարբերությունները դուրս հանի խաղից եւ մարդկանց ամեն ինչում հավասար լինելու հնարավորություններ տա: Ես արդեն յոթերորդ անգամ եմ մասնակցում այս միջոցառմանը եւ տեսել եմ, որ երեխաներ կան, որոնք բավականաչափ կարողություններ ունեն շախմատում: Շախմատն այն զբաղմունքն է, որը մարդկանց իրենց մեջ եղած հնարավորությունները բացահայտելու հնարավորություն է տալիս: Այս երեխաները որոշակի դժվարություններ ունեն եւ դրանք անցնելով՝ իրենց այս աշխարհում կգտնեն, գուցե, շախմատային ճանապարհով»:

PA021399Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի մասնագետ Ռուզան Սամվելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես զբաղվում եմ Երեւան քաղաքում ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշխատանքով: Ներառական դպրոցները սովորական դպրոցներն են, որոնք իրականացնում են նաեւ ներառական կրթություն: Նրանք անցնում են այն ծրագրերը, ինչ մնացած բոլոր դպրոցները: Այսինքն՝ հավասար հնարավորություններ ունեն: Դժվար է նկարագրել, թե այս շախմատային հանդիպումը ինչ նշանակություն ունի երեխաների համար: Գիտե՞ք, թե նրանք քանի օր չեն քնել՝ սպասելով այս հանդիպմանը: Պատկերացրեք, նրանք խաղում են մի շախմատիստի հետ, ում խաղատախտակի առջեւ հանդիպել երազում են անգամ անվանի բազմաթիվ գրոսմայստերներ: Սա երեխաների համար չտեսնված ուրախություն, նույնիսկ չերազած հնարավորություն է:

Պիտի նաեւ ափսոսանքով ասեմ, որ ստիպված ենք եղել ընտրություն կատարել: Ցանկացողները շատ-շատ էին, բայց, ցավոք, տեղերի քանակն էր սահմանափակ՝ ընդամենը 22 խաղատախտակ: Մենք ունենք ներառական կրթություն իրականացնող 52 դպրոց, որոնցից ընտրվել են լավագույնները: Այ, այստեղ երեխաներ կան, որոնք արդեն շախմատային կարգ ունեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031