ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀԷՑ-ը գնելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի քայլից ոգեւորվել է ու դրական սպասելիքներ ունի:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց ՀԷՑ-ը օֆշորում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու մասին: Գործարքը տեղի է ունեցել «Ինտեր Ռաօ» եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» եւ ընկերությունների միջեւ: Վերջինս «Տաշիր գրուպի» մեջ է ներառված:
«Նախկին վարչապետի քաջագործությունների արդյունքում, երբ տեսանք՝ ինչպես օֆշորում գրանցված ընկերությունը թալանեց գործարար Փայլակ Հայրապետյանին, մեր աչքը վախեցել է, մեր մտավախությունն ավելի մեծ է: Բայց ինձ համար էականն այն է, որ ՀԷՑ-ը տնօրինելու է ազգությամբ հայ մարդ, նա աշխատել է դրսում, միջոցներ է հայթայթել եւ հիմա ներդնում է Հայաստանում»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Նրան չի մտահոգում, որ Սամվել Կարապետյանը Հայաստան է գալիս օֆշորային ընկերություններով. « Կգերադասեի՝ ի սկզբանե այդպես լիներ, ու շատ խնդիրներից խուսափեինք, մենք տեսանք՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի. » ընկերությունն ինչ փաստի առջեւ կանգնեցրեց մեզ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ օֆշորային ընկերություններով Հայաստան մուտք գործելը վտանգներ չունի՞, պատգամավորը կրկնեց. «Չեմ կարող վտանգը տեսնել, որովհետեւ գործարքի ու օֆշորային ընկերության միջեւ կապը չգիտեմ: Ենթադրությունների մակարդակով խոսելը ճիշտ չէ »:
Թե ինչպես կլուծվի հոսանքի սակագնի հարցը, պատգամավորը չի շտապում դատողություններ անել. «Որովհետեւ չգիտեմ՝ ինչ կերպ է աշխատելու այդ ձեռնարկությունն այս մեկ տարվա ընթացքում, չգիտեմ՝ արդյունքում ինչ կպարզվի: Ես լավ եմ տրամադրված, որովհետեւ Սամվել Կարապետյանի նման գործարարը նաեւ հայրենասեր մարդ է, նա դրսում աշխատել է, հիմա ներդնում է Հայաստանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ