Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կգնանք ոչ նկարվելու, ցուցադրելու համար»

Հոկտեմբեր 02,2015 15:30

«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Ռազմիկ Պետրոսյանը Էդուարդ Շարմազանովին հորդորում է ասել` ինչո՞ւ են ծեծել Սմբատ Հակոբյանին

«Մենք ոչ թե ԵԿՄ-ից ենք նեղացած: ԵԿՄ-ն իր մեջ հավաքել էր ազատամարտիկներին, որոնց առաքելությունն է եղել լինել բանակի ու ժողովրդի կողքին: Այն ժամանակ քաղաքական դաշտում, երբ ԵԿՄ-ն փորձեց դիրքավորվել իշխանությունների կողքին, այն մարդիկ, ովքեր համաձայն չէին ԵԿՄ-ի կարգավիճակի փոփոխությանը, տեղափոխվեցին ժողովրդի դաշտ` մնալով իրենց առաքելությամբ»,- «Առավոտի» հարցին` սահմաններում լարված այս իրավիճակում ԵԿՄ-ականները Մանվել Գրիգորյանի հրահանգով մեկնել էին Տավուշի սահմանամերձ շրջաններ՝ նորակոչիկների կողքին լինելու համար. անհրաժեշտության դեպքում՝ ինչ-ինչ պատճառներով ԵԿՄ-ից նեղացած ու հեռացած ազատամարտիկները ԵԿՄ-ականների հետ կմեկնե՞ն լարված կետեր, ասաց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգողներից Ռազմիկ Պետրոսյանը:

«Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց մենք մեր զինվորի կողքին ենք»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ողջունում է բոլոր նրանց, ովքեր ԵԿՄ-ի շարքերում, թե այլ տարբերակով զինվորի կողքին են: Զորամասը, որի հրամանատարն է եղել Ռազմիկ Պետրոսյանը, առաջնային գծում է, եւ նա թե պաշտոնական լրահոսից, թե անձնական կապերով լավատեղյակ է բոլոր իրադարձություններին. «Եղան դժվարություններ, հակառակորդի կողմից քայլեր եղան, բայց փառք Աստծո, անցավ: Համարժեք պատասխան լինում է: Բանակն այսօր կարող է: Ուրիշ հարց է զինվորի կողքին լինել` հոգեբանորեն տրամադրելու եւ այլն: Այս մի քանի օրվա դեպքերն էլ չլինեին, մենք հոգեբանական առումով անելիք ունենք: Բայց այսօր մենք ինքներս մեզ հոգեբանորեն վերականգնելու խնդիր ունենք»: Ամեն դեպքում՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ազատամարտիկները կլինեն առաջին գծում. «Մենք կգնանք ոչ նկարվելու, ցուցադրելու համար: Պաշտպանության նախարարությունը պիտի իմանա, որ մենք այդտեղ անելիք ունենք»:

Ռազմիկ Պետրոսյանը վստահ է, որ Սմբատ Հակոբյանը, ով անկախության 24-ամյակի օրը դաժան ծեծի ենթարկվեց, առանց վարանելու իրենց հետ կմեկնի ռազմաճակատ: Այս համատեքստում անդրադառնալով Սմբատ Հակոբյանի հետ կատարվածին՝ մեր զրուցակիցն ասում է. «Դա միայն Սմբատի խնդիրը չի:

Դա մեր տեսակի խնդիրն է, ու մենք ուզում ենք անպայման մեր ձեռքերով պատժել մարդկանց, ովքեր կարող են զինվորի վրա ձեռք բարձրացնել: Մանավանդ՝ մեր երկիրն այսօր այն վիճակում է, որ ամեն օր զինվորի անհրաժեշտություն ունենք: Ես դեմ եմ նման ձեւով հարցեր լուծելուն, բայց եթե օրենքի առաջ բոլորը հավասար չեն, ժողովուրդն ինքը պիտի դատի: Եթե Հայաստանի անկախության օրը Հայաստանի անկախության համար կռված ու հաղթանակ բերած մարդու հետ այդ ձեւով ենք վերաբերվում, մեր մատաղ սերնդին ո՞նց ենք դաստիարակում հայրենիքի համար հոգին տալուն պատրաստ լինել: Մնացած բոլոր տեսակի ճռճռան խոսքերը, գրքերում գրված հայրենասիրական կոչերն անիմաստ են դառնում, որովհետեւ գործնական կյանքում հաղթած սպային ծեծում ենք, ծեծելով սպանում ենք: Դատապարտում ենք ադրբեջանցուն, որ գիշերով կացնով սպանում է: Բայց չենք դատապարտում, որ Հայաստանում հայ սպային ծեծելով՝ սպանում են: Եթե այս ամենին մեր երկրում վերջ չդնենք, եթե մեկս մյուսի հանդեպ մեր երկրում ատելությամբ ապրենք, թշնամու դեմը ո՞նց ենք առնելու»:

Ռազմիկ Պետրոսյանը փաստում է` 1988-ի պայքարը մեզ այնպես միավորեց, որ ներսում թշնամիներ ման գալու խնդիր չունեինք, մեկս մյուսից վախենալու խնդիր չունենալով ենք ճակատում հաղթել. «Հիմա մենք նույն մարտահրավերի առջեւ ենք` սահմաններում լարված վիճակ է, ներսում՝ ներքին թշնամանք, ու թիմեր ենք ձեւավորում: Սա է ցավը ինձ համար: Այս պրիզմայով որ նայում ես, սա արդեն դժբախտություն է: Պետք է լուրջ դատապարտում լինի: Կիսամարդ ենք դարձնում ու հասարակությունով սկսում ենք փնտրել` քաղաքակա՞ն է, թե՞ կենցաղային, որակումների հետեւից ենք ընկնում, փոխարենը՝ անկախ մեր տեսակից, քաղաքական նախասիրություններից ու կողմնորոշումներից, դատապարտենք»:

Լավ ճանաչելով Սմբատին՝ Ռազմիկ Պետրոսյանը համոզված է, որ քաղաքականից բացի՝ ուրիշ պատճառ չկա: «Բայց անգամ եթե կենցաղային էլ լիներ, ոչ ոքի իրավունք չի տրվում մարդուն նման օրը գցել, ոչ մի կերպ դա չի արդարացվում: Սա արդեն վախի մթնոլորտ է: Նշանակում է, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, կռված մարդ՝ չարիք եմ դարձել, ու ինձ փորձում են վնասազերծել: Սա մի ուղերձ է` եթե մենք այս տեսակին ենք կարողանում ծեծել ու մնալ անպատիժ, ուրեմն, սովորական քաղաքացի, դու քո մասին մտածիր»:

Ինչեւէ, Սմբատ Հակոբյանը նոր հայտարարությամբ հանդես կգա, ու հավանաբար արդեն առավել հստակություն կմտնի այս գործի մեջ: Օրերս, հիշեցնենք, նա խոստացել էր Ռուբեն Հայրապետյանի մասին նոր հայտարարություններ անել: Իրեն ծեծողների մեջ Սմբատ Հակոբյանը ճանաչել էր ոմն Տիգրանի, ով ժամանակին Ռուբեն Հայրապետյանի թիկնազորում էր աշխատում: Հետո Հակոբյանը հայտարարեց, որ իր հետ կատարվածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի:

Ռազմիկ Պետրոսյանին վրդովեցրել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ով պնդել էր, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի: «Ուրեմն մարդը ինչ-որ բան գիտի, որ նման հայտարարություն է անում, օդի մեջ հո չի՞ ասում, ինքը պատահական մարդ չի, ԱԺ փոխնախագահն է: Եթե բան գիտի` թող ասի: Ուրեմն գիտի, թե ով եւ ինչի համար է ծեծել: Ով է ծեծել` թող չասի, բայց թե ինչի համար են ծեծել՝ թող ասի, մենք էլ իմանանք»:

Ռազմիկ Պետրոսյանի գնահատմամբ՝ սոցիալական պատճառները չեն կարող արտագաղթի առիթ լինել. «Ներքին այս անկառավարելի վիճակը, թողտվությունը, վախը, անպատժելիության տիրույթում գտնվող կլաններն են, որ հասարակությանը մղում են արտագաղթի»:

Մեր զրուցակիցը հիշում է, որ Ապարանի ճակատամարտի մասնակից իր պապին խորհրդային իշխանություններն աքսորել են Ալթայի երկրամաս, շատերն էլ միջոցներ էին գտնում` աքսորից խուսափելու համար, իսկ հիմա նա ցավով է նշում, որ անկախ Հայաստանի հայերն այսօր կամավոր են մեկնում Ալթայի երկրամաս. «Այսինքն՝ մենք, հատկապես իշխանությունները, մտածելու բան ունենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031