«Ընտրատեղամաս մտնել ո՛չ-ի հստակ կարգախոսով»
«Այսօր տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ ունեն 1 երազանք, այն է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ»,- հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:
Հանրահավաքի նպատակը սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելն էր: Սակայն, Անի Զախարյանի հանրահավաքը մարդաշատ չէր. ներկա էին ընդամենը մի քանի հոգի:
Նա նշեց, որ քաղաքական առաջնորդները հայտնվում են 5 տարին մեկ անգամ, երբ նախագահական ընտրություններ են լինում եւ իրենց թեկնածությունն են առաջադրում. «Բայց մի՞թե դա է նախագահի թեկնածուի առաքելությունը: Այն մարդը, որը հավակնում է, որ պետք է երկիր ղեկավարի, այն մարդը, որը հավակնում է, որ պետք է ժողովրդի վստահությանը արժանանա տարիներ շարունակ եւ իր երկիրը ներկայացնի, այդ մարդը ամեն վայրկյան՝ լինեն սոցիալական խնդիրներ, լինեն միջազգային խնդիրներ, լինեն տարբեր ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ, պիտի լինի իր ժողովրդի կողքին եւ իր պետության կողքին»:
Կարդացեք նաև
Անի Զախարյանը կոչ արեց ներկաներին, եթե չեն ընթերցել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, լինեն ակտիվ, քանի որ այնտեղ ամրագրված է յուրաքանչյուրի իրավունքը. «Այդ գործընթացից անմասն մնալու իրավունք չունեք: Ծանոթանալ, հասկանալ՝ ինչ են ձեզ մատուցում, եւ այնուհետ, եթե մենք քաղաքական պայքարի արդյունքում չկարողանանք հասնել նրան, որ կասեցնենք այս գործընթացը հանրաքվեի, ուրեմն՝ ընտրություններին մասնակցել եւ ո՛չ ասել: Եվ ոչ թե պասիվ գնալ քվեարկությունների, այլ ընտրատեղամաս մտնել ո՛չ-ի հստակ կարգախոսով, ընտրատեղամաս մտնել ագիտացիա անելով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ