Սեպտեմբերի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցադրվեց Հանս Քրիսթիան Անդերսենի «Սոխակ» հեքիաթի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացումը (ռեժիսոր` Սամսոն Մովսեսյան), որն իրականացվել է հաշմանդամություն ունեցող եւ չունեցող դերակատարների մասնակցությամբ: Ներառական այս ներկայացման հիմնական նպատակն էր ծանոթացնել հանդիսատեսին հաշմանդամություն ունեցող անձանց` արվեստի տարբեր բնագավառներում դրսեւորվող ներուժի հետ, ինչպես նաեւ սովորեցնել հանդիսատեսին գնահատել իրական գեղեցկությունը, հոգեւոր եւ բարոյական արժեքները, այլ ոչ թե արտաքին փայլը: Դերակատարների հաշմանդամության հանգամանքը չէր բացահայտվել մինչեւ ստեղծագործության ավարտը, ինչը թույլ տվեց ներկա գտնվող հարյուրավոր երեխաներին եւ ծնողներին ձեւավորել ավելի օբյեկտիվ, անաչառ վերաբերմունք հաշմանդամների նկատմամբ:
Ներկայացմանը մասնակցեցին Հայաստանի ճապոնական կարատեի ֆեդերացիայի սաները (այդ թվում` սայլակ օգտագործող մարզիկը), միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար` Մանուէլ Օհանյան) եւ լսողության խնդիրներ ունեցող օրիորդների պարային խումբը (պարուսույց` Ելենա Արմազան):
Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Ունիսոն» հ/կ-ն իր շնորհակալությունը հայտնեց պետական տիկնիկային թատրոնին (տնօրեն` Ռուբեն Բաբայան), որն աջակցել է բոլոր տեխնիկական խնդիրների լուծմանը, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ տիկնիկային թատրոնում կառուցվել էր սայլակ օգտագործող անձանց համար հարմարեցված սանհանգույց:
«Սոխակը» ներկայացման հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ (ռեժիսոր` Արփի Մաղաքյան), որի առցանց պրեմիերան նախատեսված է հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին:
Լեփ-լեցուն դահլիճը, երեխաների անկեղծ հիացմունքը եւ ոգեւորությունը վկայում են այս նորարարական նախաձեռնության կարեւորության եւ հաջողության մասին:
Կարդացեք նաև
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015