ԱՄՆ-ը սպասում է Բաքվի պատասխանին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով:
«Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի: Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը՝ Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով: Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության եւ անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում»,- նշել էր Ս. Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը: «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ եւ թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռեւս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար»,- հավելել էր Ս. Սարգսյանը:
Մինչ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում խոսում էր միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման, միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի ներգրավվածության մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ուշագրավ դիտարկում էր արել` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերում այն լուրերին, թե ՌԴ-ն հնարավոր է՝ խաղաղապահ ուժեր տեղակայի ԼՂ-ում: «ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Մեր պատկերացմամբ՝ կողմերը համակարծիք են այս հարցում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»,- նշել էր Ջ. Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը խոսել է նաեւ օրեր առաջ համանախագահների կողմից արված ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման, կրակի դադարեցման ռեժիմի խախտման ստուգման առաջարկի մասին: Ուորլիքը «Նովոստի-Արմենիայի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով լարվածության մեծացումը ղարաբաղյան հակամարտության գոտում` նշել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որոնք կօգնեն նվազեցնել լարվածությունը, ու որ ամենակարեւորն է՝ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից»:
Այսպիսով, խաղաղապահ առաքելության իրականացման հարցում ՌԴ-ի մասնակցության բացառման գնահատականը կարելի է Վաշինգտոնի կողմից առաջին արձագանքը համարել տեւական ժամանակ ղարաբաղյան շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմաններին լարվածության պայմաններում հակամարտության կողմերի նկատմամբ ՌԴ-ի ազդեցության ցուցադրման եւ խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունների մասին շրջանառվող խոսակցությունների ֆոնին: Իսկ ներկա փուլում ԱՄՆ-ը հստակ Բաքվի պատասխանին է սպասում ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների ձեւավորման հարցում:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին Ադրբեջանի նախագահը, ինչպես հայտնի է, չմասնակցեց, Ադրբեջանը ԱԳ նախարարի մակարդակով էր ներկայացել ՄԱԿ-ի ԳԱ աշխատանքներին: Ալիեւի վարչակազմի հետ Արեւմուտքի բավական լարված հարաբերությունները իրապես լրացուցիչ պայմաններ են ստեղծել, որպեսզի պաշտոնական Երեւանը ղարաբաղյան հակամարտության գործընթացում նպաստավոր աշխատանք տանի ի շահ հայկական կողմի: Միջազգային հանրության կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշաններ դնելու քաղաքականությունն իսկապես այլեւս անընդունելի է, եւ այստեղ մեծ դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ս. Սարգսյանն իր ելույթում խստորեն քննադատեց Ադրբեջանի վարած «ագրեսիվ» քաղաքականությունը` նշելով, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի` կրակի տակ պահելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: «ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հինգ հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի` նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում: Մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլեր` ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու եւ հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: «Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որեւէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը… Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարեւանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ եւ ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում՝ դա անում է պետության ղեկավարի մակարդակով… Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»,- ընդգծել էր Ս. Սարգսյանը:
«Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլեւ մարդկային բոլոր նորմերը»,- նկատել էր ՀՀ նախագահը: ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձի առիթով Ս. Սարգսյանը նաեւ նշել էր. «Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի»:
Երկու ելույթներից հետո Ս. Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Սերժ Սարգսյանը կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են «համահայկական նշանակության հարցեր»:
Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը կարելի է տպավորիչ անվանել: Պաշտոնական Վաշինգտոնի կողմից Հայաստանի կարեւորությունն ընդգծվեց օրեր առաջ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առիթով:
Նախ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ուղերձում շեշտեց, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները եւ դրանք ամուր են, քան երբեւէ: Քերին ընդգծեց, որ երկկողմ ջերմ հարաբերությունների ապացույցը Հայաստանի տնտեսության մեջ կատարված ամերիկյան աննախադեպ ներդրումներն են: «Մենք շնորհակալ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ուժերի նվիրվածության եւ անձնազոհության համար եւ գնահատում ենք մեր երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազմաթիվ նվաճումները»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը` հավելելով, որ Միացյալ Նահանգները անկախության 24-րդ տարեդարձը նշող Հայաստանի գործընկերն է ու բարեկամը. «Մենք լիովին սատարում ենք Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը»:
Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասել էր. «Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ եղած կապերն ամուր են եւ երկարատեւ: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության եւ ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաեւ Միացյալ Նահանգները: Հայաստանը կարեւոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ եւ ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում եւ Կոսովոյում Հայաստանի աջակցության համար: Մենք նաեւ ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջեւ եղած տնտեսական կապերը»:
Հայաստանի անվտանգությանը, կայունությանն ու ժողովրդավարական զարգացմանը սատարելու պաշտոնական Վաշինգտոնի արձանագրումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում վկայում է մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողությունների եւ դրանցում ԱՄՆ-ի հստակ շահերի մասին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015