Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մնացականյանը Հայաստանի բնակչության թվի մասին լռեց

Հոկտեմբեր 02,2015 14:25

«ՀՀ-ում վիճակագրությունն այն խնդիրների, որոնք ԱՎԾ-ն պետք է լուծի արտադրողի, շարքային քաղաքացու, բիզնես-միջավայրի համար, չի լուծում»,- այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում կարծիք հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը`դիմելով ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին: Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում ներկայացնում էր ԱՎԾ եռամյա ծրագրի նախագիծը, որն ընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգում:

«Տեսնո՞ւմ եք, որ մոտակա ժամանակներում թվաբանությունից, նկարչությունից պրծնենք եւ ճշգրիտ վիճակագրություն տաք: Մասնավորաբար, բնակչության թվի մասին: Ճշգրիտ չիմանալով գոնե 3-4 խոշոր քաղաքների բնակչության թիվը, այս ամենն անիմաստ է դառնում: Կուզենայի խոսվեր ներդրումների գնահատման մասին: ՀՀԿ-ն ներկայացնում էր, որ ԵԱՏՄ մտնելու դեպքում ունենալու ենք պաշտպանության ամրապնդում եւ տնտեսության լուրջ առաջընթաց, բայց սրընթաց անկում ունեցանք»,- շարունակեց Խաչատուր Քոքոբելյանը:

«Ընենց չի, որ Եվրոպայում եսիմ ինչ ա»,-Քոքոբելյանին հակադարձեց նիստը նախագահող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

«Մի հատ հարցադրում ա լինում, վռազ պաշտպանում ես»,- ընդիմադիր գործընկերոջն օգնության հասավ Հրանտ Բագրատյանը: «Քաղաքական մեծամասնությունը նրա համար ա, որ պաշտպանի կառավարությանը: Օրենքից հարցեր ունեք`տվեք: Թե չէ եկար-չեկար սկսիր գոռգոռալը: Միայն օրենքի շրջանակներում»,- վրդովվեց Վարդան Այվազյանը`հավելելով, որ հարցն օրենքի շրջանակում չի, քաղաքական ենթատեքստ ունի: «Մնացականյանը թող պատասխանի»,- վրա բերեց Խաչատուր Քոքոբելյանը: «Որոշողը Մնացականյանը չի ես եմ»,- համարյա բղավեց Վարդան Այվազյանը:

Բագրատյանը կրկին միջամտեց. «Խառնում ես նիստը, հեսա ընենց հարցեր կտանք, Մնացականյանը բավարարված կմնա: Այ ցավդ տանեմ…»: «Իմ ցավը մի տար, իմ ցավն ուրիշ ցավերից ա: Մինչեւ ձեր գալը, հանգիստ խոսում էինք…»,- թեմայից շեղվեցին պատգամավորները:

Վերջապես Ստեփան Մնացականյանին էլ հերթ հասավ խոսելու. «Հաշվարկման հիմքը վարչական ռեգիստրներն են, ՏԻՄ-երի տվյալների բազաները»: Խաչատուր Քոքոբելյանը վրդովվեց. «Էդ մեթոդաբանությունները ինտերնետին տիրապետող երրորդ դասարանի երեխան էլ կարող է տալ: Մեզ բոլորիս մի հարց ա պետք`ի՞նչ միջավայրում ենք մենք ապրում, ինչքա՞ն բնակիչ ունենք եւ ի՞նչ ա մեզ սպասվում: Ես հիացած եմ ձեր անգլերենով եւ գիտելիքներով, հարցը դրա մասին չի: Դուք գործ ունեք միջազգային կառույցների հետ, ձեզ կխեղդեն…Եթե ԱԺ պատգամավորը չի կարող իմանալ այսօրվա բնակչության թիվը, բիզնես միջավայրի մասին`վայ էդ պատգամավորին էլ, ԱԺ-ին էլ, երկրին էլ»:

Վարդանն Այվազյանն առաջարկեց որ եկող շաբաթվա ընթացքում այս հարցադրումների հետ կապված կլոր սեղան կազմակերպեն եւ փակ քննարկումներ անցկացնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031