Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազան Կճոյանն է տվել Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը. նոր բացահայտում՝ «օֆշորի գործով»

Հոկտեմբեր 01,2015 17:03

Այսօր վկաներից մեկը ուշագրավ բացահայտում արեց օֆշորի գործով: Նա վստահեցրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է սրբազան Կճոյանը:

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) շարունակվեց «օֆշորի գործով» քննությունը:

Դատարանում ցուցմունք տվեց Աշոտ Սուքիասյանի գործընկեր, ԱՄՆ քաղաքացի Արփի Բալյանը: Նա ասաց, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոս է աշխատում: Մինչ ցուցմունք տալը՝ դատավորը հիշեցրեց, որ կեղծ վկայություն տալու դեպքում պատիժ է սահմանվում ու կատակեց. «Ձեր մոտ՝ Ամերիկայում սուրբ գրքի վրա են երդվում, մեզ մոտ օրենսգիրքն են հիշեցնում»:

Նա ասաց, որ ամբաստանյալի՝ Աշոտ Սուքիասյանի հետ ծանոթներ են եղել, թշնամություն, բարեկամական կապ չունեն, միայն գործնական հարաբերություններ են եղել:

Նա պատմեց, որ Աշոտ Սուքիասյանը 12 մլն դոլարի վարկ է ուզեցել վերցնել Ամերիաբանկից՝ իր հանքերի բիզնեսի համար նոր տեխնիկա գնելու, ինքն էլ օգնել է, որովհետեւ անգլերեն է իմացել: Դատավորը հետաքրքրվեց՝ բիզնես ծրագրին տեղյա՞կ է եղել: Արփի Բալյանը վստահեցրեց, որ ոչ, տեղյակ չի ո՛չ հումքի քանակից, ոչ արժեքից, ադամանդներից էլ խաբար չի: Նա դատավորին ցուցադրեց իր ձեռքերը՝ «Տեսնո՞ւմ եք, ադամանդե մատանի էլ չունեմ, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում:

Ofshor_Suqiasyan_4 Ofshor_Suqiasyan_3 Ofshor_Suqiasyan_2 Ofshor_Suqiasyan_1 Ofshor_Suqiasyan_5

Ըստ վկայի, ինքը Աշոտ Սուքիասյանին օգնել է անվճար, նրա խնդրանքով հետը գնացել է Կիպրոս, որ օֆշորային ընկերություն բացեն, դարձյալ՝ անվճար, որովհետեւ, նրա խոսքերով՝ իր նպատակը երկրի զարգացմանը օգնելն է եղել. «Ես ոչ մի շահ չունեմ, պարզապես օգնություն եմ տվել անվճար, որովհետեւ վերջին 10 տարին եկել եմ հայրենիք՝ օգնելու: Աշոտ Սուքիասյանին էլ ընկալում էի՝ որպես լավ քրիստոնյա, Կճոյանի հետ մոտ, որը ավետարանով քնում է ավետարանով արթնանում: Ինչպե՞ս կարող էի չվստահել նման մարդու»: Դատավորը կատակեց. «Բայց որ մի քիչ հարստանար, ձեզ էլ կվճարեր չէ՞ երեւի»: Վկան էլ հակադարձեց, թե վճարի պետք բնավ չուներ:

Նա պատմեց, որ իր վստահությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կորել է Կիպրոսում, երբ օֆշորային կազմակերպությունը գրանցելիս հասկացել է, որ ոչ թե 1, այլ մի քանի կազմակերպություն է գրանցվում ու դրանց բաժնետերերի մեջ են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը: Նրա պատմելով՝ արդեն Կիպրոսից Հայաստան գալիս այնպես է վիճել Աշոտ Սուքիասյանի հետ, որ առանձին իր միջոցներով է գնացել իր տուն, որովհետև երբ Կիպրոսում ասել է, որ փաստաթղթում մի բան այն չէ, իր ասածները չեն լսել, ինքը, որպես մասնագետ, վիրավորվել է. «Ես, որպես ԱՄՆ քաղաքացի, ափսոսում եմ, որ իրեն ճանաչել եւ օգնել եմ»: Դատավորը հարցրեց, եթե ափսոսում եք, ուրեմն բավականին լցված եք, ի՞նչ է եղել, ձեր արժանիքները չեն գնահատել, դրա՞ համար եք այդպես վիրավորվել: Արփի Բալյանը պատասխանեց, որ հասկացել է՝ այնտեղ քրիստոնյա մարդ չկա ու հիասթափվել է:

Ofshor_Paylak_4 Ofshor_8 Ofshor_6 Ofshor_9 Ofshor_3 Ofshor_5

Ավելի ուշ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը սկսեց հարցաքննել, հարցրեց՝ ձեզ հայտնի՞ էր՝ ովքե՞ր են այդ օֆշորային կազմակերպության հիմնադիր անդամները: Նա պատասխանեց, որ կային Աշոտ Սուքիասյանը, սրբազան Կճոյանը եւ Տիգրան Սարգսյանը:՚ Հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդացի, Աշոտին հարցրեցի՝ ինքը տեղյա՞կ է: Աշոտ Սուքիասյան ասեց՝է ոչ»:

Հարցին՝ ինչո՞ւ զարմացաք հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդալով եւ ոչ Կճոյանի՝ վկան պատասխանեց, որ սրբազան Կճոյանի անունը զարմանալի չէր, որովհետեւ նա ամբողջ օրը Աշոտ Սուքիասյանի հետ էր եւ կարող էր նա լինել: Արփի Բալյանն ասաց, որ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենն անձամբ է տեսել՝ օֆշորային ընկերությունը գրանցելիս: Երբ հարցրել է, թե ո՞վ է տվել վարչապետի անձնագրի պատճեն, պարզվել է, որ սրբազան Կճոյանն է տվել Աշոտ Սուքիասյանին: Թե ինչ նպատակով էր դա արել, վկան պատասխանեց, որ «այդ կետից անդին ինձ այնքան էլ չէր հետաքրքրում որեւէ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Վայ հորս արեւ ձեր գրածից թե բան հասկացա… ոչինչ չհասկացա:

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Քանի որ սա հայտնի գործ է, ես նախապատմությունը չեմ գրել, միայն այն դրվագն եմ նկարագրել, որն այսօր դատական նիստում տեսա՝ 1 վկայի հարցաքննությունը: Այս վկայի ցուցմունքը կարեւոր էր այն առումով, որ անձամբ տեսել էր Տիգրան Սարգսյանի եւ սրբազան Նավասարդ Կճոյանի անձնագրի պատճենը եւ պարզել էր, որ Նավասարդ Կճոյանն է Տիգրան Սարգսյանից վերցրել այն ու տվել օֆշորի գործով ամբաստանյալ, փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանին: Սա վկայում է այն մասին, որ նախկին վարչապետն ու սրբազանը ներգրավված են օֆշորի գործում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031