Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան եկեղեցու պաշտպաններին

Հոկտեմբեր 01,2015 17:24

Որոշ գիտնականներ [1] փորձում են առաջ քաշել, հիմնավորել և ապացուցել, որ հայոց եկեղեցու որոշ ղեկավարներ ձգտել են հայրենասիրության, պետական անկախության, երկրի հզորության և բարգավաճման: Սակայն նախ, այդպիսիք հազվագյուտ են եղել, ոչ թե բոլորը: Երկրորդ, եկեղեցու ղեկավարության կողմնորոշումը կամ դիրքորոշումը չէր կարող վճռական դեր խաղալ: Բոլորովին էլ նշանակություն չուներ, թե ինչի էր ձգտում եկեղեցու ղեկավարությունը, այլ կարևոր էր, թե ինչ էր սովորեցնում այն ազգին իր ուսմունքով, պատվիրաններով, հայացքներով, կանոններով: Որովհետև այն միայնակ չէր կարող փոխել վիճակը, չէր կարող հաղթել թշնամուն, եթե նույնիսկ ձգտեր անկախության և հաղթանակների թշնամիների նկատմամբ: Իսկ թշնամուն կարող էր հաղթել ազգը, որը սակայն եկեղեցու ուսմունքի կողմից քարոզվել էր լինել հնազանդ, սպասել արդարադատության ուրիշի՝ աստծո կողմից: Ըստ Գ. Նժդեհի՝ «հայը դառել է մեղկ, զիջող և նկուն օտարի հանդեպ, հիացողն ու խնկարկողը օտար ուժի, հավատացող օտար աստվածություններին» [2, էջ 70]: Քրիստոնեությունը սովորեցնում է մարդկանց լինել հնազանդ աստծուն, եկեղեցուն, տիրակալներին, ղեկավարներին, անկախ նրանց ազգությունից, քանի որ երբեք ուշադրություն չի դարձնում ազգային հատկանիշների վրա:

Ըստ նրա, այս պայմանի բավարարման դեպքում մարդը կպարգևատրվի ամենուրեք, և՛ այս կյանքում, և՛, մանավանդ, մյուս կյանքում: Ըստ նրա՝ երջանկության դեղամիջոցը հնազանդությունն է: Այս ոգով դաստիարակված ազգի հոգեբանությունն էր փոխվել արդեն: Արդեն ազգի համար նշանակություն չուներ, թե ինչի կարող էր ձգտել եկեղեցու ղեկավարությունը, ազգությունն արդեն երկրորդական էր, համամարդկայնությունը՝ առաջնային, թշնամիներին սիրել էր պետք, թեկուզ նրանք քո ազգը բնաջնջելու ծրագրեր ունենային: Որքան էլ որ եկեղեցին ձգտեց ազգայնացնել ինքն իրեն, միևնույն է, այն չէր կարող փոխել իր ուսմունքի հիմնադրույթները, էությունը, չէր կարող ինքն իր դեմ գնալ: Իսկ այդ ուսմունքը դեմ էր հայ ազգի շահերին, որովհետև ջնջում էր ազգերի միջև և ազգային գոյի զանազան ոլորտներին, բնագավառներին ու ասպարեզներին վերաբերող հասկացությունների միջև սահմանները: Դարերի քարոզչությունը իր ազդեցությունն ունեցավ, իր չար դերը խաղաց, փոխեց սերունդներին ներսից, դարձրեց գառնուկ, որը եկեղեցու կողմից նրա ուսմունքի հիմնադրին տրված պատվանունն էր, ինչին և պետք է ձգտեր նրա հոտի յուրաքանչյուր անդամը: Եվ այն հասավ իր նպատակին, հայ ազգը դարձավ գառնուկ, որի հետ և՛ հարևանները, և՛ հեռու երկրները, և՛ մերձավորները, և՛ հեռավորները, և՛ բարեկամները, և՛ թշնամիները, մի խոսքով՝ ովքեր չծուլացան, վարվեցին իրենց հայեցողությամբ: «Դարեր շարունակ մեր հարևանները փարվել են զենքին, իսկ մենք՝ Աստվածաշնչին և խաչին: Կորցրել ենք երկիրը, տեսել եղեռն, դատարկել ենք հայրենիքը, փոխարենը շենացրել գաղթօջախները, ստեղծել սփյուռք» [3, էջ 148]:

Միգուցե ամբողջ մարդկությանը գառնուկ, խաղաղասեր, չկռվող, քաղաքակիրթ դարձնելը օգտակար առաքելություն էր քրիստոնեության համար, բայց հայ ազգի համար ցավալին այն է, որ այդ առաքելությունն իրագործվեց հայ ազգի և հայոց երկրի կորուստի հաշվին: Ավելի լավ չէ՞ր լինի, որ դա կատարվեր ուրիշ, ավելի մեծ ազգի հաշվին, օրինակ՝ Հռոմի, որն ավելի մեծ էր, ավելի գիշատիչ և ավելի վնասակար մարդկության համար: Կամ Բյուզանդիան վերացնելու հաշվին կարող էր քրիստոնեությունը կատարել իր առաքելությունը: Բյուզանդիայի համար մեծ պատիվ կլիներ քրիստոնեության ձեռքերով վերանալը, ոչ թե թուրքերի: Մանավանդ, որ Բյուզանդիան իրեն էր համարում քրիստոնեության առաջամարտիկը: Բայց, ավա՜ղ, քրիստոնեությունը որպես զոհ ընտրել էր հայ ազգին: Երևի կյանքի պայքարի շղթայի թույլ օղակը հենց այդտեղ էր գտնվում, և այդտեղից էլ կտրվեց:

Ըստ մշակութաբան Վարդան Ջալոյանի, «Պատմությունից գիտենք, որ Հայաստանում, փաստորեն, մեկուկես հազարամյակ իշխել է թեոկրատական գաղափարը: Հայ հասարակությունն իրեն դիտարկել է որպես կրոնական համայնք, ազգային ասպարեզում կրոնապետական իշխանությունը գերադասել աշխարհիկ իշխանությունից, կրոնական արժեքները՝ աշխարհիկ արժեքներից» [4]: Նա մեծ վտանգ է տեսնում ներկա իշխանությանը որպես այլընտրանք եկեղեցական իշխանությունը տեսնելու միտման մեջ: «Վերջին մի քանի տարվա ընթացքում հայաստանյան իշխանական վերնախավի մի մասն այդ պատմական փորձը սկսել է դրական գնահատել, և քաղաքական գործիչների մի ստվար զանգված պաշտպանում է Հայ առաքելական եկեղեցու նվիրապետության փորձը, որպես հայկական ինքնության կարևորագույն մաս ներառելով ժամանակակից քաղաքական իրականություն» [4]:

Նրա հոդվածի հետևությունը նպաստավոր չէ եկեղեցու համար: «Այսպիսով կարող ենք ամփոփել, որ ուշ միջնադարում հայ աստվածաբանական միտքը զբաղված է եղել գոյատևման՝ «հայապահպանման» խնդիրներով: Հայ ժողովուրդը, ըստ այդ տեսության, կարող է գոյատևել ոչ թե ազգային իշխանության, որը թույլ է և «անցողիկ», այլ հզոր և կայուն իշխանության հովանու տակ, ինչպիսին էին, օրինակ, օսմանյան կամ ռուսական կայսրությունները: Կարծես թե այս մտայնությունները Հայաստանում սկսել են վերականգնվել, իսկ դա մեծ վտանգ է պետական անկախության համար» [4]:

Գևորգ Հովհաննիսյանը «Հայոց տերերը» գրքում «բացահայտել է հայոց պետականության և ազգային շահերի պաշտպանության դիրքերից եկեղեցու հանդես եկած լինելու մասին դարեր շարունակ տիրապետող առասպելը» [5]: «Հայոց տերերը» գրքում պատմական համոզիչ փաստերով հիմնավորապես հերքվում է այն սխալ և վտանգալից մոտեցումը, թե քրիստոնեության հաստատումից հետո հայկական պետականությունը տվել է թույլ, օտարի կամքով առաջնորդվող արքայիկներ» [5]: Այո, գուցե դա ճիշտ չէ, թե հայոց քրիստոնյա արքաները թույլ են եղել: Բայց նախ, պետք է նկատել, որ նրանք ուժեղ են եղել օտարների հետ պայքարում, իսկ ներքին թշնամու՝ եկեղեցու դեմ թույլ են եղել: Իսկ ով որ փորձել է ուժեղ լինել և պայքարել եկեղեցու վնասարարության դեմ՝ վերացվել է տարբեր թշնամական ուժերի կողմից: Բացի այդ, թեկուզ նրանք ուժեղ են եղել օտարի դեմ, սակայն այդտեղ էլ քիչ սփոփանք կա: Պետք է հաշվի առնել, որ նրանք ուժեղ են եղել քանի դեռ եղել են, իսկ քրիստոնեական ուսմունքն այնպիսի ազգ դաստիարակեց, որ արքաներն անհետ վերացան այդ ազգի միջից, ուստի արդեն ոչ մի նշանակություն չունի՝ քրիստոնյա հայոց արքաներն ուժեղ են, թե թույլ, քանի որ նրանք չկան և նրանց մասին այլևս չենք կարող խոսել ներկա ժամանակով: Իսկ առանց արքաների երկիրն անտեր մնաց և դեպի կործանում գնաց: Նույնիսկ նախարարական կամ իշխանական խավ չմնաց և չպայքարեց: Քրիստոնեության ընդունումից հետո հայ արքաները գոյատևեցին ընդամենը մեկ հազարամյակ: Հենց իրենց մեծ ներուժի շնորհիվ նրանք դիմացան այդքան, թե չէ ավելի շուտ կվերանային: Ազգադավ ուսմունքն այնքան խառնվեց արքայական գործերին, որ, ի վերջո, լրիվ վերացրեց այն, որպեսզի մնա միակ իշխանությունը: Վերջ ի վերջո, հենց արքաներն են մեղավոր իրենց վերացման մեջ, քանի որ իրե՛նք թույլ տվեցին եկեղեցուն խառնվել արքայական, աշխարհիկ գործերին: Մեղավոր էին և պատժվեցին: Իսկ կյանքի պայքարում հաղթեցին այն թագավորությունները, որոնցում արքանե՛րը ղեկավարեցին և թույլ չտվեցին, որպեսզի ազգը դառնա հոտ և քշվի հովիվների կողմից սխալ ճամփաներով: Այլ կերպ չէր էլ կարող լինել, այդ ուսմունքը չէր կարող առաջնորդել ճիշտ ուղիներով, որովհետև ներկայանալով որպես աստծո մասին ուսմունք, այն գաղափար անգամ չունի աստծո մասին: Գոնե ժամանակի ընթացքում այն տեսներ իր սխալները և զարգանար, կատարելագործվեր: Սակայն այն մինչև հիմա էլ սովորեցնում է աստծո մասին այն նույն ստերը, որոնք սովորեցրել է երկու հազար տարի առաջ: Կարծես չի էլ եղել մարդկության հարյուր հազարավոր տարիների կամ, թեկուզ, իր առաջացումից հետո երկու հազար տարվա կյանքի փորձը և դրա տված գիտելիքը: Այն ինքն իր մոլորության զոհն է դարձել և ազգին էլ դարձրել իր նման զոհ, դրել մարդկության զոհասեղանին: Իսկ ընկած զոհին խփել ցանկացողներ միշտ էլ գտնվում են: Եվ գտնվել են:

Հայ ազգի բախտի վրա քրիստոնեական ուսմունքի վնասակար ազդեցության մասին առաջ միայն ազգասիրական, ժողովրդական և հասարակական մտքում լսվող գաղափարը հիմա արդեն հնչում է նաև գիտական շրջանակներում: Ըստ իմաստասիրության դոկտոր Ա. Սարգսյանի՝ «Հասարակական կյանքի և մշակույթի ապակրոնացումը, ազգի ապակրոն ըմբռնման ձևավորումը նախադրյալներ ստեղծեցին հայ ժողովրդի ազգային զարթոնքի համար» [3, էջ 140]:

Հնարավոր է, որ հայ ազգը ազգերի մեջ ոչ թե թույլ, այլ ուժեղ օղակն էր: Գուցե կյանքը իր այդ՝ մարդկության խաղաղեցման առաքելության իրագործման համար ընտրել էր ամենակատարյալին կամ կատարյալներից մեկին, քանի որ դրա իրականացման համար համապատասխան մակարդակի կարողություններ էին անհրաժեշտ: Օրինակ, ըստ Գ. Նժդեհի՝ «հայը իր հարևանների միջավայրում բոլորից վաղ մարդկայնացավ» [3, էջ 142]: Բայց երկար ժամանակի ընթացքում չունենալով թագավորություն, պետություն, տեր, ազգային ղեկավարություն, ազգային դաստիարակ և առաջնորդող՝ հայ ազգի հետագա սերունդները չէին ճանաչում իրենց փառավոր անցյալը, մանավանդ, որ եկեղեցին ջանք չէր խնայում ջնջելու համար ազգի անցյալը, որի հեթանոսական լինելը նրան դուր չէր գալիս, հակաաստվածային էր թվում: Իսկ չճանաչելով իրենց անցյալը՝ սերունդները դարձել էին վատ հատկությունների կրողներ: Ըստ Գ. Նժդեհի՝ իր օրերի «վատ հայի և նրա վատությունների մայր պատճառը անինքնաճանաչ լինելն է» [6, էջ 378]: Դա այդպես է, որովհետև փոքր անցյալի տպավորությունը փոքր ապագայի էլ հեռանկարների հույս է տալիս միայն, իսկ մեծ անցյալի ճանաչողությունը մեծացնում է հոգին, սնում նրան մեծ ապագայի տեսլականի տված ուժով ու ոգևորությամբ: Հետևաբար, այն բանից հետո, երբ հայությունն արդեն դարձավ ինքնաճանաչ, կորուստների այդ պատճառն արդեն որոշիչ դեր չէր կարող խաղալ: Եվ երբ հայերն արդեն իմացան իրենց ազգի փառահեղ անցյալի մասին, ուժ ստացան, հզորացան և կարողացան ետ բերել անցյալի փառքի մի մասը, հայրենիքի կորցրած պատառիկներից մեկը՝ Արցախը:

Ինչպիսի՜ հրեշավոր մոլորության մեջ էր և է եկեղեցին, մեղադրելով հայ ազգին հազարամյակների ընթացքում հակաաստվածային լինելու մեջ: Իսկ հիմա, ճանաչելով իր աստվածային բնույթը, նոր սերունդները աստվածային էլ գործերի կատարողները լինելու կարողություն ստացան: Հրաշքներ, սխրանքներ, քաջագործություններ, հերոսություններ գործելու կարողություն ծնվեց ազգի ճանաչողության, ենթագիտակցության ու գիտակցության մեջ, որը համապատասխան աստվածային մակարդակի և չափումների գործունեության իրագործման ուժ ու ոգի տվեց:

Հայ ազգին հակաաստվածային լինելու մեջ մեղադրելով՝ եկեղեցին հենց իր աստծուն է մեղադրանք ներկայացնում, որովհետև, ըստ եկեղեցու դավանանքի՝ աստվածն է միշտ, այդ թվում նաև այդ հազարամյակների ընթացքում կառավարել մարդկությանը: Ուստի աստծուն մեղադրելն անհեթեթություն է, որովհետև նա չէր կարող հակաաստվածային ձևով կառավարել: Իսկ եթե նա հետո փոխել է իր կառավարման ձևը և անցել քրիստոնեական՝ հայ ազգի համար վնասակար կառավարման ձևին, ապա հետևությունը հակաեկեղեցական է՝ կա՛մ այդ եկեղեցու աստվածը հայ ազգի թշնամին է, կա՛մ ոչ մի կառավարող աստված էլ չկա:

Ըստ Գ. Նժդեհի՝ «մենք ենք մեր բախտի ճարտարապետը» [6, էջ 445], այլ ոչ թե աստվածը, մանավանդ քրիստոնեականը: Ազգի ճակատագիրը չպետք է թողնել աստծո ողորմածությանը: Ամեն ազգի աստծո գաղափարն արտահայտում է ընդամենը տվյալ ազգի պատկերացումը աստծո մասին: Աստվածը բոլորի համար և բոլոր ժամանակներում նույնն է, բայց տարբեր ազգեր տարբեր են պատկերացնում նրան: Եթե որևէ ազգի պատկերացմամբ աստվածը չի կարող հանդուրժել երկրի գերեվարումը և ստրկացումը, ապա ազգն այդպես էլ կկենսագործի աստծո էության մասին պատկերացումը, որը կլինի հենց աստծո պատվիրանը, իսկ եթե ազգի աստվածն իր էությամբ գառնուկ է, այսինքն` աստվածը պահանջում է գառնուկ լինել, ապա դա ամենահաստատուն հիմքն է երկրի ու ազգի գրավման, ստրկացման և վերացման համար: Իսկ քրիստոնեական աստծո մասին գաղափարախոսությունը հենց դրան էր տանում: «Քրիստոնեությամբ մեզանում արմատավորվել է ոչ թե հանուն հայրենիքի կռվելը, հաղթելը, հարկ եղած դեպքում զոհվելը, այլ հանուն հավատի սիրահոժար, կամովին նահատակվելն ու մարտիրոսանալը» [3, էջ 147]:

Դրանից ազգը թուլացավ ոգով, հոգեբանությամբ, գաղափարախոսությամբ, և այդ թուլությունը դանդաղ գործողության ական էր, որի վտանգը չէր երևում միանգամից, իսկ ավերիչ պայթյունը անխուսափելիորեն լինելու էր այն ժամանակ, երբ դրան չէին սպասում: Եվ եղավ, բերելով ավերիչ կորուստներ: «Եթե դա այդպես է, ապա չի՞ կարելի կարծել, թե քրիստոնեական նահատակության և մարտիրոսության գաղափարները, Քրիստոսի քարոզած «չարին չհակառակվելու» և «թշնամուն սիրելու» պատվիրանները թուլացրել են հայի բազկի ուժը, հանուն հայրենիքի ու պետության կռվելու վճռականությունը» [3, էջ 147]: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև հզորության էությունը հզոր երկիր էր ստեղծել, իսկ թուլության էությունը թույլ երկիր էր ստեղծելու: Իսկ հզորության էությունը մեզ տվել էր մեր նախնիների հզոր անցյալը: Այդ էությունը մեզ հարազատ էր, քանի որ բնության հոգու և մարդու հոգու սերտաճման արդյունքն էր: Բավական էր կտրվել նրանից և հետևանքները եղան ողբերգական: Ահավասիկ, «քրիստոնեությունը ստեղծվել է օտար վայրում, օտար միջավայրում, մեզ պարտադրվել է և մեր էության արտացոլումը լինել չի կարող: Հակառակը՝ ոչնչացրել է մեր հեթանոս անցյալը, կտրել մեզ մեր նախաստեղծ հոգևոր բարոյական կերպարից: Քրիստոնեությունը փոխել է մեր էությունը» [3, էջ 147]: Նոր էությունը խորթ էր հայի ոգուն, ահա թե ինչու նրա ոգին ու հոգին չսերտաճեցին, նրանց միջև չառաջացավ ներդաշնակություն, այլապես նման էութենական կատարելության դրսևորման պտուղներն էլ կլինեին կատարյալ, ոչ թե կործանարար:

«Եթե դարերի ընթացքում ունեցած ազդեցության և ներգործության հետևանքով հայի կերպարում, այնուամենայնիվ, բնութագրական է դարձել մեր եկեղեցու դավանած ու քարոզած քրիստոնեությունը, ապա դա հայի ոչ թե ճշմարիտ, այլ վերափոխված, վերասերված, սնող ակունքից կտրված կերպարն է» [3, էջ 147]: Դա տեղի է ունեցել ինչ-որ ժամանակ կատարված դավաճանության պատճառով, որն ուղղված էր ցեղային, ազգային արմատների դեմ, ուղղված էր այդ արմատներից չսնված ու դրանցից չաճած ճյուղի պատվաստմանը: Եվ քանի որ նոր ճյուղը հին արմատներից չէր աճել, դրանից հետո էլ հին արմատները փոխադարձաբար, որպես փոխհատուցում դավաճանեցին, չսնեցին նոր կյանքի ընձյուղներին: Նրանք չսերտաճեցին, չներդաշնակվեցին, այդպես էլ մնացին իրար խորթ ու օտար: Եվ ազգի ու երկրի դժբախտությունները շարան-շարան հաջորդեցին իրար: Իսկ Նժդեհի նշած ինքնաճանաչումի ձեռքբերումը կարող է երաշխիքը լինել արմատներին վերադարձի: «Մեր հոգևոր-բարոյական կերպարը, մեր ինքնությունը մաքուր պահելու համար պետք է վերադառնալ մեր ճշմարիտ ակունքներին, հայի կերպի, ոգու ճշմարիտ նկարագրին, մաքրել մեր արժեքային-մշակութային կերպարն օտար ազդեցություններից, շերտանստվածքներից» [3, էջ 149]:

Ինքնաճանաչումը, արմատների ճանաչումը բախտորոշ շրջադարձ գրանցեց: Դրա շնորհիվ դժբախտությունների շարանները սկսեցին փոխարինվել հաջողությունների լուսե փարոսներով, բախտի ձմեռից հետո ձեռքբերումների ձնծաղիկներով, լուսավոր ապագայի հույսով և հավատով, հայրենասիրական կյանքի սիրով: Դա նաև կարող է երաշխիքը լինել հայ ազգի առաքելության գիտակցման, ինքնագիտակցման լիարժեքության: «Հայ ազգի պատմական առաքելության ներքին խնդիրների մեջ կարևորագույնը հայի հոգևոր-բարոյական և արժեքային-մշակութային ինքնատիպությունը զանազան շերտանստվածքներից մաքրելն է (անաղարտ վիճակին վերադառնալը), պահպանելը, վերարտադրելը և զարգացնելը» [3, էջ 152]: Դրա համար կան բոլոր նախադրյալները: Արդի կրթական, գիտական, լուսավորական և մշակութային զարգացման պայմանները առավելություններ են ընձեռում հայ ազգին այդ տեսակետից, որովհետև մեծ հնարավորություններ են տալիս մաքրվելու, բարոյապես ու հոգեպես զտվելու, հայացվելու, ազգային կատարելությունը վերագտնելու համար:

Պատմության իմաստասիրության հետևությունները ցույց են տալիս, որ երբ հայ ազգը կատարյալ է եղել, ապա հաղթանակներ է տարել և բարգավաճել է, իսկ երբ անկատարացել է, ապա պարտություններ ու կորուստներ է ունեցել: Նաև որովհետև չի իմացել իր առաքելության մասին և չի կատարել այն: Պատմական առաքելության հայտնաբերման և նպատակադրման համար հարկավոր է սնվել պատմական արմատներից և խմել սեփական, հարազատ ակունքներից: Ազգի և նրա առաքելության վերամիավորման դեպքում է հնարավոր ճակատագրակերտման միջոցով բախտի աջակցությունը, արարքների ճշմարտության օժանդակությունը պատմական քառուղիներում, պատճառահետևանքային արարչագործությունը և հաջորդող ընթացքը դեպի իմաստության, սիրո, կատարելության և փառքի գագաթները:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Գրականություն

1. Թորոսյան Վահե Համլետի Հայ աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունները (XII դ. վերջ – XIV դ. սկիզբ).-Է.00.01 «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր.- Երևան – 2011, 27 էջ:

2. Գարեգին Նժդեհ, Հիշիր պատերազմը // Բ հրատարակություն:

3. Սարգսյան Ա. Որտե՞ղ որոնենք մեր ինքնությունը, և ո՞րն է հայ ժողովրդի առաքելությունը // Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի.- Երևան, 2015, 1 (37), էջ 140-154:

4. Վարդան Ջալոյան Ազգային պետականությունը և հայ առաքելական եկեղեցին.- https://www.religions.am/arm/articles .-18.10.2013:

5. Գևորգ Հովհաննիսյան «Հայոց տերերը».- https://armenology.bnaban.am.- 30.05.2013:

6. Գարեգին Նժդեհ, Հայու լավագույնը, Հատընտիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրաշալի նյութ, ոնց անենք, որ հայ գառները խելքի գան՞

  2. Արմեն says:

    Հարգելի հոդվածագիր, Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց տերերը» գրքի տտեղադրած հղումը (https://armenology.bnaban.am ) ներկայում չի գործում, գիրքը կարող եք ընթերցել, հետևայլ հղումով․․․
    https://bnaban.am/wp-content/uploads/2016/01/%D4%B3.%D5%80%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6.-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%8F%D5%A5%D6%80%D5%A5%D6%80%D5%A8-2.pdf

  3. Գեղամ says:

    Շնորհակալությո՜ւն, օգտակար հղում է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031