Եվրամիության աջակցությամբ Հայաստանում 2007 թվականից իրականացվում են մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխման գործընթացներ: Հերթական նախաձեռնությունը Dasaran.am-ում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի» ստեղծումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության եւ գիտության նախարարն ընդգծեց Հայաստանի ամենամեծ դպրոցական-սոցիալական ցանցի դերակատարությունը. Dasaran.am-ը թե երեխաների շփման հարթակ է, թե վիճակագրական յուրօրինակ գործիք՝ կրթության ոլորտի պատասխանատուների համար:
Արմեն Աշոտյանը նշեց, որ տարիներ շարունակ զարգացնում են մասնագիտական կրթության ոլորտը՝ ուսումնարաններում եւ քոլեջներում ներդնելով նոր չափորոշիչներ. «Մասնագիտական կրթության ոլորտը բուռն զարգացում է ապրում: Այսուհետեւ այդ մասին տեղեկություն տարածելու համար օգտվելու ենք Dasaran.am-ից, որտեղ առանձին բաժնում ներկայացվելու են մասնագիտական կրթության հնարավորությունները, հաստատությունները եւ մասնագիտությունները»,-ասաց նախարարը:
Նշենք, որ եթե հինգ տարի առաջ մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններ էր դիմում 14, ապա ներկայում՝ 20 հազար դիմորդ: Սա, Արմեն Աշոտյանի խոսքով, ամենամեծ ձեռքբերումն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ