«Ես իմ ունեցածը չեմ տվել Աշոտին, տվել եմ ՀՀ կառավարությանը՝ ՀՀ կառավարության շենքում, տվել եմ նրա նախարարին: Ես ասել եմ՝ եթե 10 հազար բանվոր է աշխատում, ես իմ ունեցածը դնում եմ: Շատ մեծ հայրենասիրություն եմ արել: Դա էլ իմ վերջին հայրենասիրությունն էր: Ես ուզում էի, որ իմ սիրուն աղջկերքը, իմ տղերքը Հայաստանից չգնան: Եթե 10 հազար բանվորը 10-ով բազմապատկենք՝ ես 100 հազար մարդու համար հաց էի տալու: Իսկ դրան խանգարողն ով է եղել՝ ՀՀ վարչապետը, Հայաստանի երկրորդ տերտերը, եւ մի խուլիգան՝ Աշոտ Սուքիասյանը: Բանկն էլ այդ ամեն ինչը կատարել է»,- հոկտեմբերի 1-ին Aravot.m-ի հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանն այսպես իր մտահոգությունը հայտնեց, որ եթե հայրենասեր ներդրողի հետ ՀՀ-ում այսպես են վարվում, «քցում» են, էլ ոչ մի ներդրող չի ուզենա գալ Հայաստան:
Նրա խոսքերով՝ «Աշոտ Սուքիասյանը լվացքատուն չի, որ ասում են՝ տարավ իմ փողերը լվաց: Աշոտ Սուքիասյանը բանկում է փողերի տեղաշարժ արել: Աշոտ Սուքիասյանին 205 հոդված են դրել՝ փողերի լվացման: Բայց ոչ մի լվացքատուն փող չի լվանում, շոր են լվանում»:
Մեր հարցին՝ կկանգնե՞ն Նավասարդ Կճոյանը, Տիգրան Սարգսյանը դատարանի առաջ՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, պիտի կանգնեն: Եթե նրանք կանգնեն մեղադրանքի առաջ, Հայաստանում կհաստատվի վստահությունը մեր պետության, ներդրողների նկատմամբ: Գիտե՞ք, որ այսօր ներդրողների 60-70 տոկոսը չեն գալիս: Դրա հիմնական պատճառը իմ գործն է, որ Հայաստանի ներդրողին քցում են, խաբում են, թալանում են, ո՞վ կգա ստեղ: Մի օր նախագահին ասեցի՝ հարգելի՛ նախագահ, եթե ուզում եք իմանալ, ծնողից շատ պիտի սիրես հայրենիքդ, նոր հետո պիտի ծնողդ սիրես: Ասեցի՝ ես իմ հայրենիքը իմ ծնողներից առավել եմ սիրում: Նախագահը ձեն չհանեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ