Այսօր Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մեկնում է Քաթարի մայրաքաղաք Դոհա:
Այստեղ հոկտեմբերի 5-ից 15-ը կայանալիք աշխարհի առաջնությունում, խաղարկվելու են ոչ միայն չեմպիոնական տիտղոսներն ու մեդալները, այլեւ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացնելու են 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նրանք այդ իրավունքը նվաճել են Բաքվում կայացած Եվրոպական 1-ին ամառային խաղերում եւ Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: ՀԲՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, Քաթարում 52 կգ քաշային կարգում խաղարկվելու է երկու, իսկ 56 եւ 64 կգ քաշային կարգերում՝ երեքական օլիմպիական վարկանիշ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ բռնցքամարտիկները մրցավայր ժամանում են մի քանի օր առաջ, որպեսզի հասցնեն մինչեւ մեկնարկը կլիմայափոխվել, իսկ ինքը նրանց կմիանա մի քանի օրից: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, շատ դժվար է լինելու ուղեգիր նվաճելը, քանի որ Դոհայում պայքարի մեջ ներգրավվելու են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները: «Մենք երկար տարիներ մեծահասակների աշխարհի առաջնություններում մեդալակիր, առավել եւս՝ չեմպիոն չենք ունեցել: Հիմա էլ ընդգրկված առաջատարներ չունենք: Սակայն տղաները պետք է փորձեն անել առավելագույնը», – ասաց Արթուր Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնություն ուղեկցում է երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը: Երկրորդ մարզիչը Մեխակ Ղազարյանն է:
«Առավոտ» օրաթերթ
02.10..2015