Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարվածությունը պետք է թուլացնել». Գերմանիան անհանգստացած է սահմանային դեպքերից

Հոկտեմբեր 02,2015 15:14

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը այսօր ներկայացրեց հակամարտությունների լուծման Գերմանիայի օրինակը:

Մամուլի ազգային ակումբում նա պատմեց, թե Գերմանիան ինչպես կարողացավ բարելավել հարաբերությունները Լեհաստանի հետ ու ինչպես լուծեց այդ երկրի հետ ունեցած հակամարտությունը. «2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանը Գերմանիայի առաջին զոհն էր, բայց Գերմանիան հաշտեցման համար հրաժարվեց իր համար կարեւոր սկզբունքներից: Գերմանիայի ու Լեհաստանի օրինակով կարելի է փաստել, որ հաշտեցումն ու հարաբերությունների կարգավորումը երկար գործընթաց է ու համբերություն է պահանջում եւ, դիվանագիտական ջանքերից բացի, ժողովուրդների փոխըմբռնում է պետք»:

Հարցին՝ իսկ հնարավոր համարո՞ւմ եք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, դեսպանն ասաց, որ կարող է խոսել Գերմանիայի փորձառությունից. «Բերեցի Գերմանիայի ու Լեհաստանի միջեւ հարաբերությունների օրինակը, իմ հանձնառության մեջ չի մտնում խոսել Թուրքիայի անունից, յուրաքանչյուր հակամարտություն տարբեր է, փորձեցի լայն ընդգրկուն կերպով ներկայացնել հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում ներկա իրադրությանը, մենք անհանգստացած ենք վերջին շաբաթների ընթացքում շփման գծում ծավալվող զարգացումներով: Շատ կարեւոր է, որ ուժի եւ զարգացումների բռնկման պարույրը կասեցվի: Դրա համար ունենք համապատասխան գործիքաշարք՝ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն է, խնդիր կա թուլացնելու լարվածությունը, ստեղծելու փոխըմբռնման մթնոլորտ, որը հիմք կդառնա խաղաղ բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը հաջորդ տարի կստանձնի Գերմանիան եւ հավատացեք, որ Գերմանիան կանի ամեն հնարավորը այս շրջանակում նպաստելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկա պահին ամենից կարեւորը այն է, որ թուլանա լարվածությունը ու զինադադարի խախտման դեպքերն այլեւս չկրկնվեն»:

Հարցին, իսկ հնարավո՞ր է Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորումը Գերմանիայի օրինակով, դեսպանը շարունակեց. «Անկասկած խնդիրը հասկանալու համար պետք է հայացք հառել պատմությանը, միայն թե պատմությունը երբեմն մի սուբյեկտի կողմից մեկնաբանվում է մի կերպ, մյուս սուբյեկտի կողմից՝ այլ կերպ: Կարծում եմ՝ իրավունք չունեմ առանձին մանրամասներ մեկնաբանել, բայց կարծում եմ՝ հնարավոր է բոլոր կողմերի համար նպաստավոր լուծում գտնել, դա են հուշում ժամանակին Մադրիդյան սկզբունքները: Պետք է հիմնվելով այդ սկզբունքների վրա, փորձել երկու կողմերի քաղաքական կամքի շնորհիվ ու փոխզիջումների պատրաստակամության շնորհիվ հասնել հակամարտության լուծման»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031