Մարդկության պատմության ընթացքում ի հայտ են գալիս անհատներ, առանց որոնց անհնար է պատկերացնել այս կամ այն ոլորտի զարգացումը: Անողոք է hատկապես արվեստի աշխարհը: Յուրաքանչյուր նոր ժամանակ կարող է թելադրել իր կանոնները, բայց այստեղ կհավերժանան նրանք, ովքեր կունենան իրենց անկախ տեսակետը եւ ազնիվ ասելիքը:
Հովհաննես Զարդարյանը մեկն է 20-րդ դարի այն արվեստագետներից, որ անցել է ժամանակի բոլոր փորձություններով` վստահաբար դաջելով իր հետքը հայ գեղանկարի պատմության մեջ:
Զարդարյանի ուղին սկսվում է Արեւմտյան Հայաստանի Կարս քաղաքից: Դարասկզբի հայտնի պատմական իրադարձությունների հետեւանքով Զարդարյան ընտանիքը բազմաթիվ դեգերումների պատճառով հայտնվում է նախ` Արմավիրում, այնուհետեւ Կրասնոդարում, եւ 1920 թ.՝ Թիֆլիսում: Հենց այստեղ էլ ապագա նկարիչը սկսում է մասնագիտական առաջին քայլերը` տեղի Գեղարվեստի ակադեմիայում: Սակայն կարճ ժամանակ անց, Հովհաննեսը տեղափոխվում է Երեւան եւ կրթությունը շարունակում Գեղարդ տեխնիկումում (այժմ Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստի պետական քոլեջ): Դա 1933թ. էր, երբ այս հաստատությունում դասավանդում էր անվանի հայ արվեստագետների սերուցքը` Ս. Աղաջանյան, Վ. Ախիկյան, Ս. Առաքելյան, Վ. Գայֆեճյան եւ այլք: Վերջին երկուսի` Առաքելյանի եւ Գայֆեճյանի մոտ էլ ուսանում է Զարդարյանը: Հետագայում նկարիչը մասնագիտական կրթությունը շարունակում է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի մոնումենտալ գեղանկարչության բաժնում:
Ուսումնական տարիներին հաջորդում են ստեղծագործական բեղուն ժամանակները, որոնց սկիզբը համընկնում է Հայրենական մեծ պատերազմի ընթացքին: Ժամանակները դժվար էին, հատկապես ստեղծագործ անհատի համար: Այսուհետ նախկին Սովետական միության երկրներից յուրաքանչյուրի պատմության անբաժանելի մասն է կազմում սոցռեալիզմը: Երաժշտություն, կինո, գրականություն, քանդակ, գեղանկար. արվեստի բնագավառը բացառություն չէր: Այլեւս գրեթե անհնար էր խուսափել պարտադրվող քաղաքական գաղափարախոսությունից եւ դրանով պայմանավորված «իրականությունից»: Եվ այս առումով Հովհաննես Զարդարյանի արվեստը բացառություն չէր: Այլ հարց էր` ինչպես ներկայացնել այդ «ռեալիզմը»: Արվեստագետի ստեղծագործությունները բազմաժանր եւ բազմաբովանդակ են անգամ տվյալ շրջանում:
Երիտասարդ նկարիչը հայացքն ուղղում է նախնիների պատմական անցյալի իրադարձություններին եւ լուսավորյալ կերպարներին, որոնք հայ իրականության առավել հայտնի եւ ազդեցիկ ներկայացուցիչներն էին: Նմանատիպ պատմական դիմանկարներն («Երաժշտագետ Կոմիտասը» 1950-52, «Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան») իրենց մեծադիր հորինվածքով, բովանդակային լուծումներով կրում են ժամանակի պահանջներին հարազատ մոնումենտալ բնույթ, ռոմանտիկ շունչ: Սակայն խորապես մտածված, քանիցս կատարելագործված գեղարվեստական բարձրարժեք այս ստեղծագործությունները ընդունվում եւ սիրվում են արվեստասեր հասարակության կողմից: Հովհաննես Զարդարյանի սոցիրական աշխատանքներն անգամ առանձնանում են կատարողական բարձր տեխնիկայով, մեկնաբանությունների տեղիք տալիս ժամանակի հայտնի արվեստաբաններին: Նկարիչը ստեղծագործական առաջին իսկ օրերից արդեն արժանանում է պատշաճ վերաբերմունքի` պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, կոչումներ: Սակայն Զարդարյան արվեստագետն այդ տարիներին թե՛ Սովետական միությունում, թե՛ արտերկրում լուսաբանվում է միակողմանի` ներկայացվելով առավելապես սոցռեալիստորեն մտածող` մոնումենտալ շեշտվածությամբ, գունային դեկորատիվ հակումներով նկարիչ:
Այսօր արդեն, երբ գեղանկարիչը մեզ հետ չէ ավելի քան երկու տասնամյակ, հանրությանն է ներկայանում գեղարվեստական սկզբունքներով եւ փիլիսոփայությամբ բոլորովին տարբեր Զարդարյան: Եվ ով կմտածեր, որ սոցիալիստական երկրում ապրող եւ վերահսկողության տակ գտնվող նկարիչը խորհում էր այլ կերպ, մտերիմներն, իհարկե, գիտեին ավելին, սակայն հասարակության լայն շրջանակների համար սա նոր բացահայտում էր: Թերեւս այդ խոհերն էին ընկած «Գարուն», 1956թ., «Ձգտում», 1960թ. ստեղծագործությունների հիմքում: Վերջիններս աչքի են ընկնում անթաքույց հոգեւոր ազատության կոչի հասնող բովանդակությամբ, սիմվոլիկ կերպարներով, գունային թարմ լուծումներով:
Հովհաննես Զարդարյանի «այլախոհական հակումների» ապացույցն այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում նկարչի` «Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում» ընթացող անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են ավելի քան վաթսուն գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք կրում են «Գաղթ» խորագիրը: 1957-79 թթ. ընթացքում վրձնած գեղանկարչական շարքն իր թեմատիկայով, ինչպես նաեւ գեղարվեստական մոտեցմամբ արդեն իսկ հակասում է խորհրդային պաշտոնական գաղափարախոսությանը: Դեռեւս` 1955 թ. Հայաստանի պատմության պետական թանգարանի պատվերով Հովհաննես Զարդարյանը ստեղծել էր «Հայերի բռնագաղթը Շահ-Աբասսի կողմից. 1604 թ.» կտավը: Սա գեղանկարչի առաջին բազմաֆիգուր պատմական թեմատիկ ստեղծագործությունն էր: Սակայն ժամանակի տեսաբանները ստեղծագործությունը պատմական «նկարազարդումների» շարքում դասեցին եւ առանձնապես չմեկնաբանեցին: Սակայն գործն արդեն ստացել էր իր ընթացքը, եւ Զարդարյանը հաջորդ տարիների ընթացքում պարբերաբար վերադառնում է այս թեմային:
Գաղթ-արտագաղթ-ներգաղթ. հայ ժողովրդին պատուհասած պատմական խարան, որ հետապնդում է մինչ օրս, մի թեմա, որ արդիական է նաեւ մեր օրերում: Ոճրագործության հեղինակներն ու դրդապատճառներն են տարբեր (Բյուզանդիա, Պարսկաստան, Օսմանյան Թուրքիա…), բայց ցավալի պատմական ճանապարհը նույնն է` սպանդ, գաղթ: «Ազգի պատմությունը ձեւավորվում է առանձին անհատների պատմությունից: Մարդու կենսագրությունը երկրի կենսագրությունն է» արտահայտությունն այնքան համահունչ է Հովհաննես Զարդարյանի կենսագրությանը: Արվեստագետը առնչվել է այս իրողությանը սեփական գերդաստանի օրինակով… Մտահղացումը խմորվում ու ծավալվում է. բազմաթիվ էսքիզներն ու կերպարների տարբերակները, բնանկարները հաջորդում են միմյանց: Եվ, ի վերջո, 1957-79 թթ. թեմատիկ շարունակական անդրադարձի արդյունքում ստեղծվում է «Գաղթ» շարքը: Փոքրածավալ բազմաֆիգուր հաստոցային աշխատանքների շղթան ժամանակագրական պարույր է հիշեցնում, տարբեր դարերում պարբերաբար կրկնվող տեղահանությունների սիմվոլիկ պատկեր: Սառը, տագնապալի գունային շեշտադրումներով լեռնային ռելիեֆների ֆոնին բացվում է ճակատագրի կծիկը: Նկարիչը սկզբնական փուլում ամենայն մանրամասներով է պատկերում տեղահանվող բնակչության ազգային տարազը, գույքը, դիմագծերը, ֆիքսում յուրաքանչյուրի դիրքը: Աստիճանաբար կերպարների հստակ մանրամասներին հակադրված ընդհանրացված բնապատկերի խորքը կլանում է մարդկային հոսքը: Բնանկարի գերիշխող գունային գալարները հատվում են մարդկային հորձանքին` ստեղծելով գունաձեւերի հողմապտույտ: Տարերային հոծ բազմությունն արդեն բնության հետ մեկ ամբողջություն է կազմում: Մարդ – բնություն այս սինթեզը գեղանկարը վերածում է աննյութեղեն, գունագեղ վիտրաժներ հիշեցնող պատկերների: Մարդկային անզուսպ զայրույթն ու ընդվզող ցավն իրենց արտահայտությունն են գտնում գունագծային պլաստիկ ծավալներում: Արվեստագետը իրապատումից հասել է աբստրակտ հորինվածքների գոյաձեւման:
Կարեւոր էլ չէ պատմական խորքերից եկող այս անարդարության արմատները որքան խորն են (Զարդարյանի կտավներում 1928 թ. Թուրքմենչայի պայմանագրի հետեւանքով Արեւելյան Հայաստան ներգաղթի տեսարաններն են ամրագրված)՝ դա եղել է 10-րդ, 17-րդ դարում, թե 1915 թ. թվացյալ քաղաքակիրթ, բայց իրականում ամենաարյունալի 20-րդ դարում: Հստակ է մեկ բան` ցավալի այս իրողությունն ավարտ չունի եւ կարծես տագնապալի շեշտադրումներով շրջապտույտի մեջ է մինչ օրս, ինչպես Զարդարյանի կտավների գաղթի տեսարանների պտտահողմը: Այս կտավները հիշեցում են անպատժելիության, թողտվության ծնած ոճիրի կրկնության մասին:
Անխուսափելիորեն ի հայտ եկող ճշմարտության պես տարիների խորքից գեղանկարչի խոհերն են բարձրաձայնում Զարդարյանի արվեստանոցում լռության մատնված աշխատանքների անհայտ շարքերը: «Գաղթ»-ը հեղինակի ստեղծագործական կյանքի արվեստասեր հասարակությանը դեռեւս անհայտ պատկերաշարքերից մեկն է, որ հստակ նկարագիրն է Զարդարյան-արվեստագետի, մարդ-փիլիսոփայի: Այսքանով, սակայն, չի սահմանափակվում նկարչի արվեստի աշխարհը, սա միայն 1957-79 թթ. էին, իսկ նա ապրեց եւ ստեղծագործեց մինչ 1992 թ.՝ ստեղծագործական կյանքին զուգահեռ կրթելով նկարիչների սերունդներ: Գեղանկարիչն անցել է երկար ճանապարհ եւ նրա կերպարն ու արվեստը ամբողջացնելու համար պետք է լուսաբանվի ստեղծագործական ողջ ժառանգությունը` առավել անաչառ եւ մանրամասն մեկնաբանությամբ: Նրա աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում եւ, իհարկե, Ազգային պատկերասրահում: Սակայն եւ՛ թեմատիկ, եւ՛ գեղարվեստական առումով այս շարքն առանձնանում է Զարդարյանի մինչ այդ մեզ հայտնի բոլոր գործերից:
Ավելի քան քսան տարիների շարունակական անդրադարձը գաղթ թեմային արտացոլանքն է Հովհաննես Զարդարյանի անվերջ պրպտումների, ազգային արմատների, պատմական ու սեփական հիշողությունների վերադարձի:
ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
արվեստաբան
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015