Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանավորին «սիրելու» մասին

Հոկտեմբեր 02,2015 10:08

Որեւէ երկրում (կամ երկրի որեւէ մարզում) բողոքողների, դժգոհների բացակայությունը այդ երկրի բարվոք վիճակի վկայությունը չէ: Հակառակ դեպքում ամենաբարվոք երկիրը կարելի է համարել Հյուսիսային Կորեան, քանի որ Կիմ Չեն Ինից ոչ ոք չի բողոքում, հակառակը՝ շատ են սիրում, եթե մեռնի, հոնգուր-հոնգուր լաց կլինեն: Բայց այստեղից հնարավոր չէ հետեւություն անել, որ այդ լիդերը «լավ է նայում» իր ժողովրդին, եւ բոլորը նրանից գոհ են: Այդ առումով ռեյտինգներն էլ ինձ առանձնապես բան չեն ասում. Ստալինի կամ Հիտլերի վարկանիշները շատ բարձր էին այն մարդկանց շրջանում, որոնք համակենտրոնացման ճամբարներում չէին: Բենիտո Մուսոլինիին նույնպես շատ էին սիրում իտալացիները, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ի վերջո նրան (իր ընկերուհի Կլարա Պետաչիի հետ միասին) գնդակահարեցին, իսկ այնուհետեւ ոտքերից կախեցին Միլանի ավտոլիցքավորման կայանում, որից հետո մի քանի օրով շպրտեցին աղբանոցը (ոչ թե պատմության, այլ բառիս բուն իմաստով):

Նման դեպքերում ասում են. սիրում է, ուրեմն վախենում է, կամ վախենում է, ուրեմն սիրում է: Սիրված առաջնորդն ընտրություններում ստանում է 99 տոկոս ձայն կամ ունի 80 տոկոսանոց վարկանիշ: Այդ ամենն իմ մեջ կասկածներ է առաջացնում: Ճիշտ այնպես, ինչպես ինձ կասկածելի է թվում Սոլովյովի` մի քանի ժամ տեւող թոք-շոուն, որը նվիրված էր ՄԱԿ-ում Պուտինի ելույթին, եւ որը բացահայտում էր Ռուսաստանի առաջնորդի հանճարի բոլոր երանգները:

Մ.թ.ա. 5-րդ դարի չինացի մտածող Լաո Ցզին նշում է, որ ամենալավ իշխանությունն այն է, որի գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտի: Ավելի վատն այն իշխանությունն է, որը հայցում է ժողովրդի սերը: Շատ վատն է այն, որից ժողովուրդը վախենում է: Իսկ ամենավատ տարբերակն այն է, երբ ժողովուրդն իր իշխանությանն արհամարհում է: Սիրո եւ վախի, Լաո Ցզիի դասակարգմամբ, «միջանկյալ տարբերակներն», իմ կարծիքով, իրար մոտ են: Պարզապես «սեր» բառն այստեղ տեղին չէ. ժողովրդավարական երկրներում իշխանություններին ոչ թե սիրում են, այլ ընտրում են, որպեսզի նրանք ժամանակավորապես կատարեն իրենց պարտականությունները: Եթե վատ են կատարում, հաջորդ անգամ չեն ընտրում: Ահա եւ ամբողջ «սիրավեպը»:

Այս ամենը ես հիշեցի այն առիթով, որ ցանկացած քաղաքապետի կամ մարզպետի մասին որեւէ բացասական բառից հետո մենք ստանում ենք բազմաթիվ մեկնաբանություններ (ենթադրաբար, մարզպետարանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներից), որոնք պնդում են, թե «ժողովուրդն» այդ անձնավորությանը «սիրում է»:
Ամենաշատն այս առումով «սիրում են» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Իհարկե, սիրում են, բա էլ ինչպե՞ս: Փորձեն չսիրել՝ կտա աչքը կհանի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Համաձայն եմ ձեզ հետ:
    Էս անգամ)))

  2. Քրիստափոր says:

    Իսկ շատ ամենավատն այն է, երբ ժողովուրդն իր իշխանությունից զզվում է:

  3. Ruben says:

    «Սիրում է, ուրեմն վախենում է, կամ վախենում է, ուրեմն սիրում է» արտահայտությունն ասվել է մարդանման արարածների մասին:
    Ողջամիտ մարդը սիրում է իր ծնողներին, իր ծննդավայրը, իր երկիրը:
    Ո՞րն է, ի՞նչն է ընդհանուրը երկրի տարածքում:
    Ո՞վ է պատրաստ է իր կյանքը զոհաբերել իր ազատության , ծնողների ազատության , ծննդավայրի ազատության , երկրի ազատության համար:

  4. մարդ says:

    Էս Արսենչիկը հլա չի պատախանել. Երեվի Պուտինին տեսնելու ա գնացել.

    Ինչպես հասկացա, սիրելու տեսակները կա .
    Նայած թե ինչ տեսակ են սիրում.
    ժողովրդական, քաղաքային, թաղային , թե հայաթային.
    Իսկ սիրվողն ել իր հեթին պիտի իրան սիրել տա.
    Թե ոնց , էտ արդեն ինքը գիտի.
    Թե չե հենց ընենց ինչի իրան պիտի սիրեն .
    Այնպես որ զարմանալու ոչինչ չկա. Համականոն զարգացում.

  5. gib.gibindus says:

    Սիրիր իշխանավորին, քանի դեռ նա քեզ չի սիրել-(սահմանադրության տեղայնացված և պարզեցված տարբերակը սահմանամերձ շրջանների համար):

  6. Աշոտ says:

    Սմենացավալին էն ա, որ Հայաստանի կրթված մարկանց մակարդակը սենց “մեկնաբանների” թեթև ձեռքով էս 25 տարում իջել է ցնդված ծերունիների կոմայգու մակարդակից էլ ցածր;
    Սա իհարկե անձամբ Արամ Աբրահամյանի խոշոր ձեռքբերումն է;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031