Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 02,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երկրորդ

ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Քանի որ Ժենյա Ղուկասովնան երկար տարիներ աշխատել էր Կենտկոմում եւ վերեւներրում  սեր ու հարգանք էր վայելում, Շահամիրյանի հաստիքի  վերականգնման հարցը շատ արագ հօգուտ Շահամիրյանի լուծեց, բայց ինչքան էլ Ժենյա Ղուկասովնան վերեւներում հարգանք վայելեր, Շահամիրյանի փրկության հարցն անհնարին էր առանց Ռոլանդի գլուխ բերել, որովհետեւ Ժենյա Ղուկասովնան ինչքան էլ հարգված լիներ, չէր կարող Շահամիրյանին  էդ տարիքում դասական ու մեսրոպեան ուղղագրություն սովորեցնել,  եւ եթե Ռոլանդն ամենավճռական պահին գլխի չընկներ, որ Շահամիրյանի գործը Ժոզեֆի քույրը երեսուն  ռուբլով էլ կանի, Շահամիրյանի հարցը հօգուտ Շահամիրյանի հնարավոր չէր լինելու լուծել, բայց Ռոլանդը Ռոլանդ չէր լինի, եթե ամենավճռական պահին հօգուտ Շահամիրյանի էդ գյուտը չաներ, եւ հետագայում՝ դարավերջին, երբ արդեն անկախացած Հայաստանում Ռոլանդը դարձավ մշակույթի նախարար, ամենաքիչը ձեր խոնարհ ծառան զարմացավ, որովհետեւ դեռեւս խորհրդային տարիներին Ռոլանդն ինձ ու իր շրջապատին բազմիցս էր զարմացրել  իր  մտքի աներեւակայելի թռիչքներով, եւ իր մտքի աներեւակայելի թռիչքներից մեկի մասին ձեզ իրազեկել եմ, եւ էդ մեկը Վիլյամ Սարոյանի անհավանական  այցելությունն էր «Ծիծեռնակի» խմբագրություն անցյալ դարի յոթանասունութ թվականին, ու Սարոյանի էդ այցելությունը եւս Շառոյան Ռոլանդի մտքի հերթական փայլատակման արդյունքն էր, եւ մյուսը, ահա, Շահամիրյանի առիթով Ռոլանդի մտքի էս մարդասիրական առկայծումն էր, եւ էդ առկայծումից ոչ միայն Շահամիրյանը շահեց, այլեւ Ժոզեֆի քույրը, որն ընդամենը մի ժամում ոտի վրա արագ-արագ «Ծիծեռնակի» ամբողջ համարի նյութերը վերածում էր դասական ուղղագրության եւ դրա դիմաց ամսական ամբողջ երեսուն ռուբլի էր ստանում Ժենյա Ղուկասովնայից, իսկ ավելի ստույգ՝ Ժոզեֆի քույրն էդ ամսական երեսունը ոչ թե Ժենյա Ղուկասովնայից էր ստանում, այլ՝ անձամբ ինձանից,  որովհետեւ Ժենյա Ղուկասովնան էդ երեսունն անձամբ իմ անվան դիմաց իբրեւ հոնորար էր գրում,  եւ ես յուրաքանչյուր ամսվա վերջին էդ երեսունը Կենտկոմի հրատարակչության գանձապահ Վալոդից ստանալով՝ այնուհետեւ պարտաճանաչորեն   փոխանցում էի Ժոզեֆի քրոջը, եւ բոլորը գոհ էին, եւ ամենից ավելի Ժենյա Ղուկասովնան էր գոհ, որ ազատվեց Շահամիրյանի պրոբլեմից ու ատելությունից,  եւ կարեւորը՝ Շահամիրյանն էր գոհ, եւ, որ ամենակարեւորն էր, Շահամիրյանն ինձնից ու մանավանդ Ռոլանդից էր գոհ, այլ ոչ թե՝ Ժենյա Ղուկասովնայից, եւ Ժոզեֆն էլ էր ինձնից ու մանավանդ Ռոլանդից գոհ, որ իր քրոջ համար հարմար աշխատանք ու աշխատավարձ բստրեցինք, եւ չնայած էդ հարմար աշխատանքն անձամբ Ռոլանդն էր բստրել ու հայտնագործել, Ժոզեֆը նաեւ ինձնից էր գոհ, որովհետեւ  յուրաքանչյուր ամսվա վերջին ձեր խոնարհ ծառան էր էդ, ուրեմն, երեսուն ռուբլին պարտաճանաչորեն հանձնում Ժոզեֆի քրոջը, ավելի ճիշտ՝ ձեր խոնարհ ծառան էդ երեսունն անձամբ Ժոզեֆին էր հանձնում, եւ Ժոզեֆն էլ՝ քրոջը, եւ Ժոզեֆն ինքն էլ դասական ուղղագրությանը հրաշալի տիրապետելով՝ շատ լավ հասկանում էր, որ էդ երեսունը քրոջ համար ուղղակի գտած գումար է, եւ չնայած Ժոզեֆն ինքն էլ կարող էր երեսունի դիմաց էդ գործը հեշտուհանգիստ անել,  եւ չնայած Ռոլանդն անձամբ Ժոզեֆին էր էդ գործն առաջարկել, այդուհանդերձ, Ժոզեֆն էդ գործն իր հարազատ քրոջը զիջեց, որովհետեւ քրոջ ընտանիքը  սոցիալապես ավելի  անապահով էր, քան՝ Ժոզեֆինը, եւ էդ ամեն ինչից, իհարկե, ամենից ավելի հենց Ժոզեֆի քույրն էր գոհ, որովհետեւ էն թվերին  մանավանդ կարիքավոր ընտանիքի համար  էդ երեսունը փող էր, մանավանդ որ՝ էդ երեսունը գումարվում էր Ժոզեֆի քրոջ Մատենադարանի աշխատավարձին, եւ, ինչպես արդեն ասացի, էդ երեսունի դիմաց կատարած աշխատանքը Ժոզեֆի քրոջից   ընդամենը մի ժամվա ջանք էր խլում, եւ էդ մի ժամվա գործը Ժոզեֆի քույրը չափազանց թեթեւորեն՝ Տաթեւիկի ու Կատյայի հետ զրուցելով էր անում, մինչդեռ Շահամիրյանից  էդ գործը մի ամբողջ շաբաթ էր խլում. սովորաբար Շահամիրյանը «Ծիծեռնակի» նյութերը երկուշաբթի տանում եւ ուղիղ մի շաբաթ անց՝ հաջորդ երկուշաբթի նոր  բերում էր, եւ իր հետ կապված էդ աղմուկից հետո ինքը չգիտեր էլ, որ իր նյութերին խմբագրությունում չէին էլ սպասում, որովհետեւ, մինչ ինքն էդ նյութերը տանում ու մի շաբաթ տանը պահում էր, էդ նույն նյութերի երկրորդ օրինակների վրա Ժոզեֆի քույրն ընդամենը մի ժամում ուղղագրությունը փոխում ու անձամբ տանում էր տպարան, եւ չնայած ոչ ոք իրեն չէր ստիպում, որ անձամբ տպարան տանի, այդուհանդերձ, ինքն էդ գործն էլ էր սիրով ու հաճույքով անում, մանավանդ որ՝ տպարանն իր տան ճանապարհին էր, եւ էդ լրացուցիչ գործն էլ հաճույքով ու սիրով կատարելով՝ էդ ձեւով էլ էր ինքն իր երախտագիտությունը հայտնում, մինչդեռ Շահամիրյանն էդ դեպքից հետո հետներս  պակաս սիրալիր էր՝ քան նախկինում, իսկ Ժենյա Ղուկասովնայի հետ էդ դեպքից հետո Շահամիրյանն ընդհանրապես չէր շփվում, ավելի ճիշտ՝ էդ դեպքից հետո Ժենյա Ղուկասովնան ամեն ինչ անում էր, որ Շահամիրյանի երեսը չտեսնի, եւ չնայած մի քանի անգամ մեր սենյակում անկախ իր կամքից Շահամիրյանի երեսը տեսավ, էդ մի քանի անգամն էլ Շահամիրյանին չափազանց սառը բարեւեց, եւ չնայած էդ մի քանի անգամն էլ Շահամիրյանը Ժենյա Ղուկասովնային չափազանց կեղծ ժպտալով հարցրեց՝ «ինչպե՞ս եք», էդ մի քանի անգամն էլ Ժենյա Ղուկասովնան ոչինչ չպատասխանեց, որովհետեւ Շահամիրյանից չափազանց էր խուսափում՝ մշտապես հիշելով Շահամիրյանի աննախադեպ սկանդալը:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031