Որպեսզի փոխհատուցվողներին իսկապես օգուտ լինի, փոխհատուցողին լավ լինի, Արտակ Մանուկյանն առաջարկում է հաշվի առնել ամռան եւ ձմռան ամիսները
«ՀԷՑ-ի վաճառքին դրական եմ վերաբերում, նույնիսկ կապ չունի, որ նոր գնորդն էլ օֆշորում է գրանցված, որովհետեւ հաշվի առնելով, որ ՀԷՑ-ը մեծամտացել էր, եւ կառավարություն-ՀԷՑ կապը սերտացել էր, միասին կոռուպցիոն մեխանիզմները շատ լավ էին մշակել, իսկ Սամվել Կարապետյանը, չնայած Ռուսաստանում է կապիտալ դիզել, բայց հայ է: Այս առումով Հայաստանում քաղաքական կախվածությունը ռուսներից որոշակիորեն նվազում է, ինչն ինձ համար դրական է»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով ՀԷՑ-ի վաճառքին, որը ձեռք է բերել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը:
Aravot.am-ի այն դիտարկմանը՝ այսինքն, եթե թալան, ապա գոնե հայի միջոցով, թե նոր սեփականատիրոջ պարագայում կբացառվի թալանը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնվում է, Մանուկյանն ասաց. «Քանի որ ՀԷՑ-ի մասով հանրության մոտ կարծես թե նկատվում է որոշակի կոնսոլիդացիա, եւ ես ավելի քան վստահ եմ, որ ամեն տարի ՀԷՑ-ի ծախսերի նկատմամբ ավելի մեծ ճնշում կլինի, ես բազմիցս օրենսդրական առաջարկություն եմ արել, որ ՀԷՑ-ի ծախսերը թափանցիկ լինեն, դրանք մշտապես հրապարակվեն: Եթե կառավարությունը մեր ասածներն ընդունի, ոը թափանցիկ աշխատի նոր սեփականատերը, վստահ եմ, որ արդյունավետ մեխանիզմ կարող ենք ունենալ: ՀԷՑ-ը խորտակված սուզանավ էր. վարկերն էլ գլխացավանք էին դարձել, հիմա այս գործարքով նրա վիճակը թեթեւացավ»:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» առք ու վաճառքի պայմանագիրը: Չնայած, որ Կարապետյանը այս պայմանագրին նախորդող օրերին վստահեցնում էր ԶԼՄ-ներին, որ ինքը չի պատրաստվում գնել ՀԷՑ-ը: Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Ընդառաջելով մեր խնդրանքին՝ կարճ ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը բանակցեց ու ստորագրեց պայմանագիրը, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»:
Կարդացեք նաև
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ Սամվել Կարապետյանը նաեւ իր անձնական միջոցների հաշվին մինչեւ հաջորդ տարվա օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցելու է սակագնի թանկացումը բնակչության ու ամսական մինչեւ 500 կվտ էլեկտրաէներգիա սպառող փոքր բիզնեսի համար՝ 250 կվտ-ի համար:
Մեր այն հարցին՝ ինչո՞ւ մասնավորը որոշեց 1 տարի փոխհատուցել էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացման տարբերությունը, մեր այս հարցին էլ Մանուկյանը նկատեց, որ դա այնքան էլ մեծ գումար չի կազմում՝ 1.8-2 միլիարդ դրամ:
Տնտեսագետն առաջարկեց ավելի արդյունավետ, եւ իսկապես բարեգործ մոտեցում փոխհատուցման. «Ամսական մինչեւ 250 կվտ սպառողների 1 տարվա փոխհատուցումը 3 հազար կիլովատ է: Լավ կլինի սպառողին ոչ թե ամիսը 250 կիլովատի հնարավորություն տան, այլ սպառողին հնարավորություն տան տարվա մեջ 3000 կիլովատի համար վճարել 42 դրամ սակագնով, ինչը կմեղմի սեզոնայնության էֆեկտը:
Այսինքն՝ եթե ձմեռը 300 կիլովատ է վառելու, ամռանը՝ 200 կիլովատ, այս տարբերությունն իրար կփոխհատուցի: Իսկ երբ այդ նույն սպառողն ասենք՝ 220 կիլովատ սպառի, ապա 30 կիլովատ խնայողություն է անում փոխհատուցողի համար, իսկ եթե ձմռան ամիսներին սպառի 300 կիլովատ, ինքն այդ փոխհատուցումից զրկվելու է, ուստի, եթե այսպես ասած՝ բարեգործություն-փոխհատուցում են անում, լավ կլինի բալանսավորված անեն»:
Տնտեսագետն առաջարկում է այս նույն մեխանիզմը կիրառել նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար, որպեսզի այն ՓՄՁ-ն, որն ասենք 505 կամ 550 կիլովատ է սպառելու մի երկու ամիս դուրս չմնա փոխհատուցումից:
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ձեռք է բերում նաեւ Հրազդան ՁԷԿ-ը, որը ՀԷՑ-ին ամենաթանկ հոսանք վաճառողն է եւ «Ինտեր ՌԱՕ»-ի հետ է փոխկապակցված: Մեր այն հարցին՝ նորից կշարունակվի՞ ռուսական ընկերության աշխատաոճը՝ նույն անձը իր մի սեփականությունից բարձր գներով մյուս սեփականության համար ապրանք է գնում, տնտեսագետն ասաց. «ՀրազՋԷԿ-ն ու «Ինտեր ՌԱՕ»-ն մի կոռուպցիոն մեխանիզմ է, եւ այդ ՋԷԿ-ի սակագինն ուռճացված է, եւ դա նորմալ է, քանի որ փոխկապակցված ընկերություններ են: Այս մասին շատ եմ ասել: Լավ կլինի օպտիմալ սակագների հասկացողությունը կիրառվի, պարզվի ինչ երեւույթներ են տիրում այնտեղ, որպեսզի նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ