Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն գումար են ծախսում ամուսինները կազինոներում

Հոկտեմբեր 02,2015 13:38

«Սակագների, հատկապես տնտեսական բլոկի, ԱՎԾ-ի ներկայացրած ինդեքսը միշտ տարբեր մեկնաբանությունների են արժանանում»,-այսօր այս դիտարկումն արեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը`դիմելով ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին:

Ազգային վիճակագրական ծառայության երկարամյա ղեկավար Ստեփան Մնացականյանն այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովում ներկայացնում էր ԱՎԾ եռամյա ծրագրի նախագիծը:

Ստեփան Մնացականյանն ասաց, որ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի սահմանած չափանիշներով են հաշվարկներն իրականացնում:

Ի դեպ, ԱՎԾ-ն առաջարկում է սպառողական զամբյուղը ոչ թե 3-5 տարին մեկ վերանայել, այլ ամեն տարի: Եվրոպական բոլոր երկրներն արդեն այդ սկզբունքով են աշխատում: Ստեփան Մնացականյանը բերեց նաեւ հինգ պատճառ, մշակված եվրոպական կառույցների կողմից` թե ինչո՞ւ պետական վիճակագրության վերաբերյալ վստահություն չկա: Դրանք են`սպառողների տարբեր հեռանկարները, սպառողների տարաբնույթ շահերը, շահառուների վերաբերմունքը, վիճակագրական մեթոդաբանության բազմաշերտությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ընդհանուր պակասը: Յուրաքանչյուրին առանձին-առանձին անդրադառնալով ու մանրամասնելով`հաստատում էր, որ ամեն ինչ նորմալ է:

Ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ դիտողություն արեց`դասախոսություն չենք կարդում:

«Ես մի հատ անկապ հարց ունեմ`որոշակի հարկային ռեժիմներ պետք է մտածենք, ու պիտի իմանանք շուկան: Պլանավորում ենք շուկան` ինչքա՞ն է, ինչքա՞ն սպառում պիտի ունենանք»,- հարց տվեց նիստը նախագահող Վարդան Այվազյանը:

Ստեփան Մնացականյանը կրկին սկսեց միջազգային փորձը եւ չափանիշները բերել, թե ինչպե՞ս է հաշվարկվում:

«Խնդիրը բնակչության թիվն էր: 3,4 միլիոնը…»,- ակնարկով խոսեց Վարդան Այվազյանը: Ստեփան Մնացականյանը կրկին երկար-բարակ խոսեց ու, ըստ էության, ուղիղ պատասխան չտվեց: Նա օրինակ բերեց, որ կինը հաճախ չգիտի, թե ամուսինն ի՞նչ ծախսեր է անում կազինոյում կամ մեկ այլ տեղ: «Էդ մեկը ճիշտ ա, հարեւանները ավելի լավ գիտեն»,- ասաց Վարդան Այվազյանը` քթի տակ խնդմնդացող իր գործընկերների վրա նեղանալով. «Էդ բոլորդ հրեշտակներ եք, հա՞»:

Ստեփան Մնացականյանն էլ Քրիստոսի ծնունդից հաշվարկներ սկսեց անել ու ասաց. «Աբստրակցիա կա, եթե դա ելակետ չընդունենք, չի լինի»:

Հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց`ֆորսմաժորային իրավիճակներում ինչպե՞ս են վարվում: Ասենք, անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ժամ առ ժամ էին գները փոփոխվում, ինչպե՞ս հաշվարկեցին: «Մարտի ութի ծաղիկների գինը մեր դիտարկման մեջ երբեք չի լինում, մենք ամսի տասին ենք դիտարկում»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031