Լրահոս
Օրվա լրահոսը

Ով եւ ինչ նպատակով է «բիցիլինը» ներարկել հղի կնոջը

Հոկտեմբեր 02,2015 15:00

Դուստրս՝ Կարինե Աթոյանն ընդամենը 25 տարեկան էր: Նա դպրոցն ավարտել էր գերազանց գնահատականներով, գերազանց էր ավարտել նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանը, գերազանց արդյունքներով 2 տարի աշխատել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի պոլիկլինիկայում որպես գլխավոր հաշվապահ: Կարինեն ուներ նաեւ հրեշտակի բարոյական կերպար՝ անսահման բարի ժպիտով: Իմ դուստրը գտնվում էր 9 ամսական հղիության վիճակում, 9 ամիսների ընթացքում առողջական որեւէ խնդիր չէր ունեցել: Նա ուներ բազմաթիվ լուսավոր երազանքներ՝ իր առաջին երեխայի ծննդյան եւ իր երիտասարդ ընտանիքի ապագայի հետ կապված:

2005թ. հոկտեմբերի 1-ի առավոտյան Կարինեին՝ փող աշխատելու նպատակով կեսարյան հատման տանելով, սպանեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի ծննդատանը, փորձ անգամ չանելով փրկելու գոնե առողջ երեխային:

Քրեական գործի անընդհատ ձգձգումից եւ անտանելի ցավից 2007 թ. մահացավ նաեւ ամուսինս: Նա տասնյակ տարիներ արժանապատվորեն աշխատել էր պետական համակարգում, նաեւ տաղանդավոր նկարիչ էր: Կործանվեցին նաեւ իմ մյուս 2 երեխաների երջանիկ ճակատագրերը, նրանք զրկվեցին նաեւ նյութապես ապահով կարգավիճակից:
Մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությունը տեւեց տարիներ: Հիմնավոր եւ լիարժեք ձեւով ապացուցվեցին, որ իմ երեխայի մահվան պատճառը բժշկական բազմաթիվ սխալ գործողություններն էին: Բացահայտվեցին նաեւ բժշկական փաստաթղթերում կատարված բազմաթիվ կեղծումները: Բերդ քաղաքի հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ մեղադրանքներ ստացան եւ դատապարտվեցին: Հինգուկես տարի ազատազրկման դատապարտված գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանն ու անեսթեզիոլոգ Գագիկ Մելիքյանը հետագայում անօրինական համաներում ստացան եւ ժամկետից շուտ ազատվեցին պատժի հետագա կրումից:

Karine_Atoyan_1

Գործի քննությունն այդքանով չավարտվեց, քանի որ կային որոշակի անհերքելի հանգամանքներ, որոնք չէին բացահայտվել, իսկ ես հետեւողականորեն պահանջում եմ, որպեսզի անպայմանորեն բացահայտվեն այդ կարեւոր եւ սարսափելի հանգամանքները, օրինակ՝ իմ դստեր արյան մեջ փորձաքննությամբ հայտնաբերվել էր «բիցիլին» դեղամիջոցը, որը որեւէ բժշկի կողմից չէր նշանակվել, դրա կարիքը չէր եղել: Ես պահանջում եմ, կա նաեւ դատարանի որոշում այդ կապակցությամբ, որ բացահայտվի, թե ով եւ ինչ նպատակով է այդ դեղը թաքուն ներարկել հղի կնոջը: Պահանջում եմ նաեւ, որպեսզի պարզի, թե անեսթեզիոլոգ Գագիկ Մելիքյանը ինչ իրավունքով եւ ինչ պատճառներով ու նպատակներով է գիշերը մտել ծննդատուն եւ առանց գինեկոլոգի իմացության եւ թույլտվության՝ ոչ միայն նշանակումներ կատարել «բուժման մեջ գտնվող» հղի կնոջը, այլեւ անձամբ էր ծննդատուն տարել հղիներին հակացուցված դեղեր եւ այն ներարկել էր տվել իմ դստերը՝ թույլատրելի սահմաններից շատ ավելի դոզաներով:
Անցած 10 տարիների ընթացքում երեւան են եկել նաեւ նոր, անսպասելի հանգամանքներ, օրինակ՝ պարզվեց, որ գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանը օրենքով սահմանված կարգով հրամանագրված չի եղել որպես բժիշկ, այսինքն՝ բժշկական սպասարկում իրականացնելու որեւէ իրավունք չի ունեցել Բերդ քաղաքի ծննդատանը: Պարզվեց նաեւ, որ նույն գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանը, ում ներկայացրել էին մեզ որպես Երեւանից հրավիրված բարձրակարգ բժիշկ, նախկինում 3 անգամ դատված հանցագործ էր, նախկինում 2 հղի կնոջ մահվան պատճառ էր դարձել, սակայն արժանի պատիժ չէր կրել եւ շարունակում էր աշխատել որպես գինեկոլոգ: Երրորդ զոհը դարձավ իմ դուստրը:

Անսպասելիորեն բացահայտվեց, որ նույն Յուրիկ Նասիբյանի կողմից 1993 թ. Երեւանի Աջափնյակ թաղամասում դիտավորյալ սպանություն էր կատարվել՝ դանակով կտրել էր տանտիրուհու շնչափողն ու քներակը եւ թալանել նրա բնակարանը, ինչի համար 13 տարի ժամկետով (5-րդ անգամ) ազատազրկման է դատապարտվել 2 տարի առաջ:
Անօրինական համաներումով բանտից ազատ արձակված հանցագործ Գագիկ Մելիքյանն այսօր նշանակվել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ընտանեկան բժիշկ, վտանգի տակ դնելով առանց այդ էլ թշնամու պարբերաբար հրետակոծումներից վտանգի տակ գտնվող գյուղացիների կյանքը:

Այդ որ պաշտոնյան է, որ ընդունակ է երաշխավորելու, թե Գագիկ Մելիքյանը Յուրիկ Նասիբյանի նման 5 անգամ չի կրկնելու իր հանցանքները: Ես պարտավոր եմ զգուշացնելու, որ Գագիկ Մելիքյանը շատ վտանգավոր է եւ իրավունք ունեմ պահանջելու, որ նրան զրկեն բուժօգնություն իրականացնելու հնարավորությունից: Բերդ քաղաքի հիվանդանոցում դեռեւս աշխատում են մյուս դատված եւ չդատված հանցագործները:

Այդ հիվանդանոցում եղել են նաեւ ուրիշ մահվան դեպքեր, որոնք իրավական գնահատական չեն ստացել, չնայած ծնողների բազմաթիվ բողոքներին, օրինակ՝ 2003թ. մահացել է 13-ամյա Սարինե Մարդանյանը Նավուր գյուղից, 2004թ.՝ 32-ամյա Սոս Ղուկասյանը Բերդ քաղաքից, 2008թ.՝ հղի, 22-ամյա Աննա Այվազյանը Այգեպար գյուղից:
Անցել է 10 տարի, սակայն ես դեռեւս հույս ունեմ, որ կբացահայտվեն իմ երեխայի մահվան բոլոր հանգամանքները եւ իրավական գնահատականներ կտրվեն՝ որպես նախադեպ ընդդեմ հանցագործ բժիշկների անպատժելիության:

Հույս ունեմ նաեւ, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում բուժօգնության կազմակերպման եւ իրականացման որակը բարձրացնելու ուղղությամբ դրական տեղաշարժ կլինի, ինչը մինչ օրս չկա:

Հարգելի հայ մայրեր, թույլ մի տվեք, որ հղի կանանց անհիմն ու անտեղի կեսարյան հատումների ենթարկեն, թույլ մի տվեք, որ ձեր թոռնիկները լույս աշխարհ գան նարկոզից վնասված օրգաններով:

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԹՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031