Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված քննարկում, որի շրջանակներում խոսվեց, թե ինչ փուլում է գտնվում ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական կարգավորման հարցը:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը նախ ներկայացրեց, թե ինչու Է այս օրն ընտրվել որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր, հիշեցրեց, որ հինգ տարի առաջ այս օրը 19-ամյա Զարուհի Պետրոսյանը, որը մայր էր, երիտասարդ կինՙ, սպանվեց ամուսնու ձեռքով: Տիկին Պետրոսյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէր, որ կինը բռնության էր ենթարկվում ընտանիքում, բայց այն մեծ շրջանառություն գտավ լրատվամիջոցներում: Բանախոսն ասաց, որ այդ դեպքի շուրջը համախմբվեցին կանանց իրավունքների համար պայքարող հ/կ-ներ եւ որոշեցին Զարուհի Պետրոսյանի մահվան օրը դարձնել պայքարի օր:
Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը նշեց, որ 2013-2015 թվականներին գրանցվել է կանանց բռնության մասին ներկայացնող 5171 առաջնային զանգ՝ երեք կազմակերպությունների թեժ գծերին: Նա նշում է, որ դիմողների թիվը տարեցտարի ավելանում է, բայց դա կապված է նրա հետ, որ բարձրանում է նրանց իրավագիտակցությունը: «Համեմատած նախորդ տարիների՝ կանայք սկսել են իրենց իրավունքները պաշտպանել, իրենք ձգտում են իրենց իրավունքները իմանալ, ոնց որ մի քիչ իրավիճակը փոխվել է»,- ասում է նա:
Անդրադառնալով ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական կարգավորմանը՝ նա ասաց. « Վերջին քայլը, որ արել ենք, օրենքի 131 կոպիա տպեցինք եւ տվեցինք Ազգային ժողովի յուրաքանչյուր դեպուտատին՝ առանձին, որպեսզի նա իր սեղանին ունենա, եւ բանավեճերը չլինեն անհիմն: Ոչ մի արձագանք չունենք ոչ մի դեպուտատի կողմից: Հրավեր է եղել Հովհաննես Սահակյանի կողմից, պարզապես զրուցեցինք, ոչինչ չեղավ »:
Կարդացեք նաև
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ խնդիրը ազգային հատկանիշների մեջ տեսավ, ասաց, որ պայքարը պետք է լինի շատ նրբանկատ միջամտություններով, որ ընտանիքը չքանդվի. «Ես սա համարում եմ շատ նուրբ թեմա, մամուլում շատ կարդացել եմ, թե ինչպես է մի փոքր վեճի պատճառով կինը երեխաների հետ հայտնվել կացարանում: Կացարանում իր իրավունքներն այնպես են իրազեկել, որ երկար ժամանակ ընտանիքից դուրս է մնացել: Ես ինքս կին եմ եւ շատ կարեւորում եմ ընտանիքի պահպանությունը: Այսինքն՝ եթե մենք օրենքով ինչ-որ բան արձանագրում ենք, պարզապես խելամիտ միջամտության կարիք ունեն, եւ հեշտ է ընտանիքը նորից վերադարձնել իր հունին՚»:
Պատգամավորը նշեց, որ երկրի պատկան մարմինները այս հարցի շուրջ մտահոգություններ ունեն, մասնակցում են քննարկումներին, օրինակ՝ այժմ էլ Ստամբուլի կոնվենցիային միանալու բանակցություններ են վարում: Տիկին Աճեմյանն ասաց, որ այս ամենը տանում է նրան, որ օրինագիծը կսկսեն քննարկել:
Զարուհի Պետրոսյանն էլ դառնալով նրան՝ ասաց, որ իրենք պետք է աշխատեն փոխել հասարակության մեջ եղած կարծրատիպերը, թե տղամարդը կարող է ծեծել կնոջը, հիշեցրեց, որ վերջերս ոստիկանապետն է իր խոսքում՝ քննադատելով կանանց իրավունքների համար պայքարող հ/կ-ներին, ասել է, թե ինքն էլ է իր կնոջը մեկ-մեկ խփում, ինչ է լինում որ: «Մարդկանց մտածելակերպը չի փոխվում, դու՛ք ամենաառաջը պետք է ասեք, որ չի կարելի՚»,- ասաց նա:
Հետո նա նշեց, որ իրենց առաջարկած օրինագծի առավելությունն այն է, որ կանխարգելիչ նշանակություն է ունենալու, նորից դիմեց պատգամավորին՝ հարցնելով՝ արդյոք կմիանա խորհրդարանական քննարկումներում օրինագծի ընդունմանը:
Կարինե Աճեմյանին չհաջողվեց խոսքը փոխել, հարցազրուցավարը պահանջեց ուղիղ պատասխան. «Այո, պատրաստ եմ օգնել »,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի