Ըստ Սմբատ Հակոբյանի՝ այս ամենը դեռ սկիզբն է
«Ժամանակն է եկել, որ մենք մեր մեջից թարախի այդ պալարները մաքրենք»,- հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին հարձակման էր ենթարկվել:
Նա նշեց, որ ուրախ կլիներ, եթե Հայաստանում նման իրավիճակն ավարտվեր միայն իր հետ պատահած միջադեպով, սակայն ըստ նրա՝ այս ամենը դեռ սկիզբն է. «Այդ չարիքը բացահայտ է իրեն ցույց տալիս: Գալիս է ամսի 21-ի օրը, երբ որ ազգի ամենամեծ տոնն է դա, Անկախության օրն է դա, երբ որ հայ մարդը պետք է ուրախանա, որ անկախություն է ձեռք բերել, ու ազատության մարտիկի նկատմամբ սպանության փորձ են կատարում: Իմ անձի մասին չի խոսքը, խնդրում եմ, ճիշտ հասկացեք, հայ մարդու կերպարի մասին է խոսքս, որը պետք է բոլորիս համար ցավալի լինի, բոլորս պետք է դուրս գանք այս չարիքի դեմ պայքարելու, որովհետեւ աստված մի արասցե, եթե մի քիչ նրանց գյամերը բաց թողեցինք, մեր պապերի ասած, էլ դեմը չենք կարող առնել մենք»:
Ասուլիսի ընթացքում ազատամարտիկը հանդես եկավ հայտարարությամբ. «Եթե մեր երկրի պատկան մարմինները, գործող իշխանությունները՝ ընդհուպ մինչեւ առաջին դեմք սրա հովանավորը չեն, եւ իրենք չեն հովանավորում այս բեսպրիդելը հենց այս վայրկյանից իրենք պետք է պատժամիջոցներ կիրառեն: Հենց այս վայրկյանից, ես բոլորիս անունից եմ պահանջում: Եթե երկրի իշխանությունը մինչեւ առաջին դեմք այս ամբողջի հովանավորը չի, ես չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է, այս վայրկյանից սկսած պետք է սկսի պատժամիջոցներ կիրառել անխտիր բոլորի հանդեպ: Ես եմ մեղավոր, թո՛ղ տանեն բանտախցում փակեն, Պողոսն է մեղավոր, թո՛ղ տանեն փակեն, այս է մեր իրականությունը: Եվ բավական է, որ մենք ռանգերի բաժանված հովանավոր, պատվիրատու, բրիգադիր, քիլլեր, ամոթ չի՞ մեզ, առաջ ասում էին արվեստագետ, նկարիչ, երաժիշտ, աշխարհի բեմերում հանդես էին գալիս, հիմա ասում ես Հայաստանից եմ, ասում են՝ հա՛, էս ինչի Հայաստանից, էն որ հայտնի կաշառակեր եւ հայտնի օլիգարխ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ