Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցեց ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպմանը։
Ելույթ ունենալով քննարկմանը` Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.
«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:
Խոսելով այստեղ` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, միևնույն ժամանակ` վկայակոչել մեր ընդհանուր համոզմունքը, որ ԵԱՀԿ-ն իր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնային դերակատարություն ունեցող կազմակերպություն է: Ահա այս լույսի ներքո է, որ մենք դիտարկում ենք ներկա քննարկումները՝ նվիրված ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին, որոնց հայեցակարգը դեռ պետք է հստակեցվի մեր Կազմակերպության շրջանակներում:
Կարդացեք նաև
Մենք համոզված ենք, որ այն պետք է առաջնորդվի և հիմնված լինի խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ ԵԱՀԿ կողմից ստանձնած պարտավորությունների վրա: Այս առումով ցանկանում եմ վկայակոչել Աստանայի գագաթաժողովում ընդունված կոչը` առավել ջանքեր ներդնելու ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ:
Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետևաբար, բոլոր միջազգային, ներառյալ` ԵԱՀԿ ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձևաչափի շրջանակներում և դրա մոտեցմանը համահունչ:
Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում և դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը և ամրապնդելու հրադադարը շփման գծում և սահմաններին: Կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված և նրա լիարժեք աջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության և անվտանգության ձևավորման կարևոր միջոց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:
Քաղաքական լուծումները պետք է որոշեն և ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձևաչափը և հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է և խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:
ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել, կարող են էականորեն տարբեր լինել և դրանց համար չկան հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր: Երկու օր առաջ այստեղ ՄԱԿ-ում տեղի ունեցած Առաջնորդների Խաղաղապահության հարցերով գագաթաժողովը ողջունեց ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների Բարձր մակարդակի խորհրդի զեկույցը, որը զգուշացնում է՝ «շատ հաճախ մանդատները և առաքելությունները ստեղծվում են ձևանմուշների հիման վրա` ի հակառակ անհատականացվելու՝ որպես աջակցություն իրավիճակին հատուկ քաղաքական ռազմավարություններին: Յուրաքանրչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»:
ՀՀ ԱԳՆ