Այսօր առավոտյան, ժամը 5. 30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում «Մերսեդես Ց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Մեքենայի վարորդին` Տավուշի մարզի սահմանապահ զորամասերից մեկի շտաբի պետ., 29-ամյա Կարեն Հայրապետյանին տեղափոխել են «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի» տնօրեն Արթուր Գաբրիելյանն ասաց, որ Կ. Հայրապետյանին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, նրա վիճակը միջին ծանրության է: Նկատի ունենալով, որ վթարից վիրավորին մասնագիտացված բուժում է հարկավոր, տուժածն էլ զինվորական է, առաջիկայում Կ. Հայրապետյանը կտեղափոխվի զինվորական հոսպիտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ