Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ ուրախությունից սիրտս չդիմանա»

Հոկտեմբեր 02,2015 13:30

Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը՝ իր «Երեք սուրբ» եռապատման մասին

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Սադոյանը «Առավոտին» հայտնեց, որ վերջերս անակնկալ հեռախոսազանգ է ստացել Չեխիայից: «Չեխ ճանաչված երաժշտագետ, պատմաբան, իրավաբան եւ հրատարակիչ Յարոսլավ Սովինսկին խնդրեց իմ համաձայնությունը, ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» եւ Ստեփան Զաքարյանի «Խոր վիրապ» պիեսի՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերաս տեղեկության տեսքով Չեխիայում «Օպերային արվեստի հանրագիտարանի» 11-րդ հրատարակությունում, որպես ժամանակակից մեծակտավ հաջողված ստեղծագործություն, ընդգրկելու խնդրի առիթով»,- ասաց պարոն Սադոյանը: Հետո էլ հավելեց, որ Յարոսլավ Սովինսկին 2007թ. Երեւանի օպերային թատրոնում ներկա է գտնվել իր օպերայի (լիբրետոն հեղինակինն է) թատերականացված տարբերակի համերգային կատարման (լուսանկարում) պրեմիերային: Ընդ որում, Սադոյանի օպերան երեք անգամ՝ 2006-2007թթ. ներկայացվել է հայ հանդիսատեսին, Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով (դիրիժորներ՝ Կարեն Դուրգարյան, Կարեն Լավչյան, խորմայստեր՝ Կարեն Սարգսյան):
Հարցին, թե ինչու այդպես էլ չիրականացավ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերայի լիարժեք բեմադրությունը, պարոն Սադոյանը «եկավ» հեռվից: «Հանդիպել եմ մեր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ, նրան տեղեկացրել եմ, որ ավարտել եմ «Մաշտոց» օպերաս՝ ըստ Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրամայի եւ առաջարկել, որ սա էլ ունենա համերգային կատարում: Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախ ներկայացրու՝ ծանոթանանք, հետո կմտածենք…»,- հայտնեց մեր զրուցակիցը:

8706

Ինչ վերաբերում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» օպերայի բեմադրությանը, մեր զրուցակիցն ասաց, որ թատրոնում 3 անգամ այն լսելուց հետո խմբագրական որոշ ճշգրտումներ է կատարել, հետո էլ կատակեց, թե երկրային կյանքը հավերժական չէ (Էդուարդ Սադոյանը 77 տարեկան է) եւ ինքը կուզենար, որ «Մաշտոցն» էլ տեսներ ազգային օպերային թատրոնում:

Իմիջիայլոց, Վագները ժամանակին իր օպերաները ներկայացրել է հաջորդաբար երեք երեկոների ընթացքում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Էդուարդ Սադոյանը հիշեցրեց, որ ժամանակին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Կարեն Դուրգարյանը իր «Նարեկացի. «Ձայն առ Աստված» բալետի երաժշտությունը ներկայացրել են հանդիսականին: Լիբրետոն էլ ճանաչված խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանինն է, «Այս բալետը եւ 2 հիշյալ օպերաներս եռապատում են՝ «Երեք սուրբ» խորագրով»,- նշեց կոմպոզիտորը: Հետո էլ կատակեց՝ եթե Վագների օրինակով իր բախտը հանկարծ բերի, ու եռապատումը բեմադրվի օպերային թատրոնում, հնարավոր է ուրախությունից սիրտը չդիմանա:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031