Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Շատերին կարող է զարմանք պատճառել այն միտքը, որ մի խումբ գիտնականների կողմից (բիոքիմիկոսներ, բժիշկներ, գյուղատնտեսներ) արդեն ուսումնասիրված է խնձորի մոտ 600-ից ավելի տեսակ։ Հարց է ծագում, իսկ ինչի համար է այդպիսի մեծ ուշադրության արժանացել այդ միրգը։ Պարզվում է, որ խնձորն իր դրական հատկություններով բժշկության մեջ առաջնակարգ տեղ է գրավում, ուստի եւ գիտնականները զբաղվում են ոչ միայն այդ մրգի գոյություն ունեցող տեսակների կենսաբանական հատկությունների ուսումնասիրությամբ, այլեւ հարց է դրված ստանալ խնձորի այնպիսի նոր տեսակներ, որոնք ավելի հարուստ լինեն կենսականորեն կարեւոր նյութերով։ Այսպես, օրինակ, ոչ վաղ անցյալում ստացված «պամյատ դիբրովա» տեսակի խնձորի մեջ հայտնաբերված է մեծ քանակությամբ վիտամին P, որը կանոնավորում է արյան ճնշումը, հանդիսանում է օքսիդացման պրոցեսների խթանիչ եւ օժանդակում է խոլեստերինի հեռացմանն օրգանիզմից։ Մասնագետները գտնում են, որ նշված խնձորի մեկ հատը ապահովում է P վիտամինի օրգանիզմի 2-3 օրվա պահանջը։ Մի շարք այլ տեսակի խնձորների մեջ նույնպես հայտնաբերված է այդ վիտամինի առկայությունը, բայց համեմատաբար քիչ քանակությամբ։ Բացի այդ, խնձորի մեջ կա նաեւ C վիտամին, որով ավելի հարուստ են սովորական «անտոնովկան», «բորովինկան» եւ այլն։
Ընդհանրապես, խնձորը մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերի մի հարուստ շտեմարան է։ Բացի վիտամիններից, նրա մեջ կան միկրոտարրեր, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), հանքային աղեր՝ հատկապես կալիում եւ, վերջապես, մեծ քանակությամբ շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա։ Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ (պրոֆիլակտիկ), մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների առաջացման հնարավորությունները։ Կահիրեի համալսարանում դրված փորձերը մեկ անգամ եւս ապացուցեցին, որ խնձորի մեջ գտնվող պեկտին նյութի մեկ տոկոսանոց լուծույթի մեջ մի շարք մանրէներ 90%֊ով ոչնչանում են, իսկ ինչպես հայտնի է, խնձորների որոշ տեսակների մեջ այն ավելի բարձր տոկոս է կազմում։
Խնձորը քիչ դեր չի կատարում նաեւ սրտանոթային, երիկամային, լարդի ու լեղապարկի, ստամոքսի եւ այլ օրգանների հիվանդությունների բուժման հարցում։ Իտալական բժշկության մեջ հայտնի է խնձորային դիետան, բեռնաթափումը եւ այլն: Գրականության մեջ նշվում է նաեւ, որ խնձորը բարերար ազդեցություն է թողնում ստամոքսի ու 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ։
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015