Հայաստանա-Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ռազմական վերջին զարգացումները վերահաստատեցին՝ պատերազմն ամենևին էլ չի ավարտվել: Իսկ քաղաքական իրավիճակը, որ դիվանագիտական տերմինով երկու տասնամյակից ավելի բնորոշվում է որպես հրադադար, ներքին և արտաքին քաղաքական էլիտայի համար ինքնախաբեություն է եղել, և է, քանզի սահմանամերձ գոտիներում իրականությունը բոլորովին այլ բան է հուշում: Ի՞նչ է սա, պատերա՞զմ, թե՞…
Վերջին շաբաթների Հայաստանա-Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ռազմա-քաղաքական զարգացումները կրկին իրենց վրա հրավիրեցին միջազգային դիվանագիտական էլիտայի ուշադրությունը՝ պայմանավորված երկու հանգամանքով.
Նախ՝ oրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը հայտարարեց, որ «եթե ի հայտ գա ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն, ապա այն պետք է թափանցիկ ձևով դիտարկվի Մինսկի խմբի բոլոր մասնակիցների կողմից»: Այն որ, Կովկասը հանգած հակամարտությունների «օջախ է», ամեն րոպե ժայթքելու հավանականությամբ պատրաստ, դա նորություն չէ: Այս հայտարարության և վերջին օրերի սահմանային լարված իրավիճակը թույլ են տալիս ասել, որ Միացյալ նահանգները, այնուամենայնիվ, չի հրաժարվում տարածաշրջանում քաղաքական դերակատարումից զատ նաև իր ֆիզիկական ներկայությունը հաստատելու մտադրությունից:
Հակամարտության գոտում իրավիճակն էլ ավելի սրվեց և ապակայունացավ Ֆարկասի հայտարարությանն ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանի հայտարարությունից անմիջապես հետո. «Մենք բոլորս գիտենք, որ մեր սահմանները պաշտպանված են, մենք խաղաղապահների կարիք չենք զգում: Երևի ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ է, որ այս հարցը քննարկվի, և ինձնից լավ գիտեք՝ ում: Բայց մեր սահմանները մենք ենք պաշտպանում, ես ներառյալ, ու մենք խաղաղապահների կարիքը չունենք»:
Կարդացեք նաև
Տարածաշրջանում իրավիճակի սրումը միտված է նպաստել «խաղաղապահների» տեղակայման Արևմուտքի նկրտման իրագործմամբ: Ո՚չ Մերձավոր Արևելքի, ո՚չ Ուկրաինայի խորացող հակամարտություններում Արևմուտքը շոշափելի հաջողության չի հասնում, չասելու համար՝ արդեն ձախողվել է Մերձավոր Արևելքում, բայց և, չհրաժարվելով «երազելու իր իրավունքից», այն իրագործելու այլ հարթություններ է փնտրում:
Եվ եթե Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի մասին բարձրաձայնում են ի լուր միջազգային հանրության և, միաժամանակ հավատարիմ մնալով ստանձնած միջազգային պարտավորություններին, ազերիների նկատմամբ կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, նշանակում է, որ հակամարտող կողմերը խաղաղության եզրեր «չեն կարողանում» գտնել, ուստի, տարածաշրջանում խորացող անկայունությունը ակնկալելու է «խաղաղապահ ուժերի» տեղակայման հրատապ անհրաժեշտություն: Ինչն, անշուշտ, կողջունի Արևմուտքը:
Տարածաշրջանն ապակայունացնող երկրորդ հանգամանքը պայմանավորված է Ադրբեջանում առաջիկա նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Հեշտ չէ Ադրբեջանի համար. իշխող, իր իսկ սանձազերծած պատերազմում մեկ անգամ արդեն պարտված, կուսակցության անփառունակ վախճանը հեռու ապագայում չէ: Դրա իրագործման տեսլականը պայմանավորված չէ միայն ներքաղաքական զարգացումներով, քաղբանտարկյալներով ու երկրում շարունակվող քաղաքական հետապնդումներով, տնտեսական ճգնաժամով, այլև Եվրոպայի, առհասարակ, միջազգային քաղաքական էլիտայի, իրավապաշտպան կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ որդեգրած խիստ ու կոշտ կեցվածքով, ինչի վառ ապացույցը խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու իրենց պարտավորությունից հրաժարվելն էր: Իսկ այն, որ Ալիևը, չմասնակցեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, դա ազերի նախագահի նեղացած լինելու ժեստն էր՝ ուղղված գերտերությունների ղեկավարներին:
Ադրբեջանը ագրեսիայի հրահրմամբ, սեփական զինվորի կյանքի գնով սադրում է իրավիճակի անկայունություն, ընդհուպ մինչև՝ պատերազմական (կիրառած զինտեխնիկայի տեսակի ու տրամաչափի վկայությամբ), և իրենց բնորոշ տիպական դատողությամբ մտածում են, դիվերսիոն գրոհներով, հրթիռա-հրետանային գնդակոծություններով, հայ սահմանապահներին անակնկալի բերելով, «կկարողանան հայկական մեկ կամ երկու բարձունք գրավել», ինչի շնորհիվ ժողովրդի աչքում գոնե մեկ աստիճանով կբարձրանա իշխանության ոտնատակ եղած հեղինակությունը, ինչն էլ հույսի «երաշխավոր» կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու հարցում:
Ադրբեջանի նավթի առկայությունն ամենևին էլ չի խթանում հանրության տնտեսական և սոցիալական զարգացմանը, այն միմիայն իշխանական կլանի դիրքերի և միջոցների ամրապնդմանն է անխոնջաբար ծառայում: Պետական բյուջեի ուռճացած թվերը և գերժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերումը հաղթանակի երաշխավոր լինել չեն կարող:
Պատմությունն ունի նախադեպը. պետք չէ մոռանալ՝ ազերիները կռվել չեն սիրում, նրանք պայքարի ոգի չունեն, նրանց պետք չէ պատերազմ: Ուստի, և սա պատերազմ չէ, այլ վարկաբեկված պատիվը փրկելու սադրանք, սեփական ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու ձախողված մի փորձ…
Ջեմմա Բաղդադյան