Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում կայացավ Երևանի մետրոպոլիտենի երեք նախկին աշխատակիցների գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել թե´ աշխատողները, թե´ Երևանի մետրոպոլիտենը:
Aravot.am-ի հետ զրույցում մետրոպոլիտենի աշխատակիցների ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանը նշեց, որ իրենք Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հետ համաձայն չեն աշխատանքում չվերականգնելու մասով, ինչպես նաև այն հիմքով, որ որպես ծայրահեղ միջոց աշխատանքում չվերականգնելու դեպքում որպես հատուցում հաշվարկվել է իրենց միջին աշխատավարձի հնգապատիկը, ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափը՝ տասներկուապատիկը: Այնուհետև ասաց. «Կա վերաքննիչ դատարանի նախադեպային որոշում, որով սահմանված է, որ նույնիսկ եթե այլ աշխատողներ են փոխարինում նրանց, դա հիմք չի հանդիսանում նրա համար, որ նրանք չվերականգնվեն»:
Երևանի մետրոպոլիտենն իր հերթին բողոքարկել է վճիռը այն հիմքով, որ դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել իրենց կողմից ներկայացված ապացույցները՝ աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը վստահեցրեց, որ իրենց բողոքը հիմնավոր է ու ասաց. «Դատական վերջնական ակտ կայացնելուց հետո հնարավոր է տանք արդեն պաշտոնական պարզաբանում ամբողջ հետևանքի մասին: Հիմա գործի շատ հանգամանքներից ելնելով` զերծ ենք մնում պարզաբանումներից»:
Մինչդեռ մետրոպոլիտենի` աշխատանքից ազատված աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ իրենց աշխատանքից ազատել են կուտակային համակարգին դեմ լինելու պատճառով:
Կարդացեք նաև
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին`ժամը 11.15-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ