(Հորդոր Հիմնադիր խորհրդարանին)
Աստծո պարգև երևանյան աշունը աշխատող քաղաքաբնակներիս համար լավագույն ժամանակն է ամռանը չիրականացված սպասումները հաջորդ տարի տեղափոխելու համար:
Իսկ սահմանային գյուղում ապրող գյուղացին իր ո՞ր սպասումը պիտի տեղափոխի հաջորդ տարի…
Այս տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարության անցկացումը դարձել է լայն քննարկման առարկա: Երևանցին ցանկանում է տոնակատարության միջոցները փոխանցել սահմանը պահող գյուղաբնակներին, քանզի այլ գումարների տեղ չգիտի:
Կարդացեք նաև
Պետբյուջեում իրոք փող չկա: Ես շատ կզարմանամ, եթե պարզվի, որ Հանրապետական կուսակցության չինովնիկները էնտեղ մի բան թողել են: Բայց այդ մասին ոչ այսօր:
Բոլորիս հայտնի է, որ մեր սահմանամերձ գյուղերի ռմբակոծության սադրանքները կառավարվում են Մոսկվայից, մեր գյուղացին սահմանը չի լքում, ուստի՝ մնում է ռուս «խաղաղապահներ» խցկել արանքը: Ուրեմն ՌԴ շահը սպասարկող ՀՀ կառավարության վրա հույս պետք չէ դնել:
Փողն ինքներս կստեղծենք
Մեր ժողովուրդը փող կտա՞ սահմանամերձ գյուղերին օժանդակելու համար: Դե, իհարկե, կտա, բայց խնդիրը նրանումն է, թե որքան գումար կգոյանա:
Սրա պատասխանը գիտեն շուկայագետները. կախված է նրանից, թե ով է կատարում դրամահավաքը: Փողը տալիս են «Բրենդին» :
Եթե այս գործընթացը ստանձնի Հիմնադիր Խորհրդարանը, վստահ եմ, որ վերջինս կիրականանա, քանզի այսօր թե՛ ՀՀ-ում և թե՛ սփյուռքում նա մեծ հեղինակություն է վայելում:
Իմ առաջարկը զգացմունքային պահի արդյունք չէ, ես ֆեյսբուքյան էջով ստորև բերվող տեքստով դիմել եմ մեր հանրությանը:
Արդյոք հնարավո՞ր է այս կիսապատերազմական վիճակում Էրեբունի-Երևան ամենամյա տոնակատարությունը այնպես անցկացնել, որ ողջ հայ ժողովրդին ուրախություն պատճառի:
Հնարավոր է:
Եթե մեր սահմանամերձ գյուղերին կարողանանք օգնություն օժանդակել, դա կլինի յուրաքանչյուրիս համար ամենամեծ տոնը (որքան մեծ գումար, այնքան մեծ ուրախություն): Այդ պարագայում տոնակատարությունը անցկացնելու առիթ կունենանք ու թեթևացած հոգով կարելի է և չափավոր ուրախանալ:
Ուստի՝ առաջարկում եմ մինչև Էրեբունի-Երևան տոնակատարության օրը բացել «Օժանդակություն սահմանամերձ գյուղերին » անվամբ բանկային հաշիվ և ըստ ՀՀ քաղաքացու ցանկության դրամահավաք կատարել:
(Ամենքս ինքնուրույն հաշվենք, եթե յուրաքանչյուրս 1$ օժանդակենք, որքան գումար կգոյանա: Կարծում եմ, որ արդյունքը սպասվածից ավել կլինի):
Այս ամենը կազմակերպել Հիմնադիր խորհրդարանի ուժերով, քանզի վերջինս ունի գործունյա և ազնիվ մարդկանց մեծ ռեսուրս, մեդիա փորձ, բացառիկ հեղինակություն:
Առաջարկս աննախադեպ հավանության է արժանացել և, ինչպես փաստում են ֆեյսբուքյան արձագանքները, ես իմ կարծիքի մեջ միայնակ չեմ:
Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ