Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը՝ սահմանային լարվածության, Համահայկական խորհրդի և Պուտին-Օբամա հանդիպման մասին

Հոկտեմբեր 02,2015 11:41

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվում 3 հարցի՝ վերջին օրերի սահմանային լարվածությանը, Համահայկական խորհրդի ձևավորմանը, ինչպես նաև Պուտին-Օբամա հանդիպմանն ու սիրիական հակամարտության հնարավոր զարգացումներին:-Պարոն Մանուկյան, շփման գծում վերջին օրերի լարվածությունն աննախադեպ էր: Հակառակորդը, փաստորեն, ագրեսիվ գործողությունների նոր փուլ է մտել, ինչի հետևանքով կորուստներ ունեցանք սահմանից նույնիսկ 5 կմ հեռավորության վրա, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում որո՞նք պետք է լինեն մեր կողմի համարժեք քայլերը, և արդյոք արվո՞ւմ են այդ քայլերը: Կցանկանայինք նաև իմանալ, թե ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը այդ իրավիճակի վերաբերյալ:- Նախ` համաձայն եմ նախագահի այն գնահատականին, որ Ալիևը դա անում է, որովհետև ներսում իշխանությունը պահելու միակ հնարավորությունն անընդհատ ատելություն սերմանելն է հայության նկատմամբ, անընդհատ ռազմական գործողություններով ժողովրդի ուշադրությունը շեղելն իր երկրի ներսում առաջ եկած սոցիալական, քաղաքական խնդիրներից: Այսինքն` սա մի խաղ է, որ Ալիևը տանում է՝ իր քաղաքական նպատակներից ելնելով:

Հիմա հարցը հետևյալն է՝ այդ խաղին ինչո՞վ պատասխանել, որքանո՞վ մտնել այդ խաղի մեջ:Իմ տպավորությունն այն է, որ մեր իշխանությունների քաղաքականությունն այս դեպքերի վերաբերյալ արտահայտվում է Սերժ Սարգսյանի ելույթում հնչած հետևյալ նախադասությամբ. «Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:Այսինքն` ամեն մի հարվածին երբեմն հակահարված չի լինում, որպեսզի հետագա պատասխանը հասկանալի լինի աշխարհին: Երևի դա է քաղաքականությունը: Բայց կարծում եմ՝ արդեն ժամանակն է այդ պատասխանը տալու, և շատ կարևոր է դիմացինին հասկացնել, որ ամեն մի խփածին ինքը երկու անգամ ավելի պատասխան է ստանալու: Կարծում եմ՝ ժամանակն է նաև որոշ բարձունքներ ազատել, որովհետև Հայաստանի տարածքի որոշ մասեր, փաստորեն, Ադրբեջանի վերահսկողության տակ են, և դրանք պետք է հետ վերցնել:

Վախենալ պատերազմից չարժե: Ադրբեջանն ինքը պատրաստվում է պատերազմի, քանի որ հասկանում է, որ որևէ բանակցության միջոցով հարցը չի լուծվի այնպես, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Դրանից բխում է, որ հարցի լուծման միակ ճանապարհը Ադրբեջանի համար ռազմական ճանապարհն է: Սակայն Ադրբեջանը չի ուզենա գնալ այդ ճանապարհով այն դեպքում, եթե դա մեծ ռիսկերի հետ է կապված:- Այսինքն` այսօր գոնե կարելի՞ է ասել, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի:- Այո, բայց Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք չպետք է սպասենք, որ պատրաստվի ու ինքը թելադրի խաղի կանոնները: Մենք պետք է մեր շահերն առաջ տանենք, իսկ եթե Ադրբեջանը դա օգտագործի պատերազմ սկսելու համար, համենայնդեպս, այնքան պատրաստ չի լինի, որքան այն պահին, որի համար պատրաստվում է: Ես կարծում եմ` եթե մենք փորձենք ազատագրել այդ բարձունքները, ապա դա պատերազմի չի հանգեցնի, իսկ եթե անգամ հանգեցնի, ապա կլինի արագ պարտվող պատերազմ Ադրբեջանի համար՝ թույլ չտալով իրեն պատրաստվել ավելի խոշոր պատերազմի:

Մյուս կողմից` չպետք է մոռանանք, որ և՛ ինձ համար, և՛ ձեզ համար շատ ավելի հեշտ է խոսել այդ հարցերի մասին (դե ինձ համար մի քիչ ավելի դժվար, որովհետև ես այդ ամենի միջով անցել եմ ու գիտեմ դրա գինը), բայց երբ երկրի ղեկավարն ես, ապա տասն անգամ ավելի պետք է չափես, որովհետև պատասխանատվությունը` և՛ զոհերի, և՛ մյուս հետևանքների առումով, քո վրա է, պատմության առջև դու ես պատասխան տալու: Ուստի եթե կողքինները պատերազմի մասին հեշտությամբ խոսում են, երկրի ղեկավարների համար դա շատ ավելի բարդ ու պատասխանատու է, և դրա մեջ մտնելու համար շատ մեծ հաշվարկներ են պետք:-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված եք նաև Դուք, սեպտեմբերի 26-ին որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Ո՞րն է այդ խորհրդի ձևավորման նպատակը, համահայկական ի՞նչ խնդիրներ է այն լուծելու:- Արդեն վաղուց աշխարհում պետությունների միջև մրցակցությանը զուգահեռ ընթանում է նաև ազգերի մրցակցություն: Կան ժողովուրդներ, որոնք սփռված են աշխարհով մեկ և իրենց պետության հետ միասին ինչ-որ խնդիրների շուրջ համախմբվելով՝ կարողանում են շատ ավելի մրցունակ լինել, քան մյուսները: Դա նպաստում է և՛ անվտանգության, և՛ տնտեսության զարգացման, և՛ շատ այլ հարցերի լուծմանը: Այդ տեսանկյունից հայերը տասնյակ տարիներ երազում էին ստեղծել համաշխարհային կառույցներ, որոնք կկապեին Հայաստանն ու Սփյուռքը, որպեսզի համաշխարհային մրցակցությանը կարողանայինք մասնակցել ոչ միայն պետության մակարդակով, այլև համաշխարհային հայության ուժերով: Երբ մենք եկանք իշխանության, նույնիսկ վեճեր եղան, ինչն այն ժամանակվա քաղաքական դաշտում մեծ հետաքրքրություն առաջացրեց: Վեճը իմ և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև էր: Նա ասում էր, որ մենք սովորական ազգ ենք, և մեր խնդիրն է զարգացնել մեր պետությունը, իսկ Սփյուռքը, միևնույն է, ձուլվելու է գնա: Ի տարբերություն այս տեսակետի, ես հռչակեցի, որ մենք համաշխարհային ազգ ենք և մեր նպատակներով, տարածվածությամբ ու խնդիրներով պետք է համաշխարհային մասշտաբով հանդես գանք:Ամեն դեպքում, այդպիսի կառույց ստեղծելը շատ դժվար է: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը ներգրավեց և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի գործիչների: Արդյունքը բավականին մեծ էր: Ճիշտ է, արդյունքները միայն հանձնաժողովի աշխատանքով չէին պայմանավորված, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ որակական մի նոր վիճակում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը:

Եթե առաջ շատերն այն ներկայացնում էին իբրև տարածաշրջանային, մասնավոր մի դեպք, ապա այսօր այն ընկալվում է իբրև համաշխարհային, համամարդկային խնդիր: Հանձնաժողովն էլ ձեռք բերեց բավական մեծ հեղինակություն ոչ միայն իր օբյեկտիվ աշխատանքային գործունեության համար, այլև որովհետև ոչ մի հարցում չցուցաբերեց իմպերատիվ վերաբերմունք: Այսինքն` հանձնաժողովը եղավ սփյուռքահայերի նախաձեռնությունները ողջունող, համակարգող կառույց և ոչ թելադրող կամ արգելող: Եվ այդ ամենի շնորհիվ սկսվեց հայ ժողովրդի մի նոր վերամիավորում Ցեղասպանության հարցի շուրջ: Նպատակներն էլ բարդացան, չափանիշներն էլ բարձրացան, և շատ ավելի մեծ պահանջներ դրվեցին: Եվ քանի որ հայության մեջ նորից արթնացավ համահայկական կառույցներ ձևավորելու այդ ձգտումը, ապա ամենահարմար մարմինը, որը կկարողանար այս պայմաններում իրականացնել դա, երևի այդ հանձնաժողովն էր:Սակայն նշենք, որ այդ հանձնաժողովը այդպիսի մարմին լինել չի կարող, այլ կարող է սկսել ձևավորել այդ մարմինը: Իսկ դրա համար պետք է սկսել քննարկումներ ողջ ժողովրդի հետ ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում: Պետք է հասկանալ, թե վերջնական խորհրդի մեջ որքանով է նպատակահարմար պետական գործիչների ներգրավումը: Կամ հայության որոշակի տոկոսը ներգրավված է այս կամ այն կուսակցության մեջ, մի մասը՝ եկեղեցու, բայց կա հայության մի հսկայական զանգված, որը ոչ մի կառույցի մեջ չէ: Ինչպե՞ս են նրանց ներգրավելու խորհրդի մեջ, ընտրությա՞ն միջոցով: Իսկ ինչպե՞ս են կազմակերպվելու այդ ընտրությունները և այլն, և այլն: Այսինքն` կան բազմաթիվ հարցեր, որոնք բարձրացվել էին դեռևս այն ժամանակ, երբ մենք եկանք իշխանության, հետո մարեցին, հիմա նորից 100-ամյակը հանգեցրեց դրան: Ես կարծում եմ, որ համահայկական նման մարմնի ստեղծումը 2-3 օրվա, նույնիսկ 10 տարվա հարց չէ: Դա աստիճանաբար զարգանալով է լինելու: Սակայն դա մեծ առավելություն կտա Հայաստանին անվտանգության ապահովման, զարգացման և բարգավաճման տեսանկյունից և միաժամանակ նույն խնդիրները կլուծի նաև աշխարհով մեկ սփռված հայության համար:

– Պարոն Մանուկյան, կարճ անդրադարձ կատարենք նաև համաշխարհային քաղաքականությանը: Ի՞նչ տպավորություն ունեք Պուտին-Օբամա հանդիպման և նրանց ելույթների մասին: Ի՞նչ դրական զարգացումներ եք ակնկալում սիրիական հակամարտության գոտում և «Իսլամական պետության» դեմ պայքարում:- Գիտեք, ՄԱԿ-ի ստեղծման օրվանից խորքերում վեճեր էին գնում՝ երբեմն ոչ հստակ ձևակերպված: Վեճի իմաստը ո՞րն էր. մի կողմից` ՄԱԿ-ը պետությունների միություն է, իսկ պետությունները շատ տարբեր կարգեր կարող են ունենալ, նույնիսկ բռնապետական լինել, բայց որպես ՄԱԿ-ի անդամ` այդ բոլոր պետությունները համագործակցում են տարբեր հարցերի շուրջ: Մյուս կողմից էլ ՄԱԿ-ի գաղափարախոսւթյունն է, որ բոլոր երկրներում պետք է պաշտպանվեն մարդու իրավունքները, մարդը պետք է ճնշված չլինի և այլն: Բայց, փաստորեն, դու համագործակցում ես մի պետության հետ, որտեղ դա չի կատարվում: ՄԱԿ-ի ստեղծման այս 70 տարիների ընթացքում այդ հակասությունը միշտ առկա է: Սակայն ՄԱԿ-ի հիմնական գաղափարախոսությունը, այնուամենայնիվ, այս տասնամյակներում հաղթական ճանապարհ անցավ. Խորհրդային Միությունը փլուզվեց, ապարտեիդը վերացավ, տասնյակ պետություններ գաղութատիրությունից ազատվեցին և այլն: Դա ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի ներսում պետությունների համագործակցության հետ միասին նաև գաղափարական պայքար է ընթանում, որ պետությունների ներսից պետությունները պետք է փոխվեն: Բայց հարց է առաջանում, թե դրսի՞ց ինչքանով կարելի է միջամտել այդ գործընթացին: Ու այստեղ Պուտինի ասածին չի կարելի չհամաձայնել, որովհետև ինչ բարի նպատակներ էլ հետապնդես, կյանքը ցույց է տալիս, որ եթե տվյալ երկրի պետական կառույցները ոչնչացնում ես, ապա դրանից ազատությունը չի շահում, այլ առաջանում է քաոս, որից օգտվում են ահաբեկիչները, տեղի է ունենում զանգվածային միգրացիա, աղքատություն և այլն:Պուտինի և Օբամայի ելույթների մեջ ես տեսնում էի ձգտում գտնելու այն միջինը, որով այդ երկու հոսանքները միասին կկարողանան աշխատել: Համենայն դեպս, նկատելի էր բարի կամք՝ հանդարտեցնելու իրավիճակը, գնալու որոշակի կոմպրոմիսների և հարցը լուծելու, ինչը շատ ողջունելի է: Իսկապես, այս պետությունների փլուզումները, փախստականների այս մեծ ալիքը հանգեցնում են համաշխարհային նոր ճգնաժամերի: Ժամանակին Ռուսաստանը հայտարարում էր, որ կապիտալիստական աշխարհը ոչնչացնելու է հեղափոխություններով: Չերչիլը քանի անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը չարիք է աշխարհի համար: Բայց երբ առաջացավ մի ավելի վտանգավոր չարիք աշխարհի ու մարդկության համար՝ ֆաշիզմը, Խորհրդային Միությունն ու կապիտալիստական աշխարհը կարողացան միավորվել, որպեսզի պայքարեն դրա դեմ: Ես կարծում եմ, որ հիմա նույն պրոցեսը պետք է լինի, որովհետև այն չարիքը, այն ուռուցքը, որ աճել է, այդ ԻՊ-ը, դրա դեմ պայքարելու համար մյուս բոլոր ուժերը պետք է համախմբվեն:

Զրույցը վարեց Անի Գասպարյանը

ankakh.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031