«Բոլոր դեպքերում, քայլ առաջ է, որ մասնավորն է գնում, որովհետեւ մասնավորը չի թողնի որ իրենից գողանան»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն`անդրադառնալով ՀԷՑ-երի վաճառքին:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանը էլեկտրական ցանցեր ընկերությունը վաճառվեց «Տաշիր» ընկերությանը:
Ամեն դեպքում, նախկին վարչապետը դա խնդրի արմատական լուծում չի համարում, քանի դեռ իր կողմից առաջարկված էներգետիկ ռեֆորմը չի կատարվում. «Մեկ ՀԷՑ, մեկ համակարգ չպիտի լինի, պետք է լինի էներգետիկ շուկա, որտեղ գինն ամսվա մեջ կամ շաբաթներով փոքրիկ տատանումներ պետք է միշտ ունենա, պետք է վերացվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գների հաստատման պրակտիկան, պետք է հայտարարվի որոշակի գնման գին, ամենաէժան գինը եւ այլն: Պետք է կայանա էներգետիկ շուկա, որը պետք է որոշի գինը եւ որը պետք է դառնա մեր անբաժանելի մասը: Այս ամբողջ կառուցվածքը, որը հիմա կառավարվում է պետականորեն, պետք է մոռացվի»:
Հրանտ Բագրատյանին դուր չի գալիս, որ ընկերությունն օֆշորում է գրանցված`պետք է բաց լինի: Նա սկզբունքորեն դեմ չէ, օֆշորային գոտում գրանցված լինելուն, բայց այդ դեպքում, ասում է, որ նրանց գնումներին արդեն պետք է ուշադիր լինեն: «Իմ դուրը դա չի գալիս, բայց սկզբունքորեն հնարավոր է լինի օֆշոր ու էլի աշխատի: Բայց դա չէ էականը: Ամենաէականն այն է, որ պետք է էներգետիկ շուկան կայանա: Այդ ուղղությամբ քայլ չի արվում»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանը ՀԵՑ-երը գնելու շարժառիթների մասին մտահոգություններ չունի. «Գնորդը փորձառու է, վստահ եմ`հաշվի է առել, որ այնտեղ հսկայական միլիարդներ գողանում են: Նա դա դիտարկել է, որպես իրեն պոտենցիալ շահույթ: Ոչ ոք հենց այնպես հինգ հարյուր միլիոն փող չի տալիս: Մարդը հաշվարկել է եւ նույնիսկ էդ ժեստն են արել, որ մեկ տարի սուբսիդիաների կեսը կվերցնեն»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ աուդիտ չարված վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ ի սկզբանե ինքն աուդիտին դեմ է եղել`ժամանակի կորուստ է: Ամեն դեպքում, նախկին վարչապետն այն կարծիքին է, որ անգամ կոպիտ հաշվարկով, եթե ՀԷՑ-երում ամեն ինչ նորմալ լիներ եւ էներգետիկ շուկա լիներ, 28-33 սակագնի մեջ հնարավոր էր տեղավորվել:
«Եթե «Ինտեռ-ՌԱՕ»-ն խնդրի`իմանալ, թե ինչքա՞ն է գողացել ներկա ղեկավարությունը`կբացահայտվի, եթե չէ`չէ»,- ՀԷՑ-երում մինչ օրս տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման մասին ասաց Հրանտ Բագրատյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ