Այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարությունն առաջարկեց «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում լրացումներ կատարել:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ կաթի եւ կաթնամթերքի արտադրությունը սահմանափակող տեխնիկական կարգեր կան, որոնք հակասություն ունեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի հետ: Օրինակ, գործող օրենսդրությամբ արգելվում էր կաթի, կաթնամթերքի տուփի վրա գրել բիոլոգիական կամ բիո բառը, եթե հավաստագրման գործընթաց չէր անցել եւ տեխնիկական չափորոշիչներին չէր համապատասխանել: . «Էկոլոգիապես մաքուր, էկո, բիո բառերը կարող էին լինել այն արտադրատեսակների վրա կամ գովազդներում, որոնք օրգանական գյուղատնտեսության հիմքով էր պատրաստված: Առաջարկում ենք այդ արգելքը հանել միայն կաթի եւ կաթնամթերքի մասով՝ օգտագործելով բիոլոգիական կամ բիո նախդիրը, եթե այն բնական բիֆիդո բակտերիաներով է պատրաստված: Մասնավորապես, խոսքը մածունի, կեֆիրի մասին է: ԵՏՄ-ի կանոնակարգերում այս արգելքը բացակայում է: Միայն այս կաթնամթերքի մասով առաջարկում ենք օրենքի արգելքը հանել»,- ասաց Մակարյանը:
Վահագն Մախսուդյանը հետաքրքրվեց՝ գյուղատնտեսության նախարարությունն ունի՞ լաբորատորիա եւ կարո՞ղ է ստուգել, թե որ կաթնամթերքն է ճիշտ, որը՝ սխալ: Կարո՞ղ ենք ստուգել ու ասել՝ դու խաբել ես ժողովրդին, քեզ այսքան տուգանք է հասնում:
Փոխնախարարը պատասխանեց, որ կարող են. «Կաթի դեպքում հավաստագրման գործընթաց չի պահանջվում: Մնացածի մասով 30 կազմակերպություն օրգանական գյուղատնտեսության վարման սերտիֆիկատ ունեն: Կաթի մասով նման անհրաժեշտություն չկա»:
Կարդացեք նաև
Նախագիծը մտավ քառօրյա նիստերի օրակարգ՝ դրական եզրակացությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ