«Ժողովուրդ»-ը միջադեպի մանրամասների մասին զրուցեց Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող տղաների հետ։
Ըստ Վահագն Խասապետյանի՝ վեճը սկսվել է հենց ակտիվիստի կողմից. «Վահանենց տունը 22 հասցեն է, իսկ մեր տունը՝ 24: Ես, քույրս ու ընկերս՝ Ալբերտը, մեր բակում նստած էինք, զրուցում էինք։ Իսկ իրենց տանից սարսափելի ձայներ էին գալիս, կռվում էին։ Այնպես չի, որ սա առաջին դեպքն էր, որ նրանք տանը կռվում էին ու սարսափելի հայհոյանքներ տալիս։ Վահանի կինը այնպիսի հայհոյանքներ է տալիս, որ անգամ տղամարդիկ չեն տալիս նման հայհոյանք։ Մոտ 2 ժամ տեւեց կռիվը, ու բոլորով՝ մերը, տղան, հարսը, կռվում էին։ Տեսանք՝ էլ ճար չկա, քրոջս տարանք սենյակ, դուռը փակեցինք, որ այդ խայտառակ հայհոյանքները չլսի, ու մենք փորձեցինք հանգստացնել նրանց»։
Ըստ մեր զրուցակցի՝ Վահանին ընկերականով փորձել են համոզել, որ վերջ տան, անհարմար է, բակում կանայք կան, այլեւս չհայհոյեն. «Ասի՝ ախպերս, վերջ տվեք, ինձ ասաց, թե դու ով ես, սկսեց բռթել ինձ։ Ասեցի՝ չես ճանաչում, ձեր հարեւանն եմ։ Վահանը պատասխանեց, թե Մհերի մանկլավիկներից չե՞ս։ Ես զայրացա, ասեցի՝ ինչ կապ ունի Մհեր Սեդրակյանը այս ամենի հետ, որ իր անունն ես տալիս։ Եթե այդքան տղա ես, իր դեմն այդ արտահայտությունն արա։ Դե, ինչ ասեմ, խառնաշփոթ ստեղծվեց, հարվածեցինք իրար։ Հետո մեր հարեւանները եկան ու բաժանեցին։ Մոտ 10 վկա կա, որոնց կանչել են քննչական մարմին, ու մարդիկ պատմել են ողջ եղելությունը»։
Անդրադառնալով ակտիվիստի այն պնդումներին, թե նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիմակիցներից է, Վահան Խասապետյանը պատասխանեց. «Վաբշե կապ չունեմ, հեռու էլ անգամ կապ չունեմ»։
Կարդացեք նաև
Նա նաեւ ընդգծեց, որ արդեն անհնար էր հանդուրժել այդ վիճակը. «Պատկերացրեք՝ տունդ հյուր է գալիս, ի՞նչ անես, նստես լսե՞ս իրենց հայհոյանքները»։
Զրուցեցինք նաեւ Վահագի ընկերոջ՝ Ալբերտի հետ, որը դեպքի օրը հյուրընկալվել էր նրա տանը եւ միջադեպին մասնակից դարձել. «Տենայիք՝ ինչ ծեծ էր դրանց տունը, ջարդում-փշրում էին իրար, հանգստացնելու համար, որ նման հայհոյանք չտան, միջամտեցինք, որ դադարեցնեն։ Վահանը մեզ մենակ ասում էր՝ գիտեմ, ով է ձեզ ուղարկել, իրա մանկլավիկները չե՞ք։ Ախր, ես մենակ Մհեր Սեդրակյանին գիտեմ որպես պատգամավոր, այլ կապ չունեմ»,- վստահեցրեց Ալբերտը:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում