Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) շարունակվեց «օֆշորի գործով» քննությունը:
Դատարանում ցուցմունք տվեց Աշոտ Սուքիասյանի գործընկեր, ԱՄՆ քաղաքացի Արփի Բալյանը: Նա դատարանում վստահեցրեց, որ Աշոտ Սուքիասյանին միայն թարգմանչական ծառայություն է մատուցել իր բիզնեսում, օֆշորային ընկերություն գրանցելիս եւ այլն էլ՝ անվճար է օգնել: Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրա Խաչատրյանը հարցրեց, թե Կիպրոս գնացել է Աշոտ Սուքիասյանի խնդրանքո՞վ, թե՞ իր քրոջը այցելելու, որն ապրում է հենց Կիպրոսում: Վկան հերքեց՝ «Ես իմ քրոջը այնտեղ մի անգամ եմ տեսել, մի անգամ էլ քույրս էր եկել, որ ինձ տեսնի, այլ հանդիպում չի եղել»:
Աշոտ Սուքիասյանն էլ Արփի Բալյանին հարցրեց, թե որպես ի՞նչ էի քեզ տանում Կիպրոս: Նա պատասխանեց՝ թարգմանության համար, որ թարգմանեմ: Աշոտ Սուքիասյանն էլ հակադարձեց. «Ես ինքս անգլերեն գիտեմ, ի՞նչը պիտի թարգմանեիր: Բացի այդ, այնտեղ թարգմանիչ կար՝ Իրինան, հիշո՞ւմ եք»: Հետո Աշոտ Սուքիասյանը հիշեցրեց՝ «Հիշո՞ւմ եք, որ Կիպրոսում ձեր քույրը մեզ հրավիրեց ճաշի, ձեր քրոջ ամուսինն ինձ ի՞նչ էր խնդրում, աշխատանք էր խնդրում»: Վկան գլուխը բռնեց, թե այս ի՜նչ ստեր են, ի՞նչ է խնդրել իր փեսան, երբ աշխատանք ունի. «Ես բացարձակապես տեղյակ չեմ, պարոն Սուքիասյան, խնդրում եմ այսպիսի արկածախնդրություններ չանեք»:
Սուքիասյանը հարցրեց՝ ես ձեզ գումար չե՞մ վճարել ձեր աշխատանքի համար, փաստեր կան, որ ես գումար եմ ձեզ տվել»: Նա պատասխանեց. «Ինձ գումա՞ր եք տվել, վա՜յ, էսքան սուտ կարելի՞ է, ես կխենթանա՜մ: Ես իրանից կոպեկ չեմ ստացել: Պարոն Սուքիասյան, զրպարտություններ մի՛ անեք»:
Կարդացեք նաև
Վկան դատավորին ասել էր, որ Կիպրոսից վերադառնալուց հետո իր հարաբերությունները Աշոտ Սուքիասյանի հետ խզել է, քանի որ հասկացել է, որ նա քրիստոնյա չէ, հիասթափվել է: Աշոտ Սուքիասյանը նրան հարցրեց՝ Կիպրոսից հետո չե՞նք հանդիպել, բանկում գործարքներ միասին չե՞նք կնքել, փոխանցումներ չե՞նք արել»:
Արփի Բալյանը պատասխանեց, որ կարող է մի անգամ գնացած լինի. «Դուք ինձ որպես գործիք տանում էիք ձեզ հետ, որպեսզի ձեր բանը ես հայտնեմ, որովհետեւ մարդիկ ինձ վստահում էին»:
Հարցաքննության ընթացքում վկան վատացավ ու խնդրեց, որ հարցերին պատասխանի ոչ թե կանգնած, այլ՝ նստած:
Դատավորը կողմերին ժամանակ տվեց՝ ապացույցներն ուսումնասիրելու: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին, ժամը 12.00-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ