Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի նախկին ոստիկանապետը եւ մյուսները դիմել են վերաքննիչ դատարան

Հոկտեմբեր 01,2015 19:12

Նրանք պահանջում են արդարացնել կամ մեղմ պատիժ նշանակել

Օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման:

Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել նաեւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ազատազրկման: Նույն օրը՝ օգոստոսի 5-ին Բաղանիս գյուղում Կոթի գյուղի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ Կոթիի բնակիչ Անդրանիկ Ազիբեկյանի դատավճռի դեմ բողոքելով՝ մի քանի ժամով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Ա. Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, Ա. Ավետիսյանի պաշտպան Արմեն Ադամյանը եւ Ա. Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը առանձին-առանձին դիմել են վերաքննիչ դատարան: Ա. Խոջումյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել է նրա դատավճիռը բեկանել, նրան ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել: Ա. Ավետիսյանի պաշտպանը խնդրել է բեկանել նրա դատավճիռը, նրան ճանաչել անպարտ եւ արդարացնել կամ Ա. Ավետիսյանին ազատազրկման ձեւով նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 64 հոդվածի կարգով մեղմացնել, պատիժ նշանակելու դեպքում, օրենքով սահմանված դեպքում ավելի մեղմ պատիժ նշանակել կամ՝ հոդվածի սանկցիայով նախատեսվածի նվազագույնը, միաժամանակ ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ նշանակելիք պատիժը պայմանականորեն չկիրառել:

Ա. Ազիբեկյանի պաշտպանը խնդրել է բեկանել դատավճիռը, նրան հռչակել անպարտ եւ արդարացված կամ Ա. Ազիբեկյանի արարքին տալ քրեաիրավական ճիշտ գնահատական եւ նրա նկատմամբ նշանակել ՀՀ քր. օր.-ի համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափը, իսկ եթե այդ պատժաչափը լինի ազատազրկման ձեւով պատիժը, ապա նշանակված պատիժը ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել, վերը նշված խնդրանքները բավարարելն անհնարին լինելու դեպքում բեկանել դատավճիռը եւ այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ բողոքները կլսվեն հոկտեմբերի 5-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031