ԱԺ-ում մշտապես ընդդիմությունը ձայն է բարձրացնում եւ վկայակոչում օրենքը, որ ՎՊ հաշվետվության ներկայացման ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի գալիս խորհրդարան, այլ ուղարկում է իր ենթականերին:
Հատկապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է մշտապես դժգոհում ու հարցնում՝ բա ո՞ւր է Իշխան Զաքարյանը:
Հիմա, որպեսզի ընդդիմադիրները այդ հարցը չտան, կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է քննարկման ներկայացվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» oրենքում լրացում կատարելու մաuին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ազգային ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, եթե ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ներկայությունը հնարավոր չէ ապահովել, նրա փոխարեն զեկուցմամբ հանդես գա Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորությամբ` խորհրդի անդամը:
Կարդացեք նաև
Սակայն հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը խնդրեց այն հետաձգել մինչեւ 1 տարով, որովհետեւ որոշ հարցեր կային հստակեցնելու:
Լրագրողների հետ զրույցում Արսեն Մկրտչյանը, հարցին՝ արդեն իսկ նախագիծ է ընդունվել, որ ՎՊ նախագահը չի ներկայացնելու ՎՊ հաշվետվության քաղաքական մասը, հիմա էլ սա պատգամավորներին կրկին առիթ չի՞ տա բարձրաձայնելու, որ Իշխան Զաքարյանին փորձում են լռեցնել, փոխնախարարը պատասխանեց, որ չի կարծում՝ նման հարցեր լինեն, քանի որ Վերահսկիչ պալատի նախագահը միայն գործուղումների հետ կապված չէ, որ հնարավոր է չկարողանա գալ ԱԺ, այլ նաեւ առողջության, հիվանդության հետ կապված հարցերի «Բայց բոլոր դեպքերում մենք հարցը հետաձգեցինք, հարցը չենք համարում խիստ հրատապ, դեռեւս քննարկումների փուլ պետք է լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ