Ոտքերի այտուցվածությունը բուժելու համար անհրաժեշտ է բամբակե կտորից կարել համապատասխան պարկ եւ մեջը լցնել կեչու տերեւներ։ Այնուհետեւ ոտքերը մտցնել պարկի մեջ եւ չորս կողմից ծածկել կեչու տերեւներով։ 3-4 ժամ անց, երբ ոտքերի ուժեղ քրտնելու հետեւանքով խոնավանան նաեւ կեչու տերեւները` դրանք անհրաժեշտ է փոխարինել նորով։ Եթե այտուցվածությունը շատ չէ, բուժման այս եղանակը կրկնել 1-2 անգամ։
Հոդաբորբի (արտրիտի) բուժման համար վերցնել 50 գրամ քափուր (կամֆորա), նույնքան գրամ մանանեխի փոշի, 100 գրամ սպիրտ եւ նույնքան գրամ հում ձվի սպիտակուց։ Սկզբում սպիրտի մեջ լուծել քափուրը, որից հետո մանանեխի փոշին։ Իսկ ձվի սպիտակուցը հարել առանձին եւ նոր միայն խառնել մյուսներին։ Դեղամիջոցը ընդունել քնելուց առաջ, քսել ցավող հոդաբորբերին։
Որպես հոդացավի (ռեւմատիզմ) բուժման արդյունավետ դեղամիջոց ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել կեչու բողբոջները։ Սրանք թրմում են սպիրտի կամ օղու մեջ եւ քսում ցավող հոդերին։ Արդյունավետ է նաեւ կեչու բողբոջներից պատրաստված քսուքը, որը պատրաստվում է հետեւյալ կերպ, վերցնել 800 գրամ կարագ, 1 սմ հաստությամբ փռել կավե ամանի մեջ եւ նույն հաստությամբ, յուրաքանչյուր շերտի վրա ցանել կեչու բողբոջներ, մինչեւ ամանի լցվելը։ Որից հետո ամանը պինդ ծածկել, խմորով սվաղել ու դնել տաք տեղ։ Մեկ օր անց սառեցնել, մառլյայով քամել եւ 7-8 գրամ քափուր ավելացնելուց հետո, խառնել։ Ստացված քսուքը պահել փակ անոթի մեջ, սառը տեղ։ Ընդունել քնելուց առաջ, օրը 1 անգամ՝ քսելով ցավող հոդամասերին։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015