Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդաձորում Հերոսների հիշատակը հավերժացնող նոր խաչքար տեղադրվեց

Հոկտեմբեր 02,2015 14:12

Քանդակագործ` Հովհաննես Գրիգորյան

Մենք դժվարությամբ ենք համակերպվում մեզ համար թանկ մարդկանց կորստի հետ, քանի որ գիտակցում ենք նրանց թողած արժեքը մեր կյանքում, բայց կան մեծություններ, որոնց կորստյան ցավն ազգովի ենք սգում: Շատ են այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության պայծառ ու լուսավոր էջերը: Հիշողությունները նրանց մասին ստիպում են ոչ թե ահով խոնարհվել նրանց առջև, այլ համակվել անկաշկանդ ու իմաստավորված սիրով` համեմված երախտագիտության և հպարտության անկեղծ զգացումով:

1990 թվականի նոյեմբերի քսանմեկին Բերձորում թշնամու դեմ անհավասար պայքարում զոհվեցին երկու երիտասարդ ազատամարտիկ` Վաղինակ Զաքարյանն ու Սամվել Խաչատրյանը: Վաղինակը Երևանից էր, Բերձոր էր եկել Վազգեն Սարգսյանի հրամանով` հետախուզական ծրագիր իրականացնելու համար, որը սակայն ձախողվեց. թշնամին անակնկալ հարձակում էր պատրաստել: Վաղինակը մի կողմ դրեց իր հետախուզական աշխատանքը և սկսեց մարտնչել թշնամու դեմ:

Սամվելը տեղացի էր և առաջին նպատակը կռվելն էր` հանուն համագյուղացիների ազատության:

Ուղիղ քսանհինգ տարի անց մարտական ընկերներն ու հարազատները Բերդաձորի նույն բարձունքում են, որտեղ թշնամու գնդակից զոհվեցին Վաղինակն ու Սամվելը:

Այժմ այս վայրում զոհված հայրենասերներն ունեն իրենց հիշատակը հավերժացնող խաչքար, որը բացվեց իրենց եղբայրների ու մարտական ընկերների ջանքերով: Հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը օծեց և նրանց հոգիների հանգստության համար աղոթք կարդաց Շուշիի շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Մեսրոպ Քահանա Մկրտչյանը:

Բոլորը Վաղինակի ու Սամվելի մասին խոսելիս գրեթե նույն հատկանիշներն են նշում` ընկերասեր, հայրենասեր, ուժեղ ու հասնող: Վաղինակի եղբայրը միայն ափսոսում է, որ վերջին անգամ նրա տուն գալուց երկրում չի եղել, բայց հիշում է, որ առանձնապես ոչինչ չէր պատմում իր մարտական գործողություններից. ‹‹Դե, իրենց ջոկատը գաղտնի էր ու ինքը շատ բան չէր պատմում: Վաղինակենք հատուկ հետախուզական խմբով էին այստեղ եկել››:

Զոհված ազատամարտիկների և նրանց հետ անցած ուղու մասին հուշերը վառ է պահում նաև նրանց հրամանատարը` հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը. ‹‹Այն ժամանակ թուրքերը ռուսասովետական զորքերի հետ միասին ուզում էին վերցնել Բերդաձորի տարածքն ու ոչնչացնել: Այդ պատճառով Վազգեն Սարգսյանի հրամանով Վաղինակը եկավ այստեղ` թաքստոցներ կառուցելու, որպեսզի մենք կարողանայինք գալ ու անել մեր «կեղտոտ>> գործը` հայերին պաշտպանելը, բայց ինքն ու Սամվելը եկան ու ընկան ծուղակի մեջ>>: Հենց այս բարձունքից նրանք երկուսով դիմադրեցին ադրբեջանական մի ամբողջ գումարտակի հարձակումներին և կրակոցներին: Նրանք զոհվեցին, սակայն իրանց հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը: «Վաղոյի դիակը մենք եկանք ուղղաթիռով տարանք, մորգում ես անձամբ նրա վրա թշնամու կրակոցից յոթանասուներկու անցք եմ հաշվել››,- Հիշում է Վովա Վարդանովը:

Բարձունքից ներքև գտնվում է Հին Շեն գյուղը: Ադրբեջանցիները տասնյակ տարիներ փորձել են հայաթափել այս գյուղը, ինչպես նաև մյուս շրջանները: Գյուղում հիմա ապրում է մոտավորապես վաթսուն ընտանիք: Նախկինում ավելի շատ են եղել. հիշում են գյուղացիները, սակայն կռվի ժամանակ շատերը հեռացան այստեղից: Թեև հիմա բնակչությունը ավելի փոքր է, սակայն գյուղացիներն էլ գիտակցում են, որ իրենք պարտավոր են բնակվել և զարգացնել այս շրջանները: Գյուղից հեռանալու մասին չեն էլ մտածում: ‹‹ Ձեր օրգանիզմը այսքան մաքուր օդի և թթվածնի սովոր չէ, դրա համար էլ դուք այստեղ երկար չեք կարող ապրել›› կատակով ասում են Հին Շենի գյուղացիները Երևանից ժամանած իրենց հյուրերին:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031