Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ բիզնեսի համար ավելի շատ խելք է անհրաժեշտ, քան հարստություն» Գալուստ Սահակյան

Հոկտեմբեր 02,2015 13:35

Այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի վաճառքի գործարքի մասին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ դա նպաստելու է, որ ՀԷՑ-ում ամբողջ կառավարման մեխանիզմները փոխվեն, կորուստները նվազեն. «Իմիջիայլոց, նրանք, ովքեր չեն հավատում աուդիտին, կարող են իրենք մասնակից դառնալ այդ գործընթացին»:

Լրագրողների հարցին՝ աուդիտը դեռ չի եղել, կարող է պարզվի, որ թանկացումն անհիմն է, սխալ է, ինչո՞ւ է վարչապետը արդեն պայմանավորվածությունների գալիս՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռքում այն փաստարկները, որոնք կային, լրիվ հաստատում են, որ պիտի բարձրացումը լիներ: ՀԷՑ-ում աուդիտը կապված է, թե՛ որովհետեւ հասարակությունն անընդհատ ասում է, որ այստեղ կոռուպցիա կա, չգիտեմ ինչեր կան: Եթե կլինեն այդպիսի բաներ, բնականաբար, հետեւանքները այլ կլինեն»:

Գալուստ Սահակյանը լրագրողներին առաջարկել էր բիզնես դնել: Մեր հարցին՝ այս երկրում մենք այդքան հնարավորություն ունե՞նք այնքան հարստանալ, որ բիզնես դնենք՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, բիզնեսի համար ավելի շատ խելք է անհրաժեշտ, քան հարստություն: Իմիջիայլոց, մամուլն էլ է արդեն բիզնես դարձել»:

Մենք հետաքրքրվեցինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխելու հարցով: Մեր հարցին՝ նորից «արդարությունը վերականգնվե՞ց»՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա դատական պրոցեսների արդյունքում կձեւավորվի»:

Լրագրողների հարցին՝ Գեւորգ Կոստանյանը հերթական անգամ փայլեց Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքին պաշտպանելով, ինչո՞վ է պայմանավորված նրա առանձնահատուկ վերաբերմունքը Խաչատրյանների գերդաստանի նկատմամբ, որ ամեն անգամ ջրից չոր են դուրս գալիս՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գործի դատախազը Գեւորգ Կոստանյանը չի: Գլխավոր դատախազություն են ուղարկում, դատախազներից մեկը սկսում է գործը նայել եւ որոշում է կայացնում»:

Սարգսյան-Օբամա հանդիպման մանրամասներին տիրապետո՞ւմ եք հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դեռեւս նախագահի հետ չի հանդիպել. «Բնականաբար, զրույց է տեղի ունեցել, բայց թե ինչ զրույց, կարծում եմ, երեւի թե համապատասխան մարմինները կներկայացնեն հասարակությանը»:

Դիտարկմանը, որ Օբաման դեմ արտահայտվեց Սահմանադրական բարեփոխումներին եւ ասաց՝ այն երկրները, որոնք փոխում են, իշխանությունները նպատակ ունեն վերարտադրվելու: Գալուստ Սահակյանը հեգնեց. «Այսինքն, ամբողջ աշխարհը, բացի Ամերիկայից, իրենց իշխանությունը երկարաձգում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031