Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ պայթյուն. Էսսե

Հոկտեմբեր 02,2015 14:30

Ասում են՝ որտեղ գերեզման ունես` այդ հողը հայրենիք է.                                               Այսքան շատ հայրենիք մեր ինչի՞ն է պետք:

(Սլավի Ավիկ Հարությունյան ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ)

2013-ի դեկտեմբերյան մի ցուրտ երեկո Տիգրան Տիգրանյանի հետ այցելեցինք Գորիսում բնակվող մեր ընկերոջը` բժիշկ Վովա Առաքելյանին: Թեթեւ` ընդգծվածորեն տղամարդկային ընթրիքից հետո ծավալված նոստալգիկ զրույցն ուղեկցվում էր Վիլլի Տոկարեւի երգով.
-И наше еврейское счастье.
нигде не можем мы найти,
Мы все одержимые страстью –
быть вечно в дороге, в пути.

-Ասես մեր մասին լինի,-ժպտալով ասաց տանտերը:
Տիգրանն էլ պատմեց, թե ինչ է ասել իրեն գնչուների մի բարոն, ում հետ իրեն ծանոթացրել էր մի գնչու գործարար.

-Да! У них тоже дорога в крови.
Ընկերներս սկսեցին տրտնջալ ահագնացող արտագաղթի կապակցությամբ: Հետո մեկ էլ Տիգրանն ասաց.
-Բայց եւ որքան էլ տարօրինակ ու անտեղի հնչի, Եղեռնը նաեւ հսկայական խթան է հանդիսացել աշխարհում մեր ներկայացվածությունն ավելի ծանրակշիռ դարձնելու ճանապարհին:

-Եվ ինչ` հրեաների պես մենք է՞լ ենք մեր շոշափուկները տարածելու ազդեցության ամենատարբեր ոլորտներում,- ավելի շատ կարծիք հայտնեց, քան հարցրեց Վովան: Ես ու Տիգրանը լռեցինք:

-Ամեն դեպքում, մի պահ կարծես բոլոր հնարավորությունները կային համաշխարհային ազգ դառնալու համար,- մեծագույն պատասխանատվություն կրողի ամոթխածությամբ ու քիչ անվստահ ասաց Տիգրանը:

Ես հայոց ճակատագիրը համեմատեցի Մեծ պայթյունի* հետ:

Տղաները հոգնած ժպտացին:

-Ես էլ այդ պայթյունի մի բեկորն եմ, էլի, հա՞,-կատակեց Տիգրանն, ու մենք հրաժեշտ տվեցինք Վովային (ի՜նչ իմանայինք, որ վերջին անգամն ենք տեսնում նրան): Հաջորդ երեկոյան հիշեցի մեր զրույցն ու իմ համեմատությունը: Արդեն անկողնում մտովի անդրադարձ կատարեցի տոհմիս պատմությանն ու հայտնաբերեցի, որ այն հարափոփոխ դեգերումների ընթացք է: Հետո անցա ինձ ծանոթ մի երկու տոհմերի եւս. հը՜մ, նույն պատկերն է. дорога в крови.

Տասնիններորդ դարի սկզբներին պապերս Ղարադաղից եկել են Արցախի Խծապերթ գյուղ (նրա եղբայրները հաստատվել են Սպահանում), որտեղից քիչ անց տեղափոխվել են Ղարաբաղի մի այլ բնակավայր` Ներքին Սզնեք: Մի քանի տասնամյակից հետո հորս դերձակ պապը բնակություն է հաստատել Կապանի Կաղնուտ գյուղում, որտեղից նրա որդիներից մեկը` հորս հորեղբայրը, բնակվել է Կապան քաղաքում, նրա որդիներն ու թոռներն էլ սփռված են աշխարհով մեկ` Մոսկվա, Մոսկվայի մարզ, Նիկոլաեւ, Բելգիա, ԱՄՆ… Հորս եղբայրներից մեկն ապրել է Նովոսիբիրսկում, որտեղ եւ կնքել է մահկանացուն: Մյուսը տեղափոխվել է Երեւան, որտեղից անցել է Վլադիմիր: Նրա երկու որդիներից մեկն այդտեղից գնացել է Լիտվա, այժմ բնակվում է Ռյազանում: Հորաքույրներս նույնպես նպաստել են Երեւանը միլիոնանոց քաղաք դարձնելու` ժամանակի կարեւորագույն գործին: Փոքրի մինուճար որդին ապրում է Լեհաստանում: Իմ եղբայրը գնացել է Չիտա` ուսումնառության, որտեղից ընտանիքով տեղափոխվել է նախ` Կամչատկայի Պետրոպավլովսկ, հետո ապրել ու աշխատել է Բերինգի նեղուցի մերձակայքում, հետո նորից եկել է Չիտա, որտեղ եւ վախճանվել է: Նրա ավագ որդին ապրում է Խաբարովսկում, իսկ կրտսերն ընտանիքով բնակվում է Չինաստանին սահմանակից մի փոքրիկ քաղաքում, որտեղ կնոջ հետ աշխատում են տեղի ատամնաբուժարանում: Քույրս սկզբից Չիտայում էր ապրում, հիմա տեղափոխվել են Վորոնեժի մարզ: Ես էլ ամուսնանալուց հետո տեղափոխվել եմ Ստեփանակերտ, հետո` Շուշի, որտեղ եւ ապրում եմ: Առայժմ: Դեգերումներիս պատկերն ամբողջացնելու է գալիս նաեւ տարբեր բնակարանների ու աշխատավայրի տեղափոխությունների պատկերը` վեց տարում տասնմեկ անգամ: Ոչ պակաս տպավորիչ է նաեւ մորս կողմի դեգերումների պատմությունը. Ալթայ, Դոնի Ռոստով, Կեմերովո, Բաքու, Մոսկվա, Վորոնեժ, Կիեւ, Ուրալ, Քաջարան, Ստեփանակերտ, Երեւան, Արարատ, Իսպանիա, ԱՄՆ…
Եվ բոլոր տեղերում` նոր գերեզմաններ…

Երբ արդեն թղթին էի հանձնել ասելիքս, բովանդակությունն էլեկտրոնային փոստով ուղարկեցի արդեն Մոսկվա տեղափոխված Տիգրանին: Երկու օր անց զանգեց:
-Վատ չի, ասաց: Բայց եւ տխուր է: Հիշում ես Խորեն Աբրահամյանի համակրելի հերոսին` գաղթականի հոգի ունեք. ես գաղթական չեմ դառնա, ասում էր: Ես էլ նույնը: Ես գալու եմ մի օր:

Ու զգացի, որ խոսելը ծանր էր ընկերոջս համար… Ես էլ լռեցի:

-Լավ, կտեսնվենք,- լսվեց հրաժեշտի փոխարեն:

Մեծ պայթյունի տեսության մեջ ասվում է նաեւ, որ գալիս է նաեւ Տիեզերքի ընդարձակման ավարտը, ինչից հետո սկսվում է հակառակ պրոցեսը` մատերիան վերադառնում է ելման` սինգուլյար վիճակին: Կգա օրը, եւ բոլորս կրկին կհավաքվենք մեր ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Բայց ես ուզում եմ, որ դա այս կյանքում լինի, մեր կենդանության օրոք:

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

* Ըստ գոյություն ունեցող տեսության, Տիեզերքն արարվել է մոտավորապես 14 միլիարդ տարի առաջ` Մեծ պայթյունի արդյունքում, ինչից առաջ այն գտնվում էր սինգուլյար վիճակում, երբ ողջ մատերիան անսահմանորեն խիտ էր ու սեղմված:

«Առավոտ» օրաթերթ
01.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031