Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկվա լիագումար նիստում ընդունեց Ստեֆան Շեննախի «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը» վերտառությամբ բանաձևը: Բանաձևում ներկայացված են մոնիտորինգի տակ գտնվող երկրներում` այդ թվում Հայաստանում 2014-2015-ին իրականացված մոնիտորինգի արդյունքները:
Այստեղ անդրադարձ է կատարվում ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխություններին, մասնավորապես կոչ է արվում ՀՀ իշխանություններին անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան հանրաքվե:
Բանաձևի 12.2 կետով մոնիտորինգի հանձաժողովը պահանջում է ՀՀ իշխանություններին իրականացնել արդար հետաքննություն 2015-ի հունիսին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կազմակերպված խաղաղ ցույցը ոստիկանության կողմից ցրելու և ցուցարարներին բռնությունների ենթարկելու հարցով:
Կարդացեք նաև
Նշենք, որ երեկ Երևանի ժամանակով ուշ երեկոյան այս բանաձևի ընդունման ժամանակ Լևոն Զուրաբյանն առաջարկությունով հանդես եկավ. մասնավորապես բանաձևի նախանական տաբերակի 9-րդ կետը, որը շարադրված էր «Հայաստանի իշխանությունների ջանքերը (efforts) սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ» վերաշարադրել:
Այն ի վերջո ընդունվեց «սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսելը» տեսքով, որը ներառված է բանաձևի վերջնական տարբերակի 10.2 կետում: Այսինքն` վեհաժողովը համաձայնեց ՀՀ իշխանությունների ջանքերի դրական գնահատականը հանել բանաձևից:
Վերջնական տարբերակի 11-րդ կետում, որտեղ մոնիտորինգի հանձնաժողովն իր մտահոգություններն է հայտնում մոնիտորինգի ենթարկված երկրների վերաբերյալ, ՀՀ-ի մասին ևս դրույթ կա: Մասնավորապես 11.2 կետում ամրագրված է. «քաղաքական միջավայրի շարունակվող բևեռացումը, այդ թվում Սահմանադրական բարեփոխումների պատճառով»:
Նշենք, որ բանաձևն ընդունվել է ձայների 58 «կողմ» , 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: «Դեմ» քվեարկողներից մեկը Լևոն Զուրաբյանն է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ